«Արի տուն» ծրագրի շուրջ 90 մասնակիցները դարձան նույնքան դեսպաններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 9, 2010 10:07

Ավարտվեց ՀՀ սփյուռքի նախարարության 2010թ.«Արի տուն»  ծրագրի առաջին փուլը:

Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն` ԱՄՆ-ից, Կանադայից, Եգիպտոսից, Լիբանանից, Լատվիայից, Վրաստանից եւ Ռուսաստանից Հայրենիք եկած մասնակիցները ծրագրի վերջին օրն այցելեցին Գառնի, Գեղարդ, որից հետո նրանց սպասում էր կապուտաչյա Սեւանը:

Իրիկնամուտի արեւի ճառագայթներից փիրուզագույն դարձած Սեւանը սպասում էր աշխարհի տարբեր ծայրերում հանգրվանած շուրջ 90 հայ պարմանիներին եւ պարմանուհիներին:

«Սուրբ Կարապետ»  եկեղեցում մոմ վառելուց եւ Սեւանի ափով զբոսնելուց հետո արիտունցիները պատրաստեցին միասնության շուրջպարի խարույկը, համախմբվեցին եւ սպասում էին` դիմավորելու ՀՀ կառավարության եւ Ազգային ժողովի ներկայացուցիչներին:

Ջերմորեն ողջունելով ներկաներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Արի տուն»  ծրագրի մասնակցության հավաստագրեր հանձնեց մասնակիցներին եւ շնորհակալագրեր` բոլոր հյուրընկալող ընտանիքներին, որոնք եւս եկել էին մասնակցելու հանդիսավոր երեկույթին:

«Սիրելի պատանիներ եւ աղջիկներ, ավարտվեց ծրագիրը եւ ձեզանից յուրաքանչյուրը կրկին վերադառնում է իր երկիրը, իր համայնքը: Հենց այդ պահից սկսվում է Ձեր հիմնական անելիքը: Դուք պետք է լինեք Ձեր Հայաստան-Հայրենիքի փոքրիկ դեսպանները եւ Ձեր հայրենի մշակույթի պահապաններն ու ջատագովը այդ երկրներում: Հավատացած եմ, որ ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած 14-օրյա ինտերակտիվ հանգիստը նոր աշխարհայացք եւ ազգային ինքնության գիտակցության բերեց Ձեզ», – ընդգծեց նախարար Հակոբյանը:

Մասնակիցներին ողջունելու եւ բարի երթ մաղթելու էին եկել նաեւ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանն ուժեղ է իր Սփյուռքով եւ անչափ կարեւորեց «Արի տուն»  ծրագրի նշանակությունը: Նա կոչ արեց ԱԺ բոլոր պատգամավորներին` իրենց հարկի տակ հյուրընկալելու ապագա  «Արի տուն» ծրագրի մասնակիցներին: Կոչն արդեն իսկ իրականություն է դարձրել ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

Սեւանի թերակղզին հուլիսի 7-ի երեկոյան յուրահատուկ էր ուրախությամբ եւ թախիծով:

Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի տուն» ծրագրի առաջին փուլի մասնակիցները հրաժեշտ էին տալիս միմյանց ու ամփոփում տասնչորս օրերի հարուստ հիշողությունները: Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանն առաջին անգամ լինելով ծրագրի մասնակիցն ու հյուրը, նշեց. «Ձեր սիրտն այսուհետ կմնա Հայաստանում, եւ դուք միշտ «ստիպված»  կլինեք վերադառնալ Հայրենիք»:

Հրաժեշտի երեկոն նշանավորվեց հատուկ արիտունցիների համար գրված երգի` ծրագրի հիմնի շնորհանդեսով: Երգի հեղինակը սիրված երգչուհի Լեյլա Սարիբեկյանն է, ով մասնակիցների կողքին է դեռեւս անցյալ տարվանից: Հենց 2009-ի հանդիպումն էլ դարձել է ոգեշնչման առիթ ստեղծագործող երգչուհու համար, ով այս ծրագիրն անվանում է անչափ կարեւոր հայրենասիրական նախաձեռնություն:

Օրվա ավարտին Հայրենիք եկած փոքրիկ հայերը` հրաժեշտ էին տալիս միմյանց արցունքն աչքերին եւ միեւնույն ժամանակ այլեւս մեծ առաքելություն որդեգրած անհատի համոզմունքով:

Դիտվել է 2023 անգամ:
Print Friendly

Leave a Reply