Երևանի կենտրոն վարչական շրջանը և Գլենդելը դարձան գործընկերներ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 9, 2010 9:50

Երևանի քաղաքապետարանում Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 8-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը և Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը ստորագրեցին փոխհամագործակցության մասին համաձայնագիր:

Ըստ համաձայնագրի` Երևանի Կենտրոն վարչական շրջանի և Գլենդելի միջև կհաստատվեն տնտեսական, զբոսաշրջային, մշակութային և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության ծրագրեր, կողմերի միջև կապահովվի մշտական կապ, ինչն էլ կխթանի փոխայցելությունների զարգացումը:

«Շատ ուրախ եմ, որ այս պայմանագիրը ստորագրեցինք: Կուզեմ ավելի ամուր ու ջերմ կապեր հաստատվեն մեր միջև: Բնակչության թվով էլ գրեթե հավասար ենք»,- ասաց Գլենդելի քաղաքապետն ու ավելացրեց, որ շատ բան կուզեր իր հետ տանել Երևանից և առաջին հերթին` մեր մայրաքաղաքի ջերմ մթնոլորտը:

«Այն ուրախ կյանքը, որ ես տեսնում եմ Երևանում, որ գիշերը ժամը 2-3-ին բնակիչները` մեծ ու փոքր, ծեր և երիտասարդ դեռ շրջում են քաղաքում, ուրախ, անվախ, հիանում եմ: Հենց այս ջերմությունն է, որ ես կցանկայի տեսնել Գլենդելում: Մենք ամեն տարի միլիոնավոր դոլարներ ենք ծախսում քաղաքի համար, բայց այս բացը չենք կարողանում լրացնել»,– ասաց Արա Նաջարյանը:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը նշեց, որ համագործակցությունը միայն համաձայնագրում նշված ոլորտներով չի սահմանափակվի: Առաջիկայում այն ավելի լայն շրջանակներ կընդգրկի:

«Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստորագրվեց շատ կարևոր պայմանագիր Կենտրոնի և Գլենդելի միջև: Դա սկիզբն է այն բոլոր բարի ցանկությունների ու աշխատանքի, որ մենք կիրականացնենք: Փոխադարձ կապերի առումով էլ շատ բան ունենք սովորելու միմյանցից: Վստահ եմ, որ համագործակցության  այս համաձայնագիրը կծառայի մեր մայրաքաղաքի բնակչությանը», նշեց Գագիկ Գյանջումյանը:

Կողմերը նաև վստահություն հայտնեցին, որ կնքված պայմանագրի արդյունքում Գլենդելի և Երևանի միջև համագործակցությունը նոր որակ կստանա:

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply