Այսօր Վարդավառի տոնն է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | July 11, 2010 9:00

Այսօր Հայաստանում նշում են Վարդավառը:

Ըստ եկեղեցական տոնացույցի` այսօր Քրիստոսի պայծառակերպության տոնն է, որ ըստ ավանդության տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա. Սա եկեղեցական 5 տաղավար տոներից մեկն է:  Այս տոնը Հայաստանի մի շարք բնակավայրերում նշվում է մեծ շուքով. սա ընտանեկան տոն է:  Սակայն նաև այն բնակավայրերում, որտեղ Վարդավառը հատուկ չի նշվում, պահպանած է ջրցանության սովորույթը, որը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից:

Ավանդությունն ասում է, որ ստորգետնյա Աստվածը մարդկանցից գողանում է սիրո Աստծուն` Աստղիկին: Սիրո փոխարեն մարդկանց հոգիներում ատելություն է հաստատվում:

Երբ Վահագնն ազատում է Աստղիկին, նա շրջում է աշխարհում ու բոլորին վարդեր բաժանում, օծում վարդաջրով, որ նորից սերը հաստատվի նրանց հոգիներում: Իսկ վարդերը կարմիր են, քանի որ ըստ ավանդության, երբ Աստղիկն, իր վիրավոր սիրեցյալի մոտ ոտաբոբիկ վազելիս տրորում է վարդենում փշերը, նրա արյունոտած ոտքերից վարդերը կարմրում են, և առաջանում է սիրո ծաղիկը` կարմիր վարդը: Հեթանոսական տոնի առաջացումը և խորհուրդ այսպես է բացատրում:

Իսկ ըստ եկեղեցու` տոնը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և միմյանց վրա ջուր ցանելու ավանդույթը կապված է Նոյ նահապետի հետ: Ըստ այդմ`երբ Նոյյան տապանը հանգրվանում է Արարատի լանջերին, և Նոյն իր գերդաստանով իջնում է տապանից, նա ավանդում է իր որդիներին ամեն տարի միմյանց վրա ջուր ցանել` ի հիշատակ մեծ ջրհեղեղի:

Որոշ լեզվաբաններ նշում են, որ վարդավառ բառը կազմված է հին պարսկերեն «վարդ»` ջուր և «վառ»` ցանել բառերից, այդ պատճառով էլ օրվա հիմնական խորհուրդը ջրցանությունն է: Ըստ մեկ այլ կարծիքի` վարդավառ նշանակում է «հրավառ» կամ «կրակավառ». հուլիսը տարվա ամենաշոգ եղանակն է, և մարդիկ, միմյանց վրա ջուր ցանելով, հեթանոս աստվածներից ջուր են խնդրել:

Դիտվել է 3226 անգամ:
Print Friendly

Leave a Reply