Ադրբեջանի պաշտպանության ոլորտի վիճակը. զինվորական ծառայությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | July 13, 2010 13:10

Նյութի առաջին մասը տես այստեղ

Ադրբեջանում բոլոր 18-35 տարեկան տղաները պարտավոր են անցնելու զինծառայության` համաձայն 1992 թ. նոյեմբերի 3-ին ընդունված «Զինվորական ծառայության մասին» օրենքի (հոդված 3): Բարձրագույն կրթություն ստացած անձանց համար զինծառայությունը նախատեսված է 12 ամիս, իսկ նրանց համար, ովքեր ունեն միջնակարգ կրթություն` 18 ամիս (նույն օրենքը` հոդված 15): Տղաները սովորաբար 16 տարեկանում բուժզննում են անցնում, որից հետո` 18 տարեկան հասակում նրանք զորակոչվում են:

Զորակոչ տեղի է ունենում տարին 4 անգամ: Ամեն տարի մոտ 80 հազար ադրբեջանցի երիտասարդ հասնում է զորակոչային տարիքի: «Զինված ուժերի մասին» օրենքի համաձայն` պատերազմի ժամանակ մինչև 50 տարեկան տղամարդիկ պահուստային պարտավորություններ ունեն. խաղաղ ժամանակ տղամարդիկ ազատված են պահուստային պարտականություններից:

Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պատճառով ադրբեջանական բանակում այլընտրանքային զինվորական ծառայության սահմանադրական իրավունք չի գործում: Մինչդեռ անդամակցելով Եվրոպայի խորհրդին ու ստորագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան` Ադրբեջանը պարտավորվել էր իրականացնել այլընտրանքային զինծառայության իրավունքը, ինչը մինչ օրս չի արել: (Նախագահ Էլչիբեյի կողմից 1992 թ. ստորագրված «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը տեխնիկապես դեռևս ուժի մեջ է համարվում, բայց այն չի գործում:)

Ադրբեջանցի զինվորների քաղաքացիական իրավունքները սահմանվում են 1991 թ. դեկտեմբերի 25-ին ընդունված «Զինծառայողների մասին» օրենքով, համաձայն որի` զինծառայության մեջ գտնվող անձը կարող է քվեարկել և անցնել պաշտոնների. արգելված է զբաղվել բիզնեսով, պատկանել քաղաքական կուսակցության կամ մասնագիտական միավորումի (հոդված` 6,23):

Խաղաղ ժամանակ զինվորական ծառայությունից խուսափելը քրեական օրենսգրքի 321-րդ հոդվածով մինչև դատապարտվում է 2 տարվա ազատազրկման: Խաղաղ ժամանակ դասալքությունը 334-րդ հոդվածով դատապարտվում է 3-7 տարվա ազատազրկման: Առաջին անգամ օրինազանցները նաև կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից: Պատերազմի ժամանակ նշված օրինազանցություները ենթարկվում  են խստագույն պատիժների:

Զինծառայությունից խուսափելն Ադրբեջանում լայն տարածում ունի. բանակն ադրբեջանական հանրության շրջանակներում հայտնի է սոսկալի պայմաններով ու մարդու տարրական իրավունքների  ոտնահարումներով: 2002  թ. պաշտոնական տվյալներով` միայն 1994 թ. ի վեր ավելի քան 5 հազար զինվոր է մահացել ֆիզիկական ու հոգեբանական ճնշամիջոցների, պատահարների, հիվանդությունների ու թերսնման պատճառով:

Սովետական ժամանակներից մնացած «դեդովշչինա» երևույթը կատարյալ ձևով գործում է ադրբեջանական բանակի բոլոր զորամասերում. դրա հետևանքով ամեն ամիս տասնյակ սպանության, ինքնասպանության դեպքեր են գրանցվում, ընկած է ադրբեջանական զինուժի մարտական ոգին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ պահպանվող ռազմական իրավիճակում ադրբեջանական բանակը, փաստորեն, ավելի շատ զոհեր է տալիս իր ներսում, քան սահմանախախտումների կամ շփան գծում մարտական գործողությունների ժամանակ:

Ոչ մի հրամանատար չի դատապարտվում զորամասում տեղի ունեցած սպանդի դեպքերի համար: Սպանության դեպքերը մնում են առեղծվածային կամ  վերագրվում են հայկական դիպուկահարներին:

Զինծառայությունից խուսափողների ու դասալքման համար դատապարտվողների հետապնդման ու բանտարկության վերաբերյալ մանրամասն տվյալներ չափազանց դժվար է գտնել: Հասանելի տվյալներն, այնուամենայնիվ, ցույց են տալիս հետապնդման դեպքերի հաճախակիությունը:

Ըստ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների  հարցերով գլխավոր հանձնակատարի` Ադրբեջանում զինծառայությունից խուսափողներն ու դասալիքները հազվադեպ են ենթարկվում հետապնդման, իսկ դատական ընթացակարգերը հաճախ կախված են լինում հրամանատարների անձնական ցանկություններից:

Ինչպես շատ ավտորիտար կամ կիսաավոտրիտար երկրներում, այնպես էլ Ադրբեջանում անձի գործոնը գերակայում է քաղաքական կամ իրավական որոշումների ընդունման գործընթացներում:

Չնայած ադրբեջանական բանակում տիրող ռազմական ավտորիտարիզմին և հրամանատարական հեղինակությունների բազմությանը, ադրբեջանական իշխանությունները միշտ հայտարարում են, որ իրենց սպաները, հրամանատարական կազմը պարբերաբար բազմաբնագավառ վերապատրաստում  են անցնում:

