Պալատական լուսանկարիչները

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | August 9, 2010 9:00

Հայկական Տիգրանակերտից (Դիարբեքիր, Թուրքիա) սերած Բոյաջյանների տոհմի ներկայացուցիչները 70 տարի շարունակ

համարվել են Հաբեշստանի միապետների՝  նեգուսների պալատական լուսանկարիչները: Բեդրոյի, Հայկազի ու Թոնիի

լուսանկարչական ապարատների օբյեկտիվները  հավերժացրել են Սողոմոն թագավորի ժառանգներից  վերջին երեք կայսրերի

թե՛ վերելքները և թե՛ պարտությունները:

Լույսի բռնկում: Չնայած  լուսանկարչությունը 1839 թ. աշխարհում արդեն լայն տարածում ուներ, Եթովպիա հասավ միայն 1867-ի հոկտեմբերին, երբ արևելյան Աֆրիկայի ափերին մոտեցավ բրիտանական արշավախումբը՝ սըր Ռոբերտ Նապյեի գլխավորությամբ: Արշավախմբի լուսանկարիչների արած բացառիկ կադրերի նեգատիվներն այսօր էլ պահվում են  Եթովպիայի հետազոտությունների ինստիտուտում և Ադիս Աբեբայում գտնվող բրիտանական  դեսպանատանը: Այդ իրադարձություններից մեկ տարի անց  հայտնվեցին հաբեշական բարձրաստիճան պաշտոնյաների՝ Տիգրայի շրջանի իշխանների, ապագա իշխան Յոհաննես IV-ի լուսանկարները: Նրան հաջորդած Մենելիք II-ը, որ  շատ էր սիրում լուսանկարվել,  նույնիսկ կարգադրեց շրջանառության մեջ մտցնել թղթե փողեր` իր դագերոտիպ պատկերով:

Հայտածում. Մենելիք II-ը Բոյաջյան ընտանիքից առաջինը Բեդրոյին առաջարկեց պալատական լուսանկարչի պաշտոնը: Նեգուսին դուր էին եկել  1905 թ. Եգիպտոսի հայկական եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս  Չլղադյանի  Հաբեշստան պաշտոնական այցի ժամանակ արված լուսանկարները (սբ հայրը Բեդրոյին պատվիրել էր իր այցելության «ֆոտոռեպորտաժը»): Երիտասարդն ընդունեց Եթովպիայի կառավարչի առաջարկը և շուտով` 1906 թ. բնակություն հաստատեց Հաբեշստանի՝ Եթովպիայի  նոր մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Նա պաշտոնապես համարվում էր Եթովպիայի կայսեր անձնական լուսանկարիչը: Նրա «աշխատանքային գրքույկում»` մասնագիտական քարտում հայտնվեց «Բեդրո Բոյաջյան. թագավորական պալատի լուսանկարիչ» գրառումը:

Լուսավորում: Բոյաջյանների ընտանեկան ձեռնարկության խորհրդանիշը դարձավ  Սողոմոնի կնիքը՝ Դավիթի վեցանկյուն աստղը, որը նաև հաբեշական իշխանների խորհրդանիշն  էր: Բանն այն է, որ եթովպիական  առակներում հաբեշական միապետների  նախահայրը համարվում է Սողոմոն թագավորը: Մենելիքը նույնիսկ իր անվանն ավելացրեց II կարգաթիվը՝ հարգանքի տուրք մատուցելով  այն առասպելին, որի համաձայն`  առաջին  Մենելիքը աստվածաշնչյան Սողոմոնի որդին էր:

Խցիկը: Բոյաջյանների ֆոտոարտելը դադար չուներ այցելուներից: Պալատական լուսանկարիչն առաջինն էր իր տեսակի մեջ Եթովպիայում: Մենելիք II-ի ժամանակ լուսանկար ունենալը հեղինակություն էր համարվում, իսկ պալատական լուսանկարչի արած լուսանկարն արդեն արտոնյալ խավի հավաստագիր էր: 25×30 չափի լուսանկարն արժեր 16 բիր՝ այսօրվա  փոխարժեքով՝ ավելի  քան 10$` այն ժամանակվա համար հսկայական գումար:

Աղմուկ. 1913 թ.` կայսր Մենելիքի մահից հետո, գահ բարձրացավ նրա 17-ամյա թոռը, ում օրոք եթովպիացիների լուսանկարվելու սովորույթն իսկական կրքի էր վերածվել: Բեդրոն այն եզակի պալատականներից էր, որոնց թույլատրված էր պատանի կայսերն ուղեկցել բոլոր ուղևորությունների ժամանակ: Նեգուսի հետ մտերմությունը Բեդրոյին հնարավորություն տվեց ներքին կարգով լուծելու Եթովպիայում ապրող հայերի շատուշատ խնդիրներ, ովքեր նրան ընտրել էին հայ  համայնքի ղեկավար:

