Կթվայնացվեն Ազգային արխիվում պահվող ձայնագրությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 9, 2010 11:27

Հայաստանի Ազգային արխիվը նախատեսում է սկսել արխիվացված ձայնագրությունների թվայնացումը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, արխիվում պահպանվում են հսկայական նյութեր, եւ հնարավոր չէ կոնկրետ ժամկետներ նշել աշխատանքների ավարտի հետ կապված, սակայն իրենք նախատեսել են 2015թ-ին ավարտել թվայնացման գործընթացը: Թվայնացման առաջնահերթությունը տրվել է ֆիլմերին եւ նկարներին, քանի որ ամենաքիչը ձայնագրություններն են օգտագործվում, սակայն դրանք նույնպես մեծ արժեք են ներկայացնում:

Թվայնացված ձայնագրությունները կտեղադրվեն ինտերնետ համացանցում: Հայաստանի ազգային արխիվում պահվում են 17 հազար 936 ձայնագրություններ, որոնք հայկական ռադիոյինն են` սկսած 1943թ-ից, եւ ձայնասկավառակներով երաժշտություն: «Այժմ, թվայնացման գործընթացին զուգահեռ, ստեղծվում է նաեւ ինֆորմացիոն բազա, որտեղ զետեղվում է ձայնագրությունների մասին համակողմանի տեղեկություն»,- ասաց Ա. Վիրաբյանը ` նշելով, որ ձայնագրություններն արխիվի աշխատակիցները լսում են հին սարքավորումների` գրամմոֆոնի միջոցով, եւ ձայնը հաղորդվում է համակարգչին:

Դիտվել է 1566 անգամ:
Print Friendly

Leave a Reply