Ադրբեջանցի զինվորները կրթությունը ստանում են Թուրքիայի զինվորականներից` համաձայն Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված մի շարք պայմանագրերի: (Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում և ուժային կառույցների շրջանակներում բարձր պաշտոններ զբաղեցնող ադրբեջանցիները հաճախ ատելությամբ են վերաբերվում սեփական բանակում թուրք բարձրաստիճան զինվորականների իրավունքների մեծացման փաստին, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ռազմական ղեկավարության համակարգում խմբավորումների առաջացմանը):

Ադրբեջանում ռազմական 5 դպրոց կա, որտեղ ադրբեջանցի զինվորները կարող են կրթություն ստանալ: Դրանք հիմնականում տեղակայված են Բաքվում. Ջամշիդ Նախչիվանսկու անվան ռազմական լիցեյը, Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցը (Բաքվում և Նախիջևանում), Բարձրագույն ռազմական ավիացիայի դպրոցը, Բարձրագույն ռազմածովային դպրոցը, Ռազմական ակադեմիան և Ռազմական վերապատրաստման կենտրոնը` պաշտպանության նախարարության ներքո: Այս դպրոցներում 1997 թվականից սկսել են կիրառել ՆԱՏՕ-ի ուսուցողական մեթոդները. ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան կրթություն ստացած ադրբեջանական սպաների առաջին սերունդը ծառայության է անցել 2001 թվականից:

Սակայն ՆԱՏՕ-ի հետ երկարատև համագործակցությունը չօգնեց Ադրբեջանին` բարելավելու սեփական պաշտպանության ոլորտի անմխիթար վիճակը: Ավելին` ադրբեջանական բանակում ՆԱՏՕ-ի ու սովետական չափորոշիչների միաժամանակյա կիրառումը համակարգային լարվածության պատճառ է դառնում, էապես նվազեցնում զինվորական ծառայության արդյունավետությունը և դանդաղեցնում ադրբեջանական բանակի բարեփոխումների ընթացքը: Չափորոշիչների անհամատեղելիության հետևանքով ադրբեջանական բանակում նույնականացման (իդենտիֆիկացիայի) ճգնաժամ կա:

Ադրբեջանական բանակում սպաների աշխատավարձերը հաճախ չեն վճարվում. տարեկան հարյուրավոր դատական նիստեր են հրավիրվում Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից աշխատավարձերի չվճարման կապակցությամբ: Թեև դատական նիստերը հաճախ  հօգուտ սպաների են որոշում, բայց նախարարությունը չի կատարում դատական որոշումներով ընդունված պահանջները: Արձանագրվում են արձակուրդի իրավունքի ոտնահարման կամ խախտման տարեկան հարյուրավոր դեպքեր: Ծառայությունն ավարտած սպաներին տարիներով կարող են չթողնել վերադառնալ քաղաքացիական կյանք:

Ադրբեջանական օրենսդրության համաձայն` սպան 10 տարի ծառայությունից հետո իրավունք ունի հրաժարվելու ծառայությունից, բայց շատերին թույլ չեն տալիս. նրանց կա՛մ սպառնում են աստիճանազրկմամբ, կա՛մ այլ միջոցներով, այդ թվում ադրբեջանական բանակում ավանդույթ դարձած պայմանագրային աշխատավարձերի չվճարմամբ:

Սահմանի վրա ծառայելը համարվում է պատիժ. Ադրբեջանի պաշտպանության այս ենթակառույցում անհամամասնական կառավարում է իրականացվում: Սպաներ կան, որ տարիներ շարունակ սահմանի վրա են ծառայում, բայց կան նաև սպաներ, որոնք  ընդհանրապես չեն եղել սահմանային գծում:

Ադրբեջանի պաշտպանության ոլորտում  ծաղկում է կաշառակերությունը. շատերը կաշառք են տալիս սահման չգնալու և ներքին զորքերում ծառայելու համար: Իսկ ով կաշառք չի վճարում, երկար տարիներ մնում է սահմանում: Իսկ սահմանային գծի ծառայողներին զրկելով արձակուրդից կամ մերժելով ծառայությունից հրաժարվելու իրավունքը` ադրբեջանական իշխանությունները չգիտակցված ձևով խաթարում են այդ անձանց սոցիալական-ընտանեկան կյանքը. սրա հետևանքով կրկին անկում է ապրում մարտական ոգին:

Սպաների, հրամանատարների կաշառակերության մեղադրանքով դատվածության դեպքեր հազվադեպ են գրանցվում:

Վերապատրաստում անցած ադրբեջանական սպաներն ու հրամկազմը նաև շահագործում են զինվորականությանը: Տուն զանգահարելու համար ադրբեջանցի զինվորները հրամանատարներից  հեռախոսներ են գնում կամ վարձակալում, որի գինը ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում ձրի աշխատանքն է:

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանն իրավունք չունի այցելելու զորամաս, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին, քանի որ դրա համար պարտադիր պահանջվում է պաշտպանության նախարարի թույլտվությունը: Իսկ պաշտպանության նախարարը  Սաֆար Աբիևն է, որը ավտորիտարիզմի սկզբունքով 1995 թվականից ղեկավարում է ադրբեջանական բանակը:

Դիտվել է 2483 անգամ:
Print Friendly

Leave a Reply