Նեգատիվ: Նոր կայսրը, իշխանության գլուխ անցնելով, իրեն հռչակեց Մուհամմեդ մարգարեի հետնորդ: Սակայն իսլամ ընդունած ղեկավարին, որ նաև հայտարարել էր, որ այդուհետ Եթովպիան գտնվում է Օսմանական կայսրության հոգևոր իշխանության ներքո, գահընկեց արեցին 1916 թ., որից հետո Բեդրոյին պալատից հեռացրին: Սկսվեցին դժվարին ժամանակները: Բեդրոն մի քանի անգամ նամակով դիմեց  Զաուդիտ թագուհուն` կայսեր մորաքրոջը` բողոքելով այն  հաճախորդներից, ովքեր մեծ պարտքեր ունեին: Միայն ժամանակավոր կառավարիչը, որ  հետո կայսր հռչակվեց,  լուսանկարչին պարտք էր 700 բիր: Բեդրոն, չդիմանալով սնանկացմանը, շուտով վախճանվեց: Մեկ տարի անց պալատական լուսանկարչի պաշտոնում արդեն նրա որդի Հայկազն էր:

Վերալիցքավորման ժամանակը

Այս անգամ պալատական լուսանկարչի Բոյաջյան ազգանվանը կցվեց «ռաս»  տիտղոսը, որը նշանակում էր՝ իշխան: Հայկազին չհաջողվեց պահպանել  այն բոլոր արտոնությունները (մասնավորապես` հարկերից ազատումը), որոնք գործում էին հոր կենդանության օրոք: 1930 թ. կայացավ ռաս Տեֆերիի թագադրումը, իսկ 1931-ին Եթովպիայի պատմության մեջ առաջին անգամ ընդունվեց սահմանադրություն, որը հաստատում էր կայսեր բացարձակ իշխանությունը: 1935-ին  իտալացիները օկուպացրին Եթովպիան, և կայսրը փախավ երկրից, իսկ պալատական լուսանկարչին մնում էր սահմանափակվել սովորական հաճախորդներով:

Ֆոկուս: Հայկազն ընդլայնեց ընտանեկան ձեռնարկության ոլորտը և Պյացցա առևտրահրապարակում բացեց քաղաքում երկրորդ կինոթատրոնը: Իհարկե, իտալացիները շուտով բռնագրավեցին գեներատորը, իսկ շենքը կրակի ճարակ դարձավ: Այնժամ ստուդիան ձեռնամուխ եղավ անձը հաստատող փաստաթղթերի՝ անձնագրերի ու վարորդական իրավունքների լուսանկարներ տպելուն, առանց որոնց Ադիս Աբեբայի փողոցներում հայտնվելն անապոհով էր. Բոյաջյանները կրկին հաճախորդներից հանգիստ չունեին:

Պոզիտիվ: 1941 թ. բրիտանական բանակն ազատագրեց Եթովպիան: Կայսրը վերադարձավ, Բոյաջյանները նույնպես վերադարձան իրենց անմիջական պարտականություններին: Այս անգամ արդեն կայսերական լուսանկարիչ դարձավ Թորգոմը՝ Թոմին, որ այդ ժամանակ ընդամենը 21 տարեկան էր: Ստուդիան ծաղկեց. Բոյաջյաններն արդեն հասկանում էին, որ շուտով երկրում սիրողական լուսանկարչությունը կծլարձակի, ու նախապատրաստվեցին դրան ամենայն լրջությամբ՝ դառնալով Kodak, Gevaert և Agfa լուսանկարչական ապարատների պաշտոնական ներկրողը: 1951 թ. Եթովպիայում ստրկությունը վերացվեց: 1974 թ. կայսրը գահընկեց արվեց, իսկ 1975-ին  նա մահացավ  չբացահայտված պայմաններում:

Հակադրություն (կոնտրաստ): Երբ Եթովպիայում հեղափոխություն բռնկվեց, Բոյաջյանները 4 տուն ունեին հին թաղամասում, մեկ քաղաքամերձ առանձնատուն և բազմաթիվ հողակտորներ: Հեղափոխականները բռնագրավեցին  գրեթե ամեն ինչ: Տասը տարի անց Բոյաջյանների ընտանեկան գործը  վերջնականապես մարեց. աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը լուսանկարվելու  համար տրամադրություն ու միջոց չուներ:

Կոմա: Ոչ  ոք չգիտի, թե  որտեղ է պատմական իրադարձություններ գրանցած Բոյաջյանների անգին  ֆոտոարխիվը: Սակայն հավաստի է, որ Թոնիի  մահից առաջ կառավարությունը «հեղափոխական անհրաժեշտությունից ելնելու» պատրվակով առգրավեց Բոյաջյանների ողջ կարողությունը:

«Ереван» ամսագիր,

նոյեմբեր,2009 թ.

Դիտվել է 1488 անգամ:
Print Friendly

Leave a Reply