Վարչապետն ընդունել է «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 8, 2010 17:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է «Ոսկե ծիրան» 7-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանին, գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանին և ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` փառատոնի կազմակերպիչները նշել են, որ տարեցտարի «Ոսկե ծիրանը» ընդլայնում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող ֆիլմերը, շարունակաբար աճում է փառատոնի հեղինակությունը։ Արդյունքում` «Ոսկե ծիրանն» աշխարհում դառնում է առավել ճանաչելի։ Այս տարի փառատոնը մեկ հարկի տակ է միավորելու հարյուրավոր կինոգործիչների` Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից։ Փառատոնի կազմակերպիչները նշել են, որ 7-րդ «Ոսկե ծիրանը» անցնելու է հայկական կինոյի շեշտադրությամբ։ Կազմակերպիչները վարչապետին հրավիրել են ներկա գտնվելու միջոցառումներին։
Կարևորելով փառատոնի անցկացումը` Հայաստանի Հանրապետության վարչապետը անդրադարձել է հայկական կինոյի հիմնախնդիրներին, առանձնակի կարևորել է կինոյի զարգացման հայեցակարգի վերաբերյալ աշխատանքը, որը պետք է մեկտեղի համաշխարհային լավագույն փորձը ու հնարավորություն տա կինոարվեստի ոլորտում առաջընթաց ապահովել։ Անդրադարձ է եղել նաև աշխարհի հայազգի կինոգործիչների ներուժը միավորելու գաղափարին, ինչպես նաև կինոարվետի զարգացմանն ու տարածմանը վերաբերող հարցերի։

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply