«Պատմական հուշարձանների հանդեպ այսօրվա իշխանությունների վերաբերմունքը նույնն է, թե մարդ հայհոյի իր տատին կամ պապին»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 27, 2010 13:45

Պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրն ամենահրատապներից է, որովհետև կորցնելով այդ արժեքները, մենք կորցնում ենք մեր պատմությունն ու մշակույթը:

Խորհրդային տարիներին,  ըստ մասնագետների, այդ հարցն ավելի բարձր մակարդակում էր. գործում էին օրենքները, համապատասխան գերատեսչություններն առավել բարձր դիրք ունեին, քան այսօր:

Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանման, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը, որն ընդամենը մեկ տարվա պատմություն ունի և որի կազմում ոլորտի  40 մասնագետ կա` հնագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ, հուշարձանագետներ, իրավագետներ, շինարար-ինժեներներ, ստանձնել է մի նախաձեռնություն, որն, ըստ մասնագետների, կնպաստի ոլորտի խնդիրների լուծմանն ու որակապես նոր փուլ կնշանավորի պատմամշակութային արժեքների պահպանման գործում:

Ենթահանձնաժողովի հունիսի 14-ի նիստում մասնագետները հաստատել էին պատմական-ազգային արժեքների և հուշարձանների մասին նոր օրենքի մշակման նախաձեռնութան անհրաժեշտությունը, ստեղծվել էր հանձնախումբ, որը պետք է զբաղվի օրենքի մշակման և ԱԺ ներկայացման հարցերով:

«Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնության (հասարակական կազմակերպություն, որը գործում է 1964 թվականից) նախագահի պաշտոնակատար Միքայել Հարությունյանը, որ այդ նախաձեռնության մասնակիցներից է, կարծում է, որ  սա գերկարևոր հարց է, քանի որ այսօր այդ խնդիրներով զբաղվող պետական կառույցների կարգավիճակը շատ ցածր է, ցածր է նաև ֆինանսավորումը:

«Դարերի խորքից ժառանգած պատմաճարտարապետական հուշարձանները, հնավայրերը մեր աչքի առջև ոչնչանում են, և այդ խնդիրը թե՛ իշխանությունների, թե՛ ունևոր խավի և թե՛ հասարակության կողմից անուշադրության է մատնված, մինչդեռ մենք բարձրաձայնում ու քննադատում ենք հարևան երկրներում մեր պատմամշակութային արժեքների ոտնահարումը,- ասում է նա` օրինակ բերելով Կոտայքի մարզի Մաքրավանքի վիճակը, որը մեզ է հասել XIII դարից: Ըստ մասնագետի` վանքը գրեթե փլուզման եզրին է, և եթե ոչինչ չձեռնարկվի, մեկ-երկու տարի հետո նրանից ոչինչ չի մնա: «Մեր մեծահարուստները սովոր են եկեղեցի կառուցել. իրենց հոգու պարտքն են համարում,- ասում է Հարությունյանը,-սակայն նրանց աչքի առաջ կործանվում են հին, արժեքավոր վանքերը, և ոչ ոք չի մտածում դրանք վերակառուցելու համար որոշ գումար ծախսելու մասին»:

Հարությունյանն այլ օրինակներ էլ է բերում` Կոտայքի մարզում գտնվող Ծիրանավոր եկեղեցու (VII դար) վիճակը, Թալինի Զառինջա գյուղում գտնվող Կարմիր վանքի (VII դար) վիճակը. օրինակները շատ են:

Հարությունյանը լուրջ խնդիր է համարում նաև հնավայրերի պահպանումը. «Համատարած սեփականաշնորհված տարածքներ են, և հաճախ սեփականատերերն իրենց տարածքներում հնավայրեր են գտնում, սակայն չեն հայտնում պետությանը,- ասում է նա,- եթե արժեքավոր գտածոներ կան, իրենցով են անում, իսկ եթե ոչ, էլի չեն հայտնում, որպեսզի պետությունը հողատարածքը չվերցնի պեղումների համար:

Ինչ վերաբերում է գանձագողությանը, ապա, Հարությունյանի խոսքով, այդ երևույթը բոլոր ժամանակներում է եղել, պարզապես նախկինում վերահսկումն ավելի խիստ էր. «1980-ականներին մեզ ահազանգեցին, թե Խոսրովի արգելոցում XVII դարի դամբարանադաշտ են ավերել, պղծել են 1605 թ. թաղված սարկավագի տապանը` գանձ գտնելու նպատակով (տգիտության հետևանք, քանի որ մեռյալների հետ զարդ-զարդարանքներ, արժեքավոր իրեր թաղում էին հեթանոսության ժամանակ): Մի խոսքով, քրեական գործ հարուցվեց, պարզվեց` հանցագործությունը կատարել է ոստիկանության մի պաշտոնյա` երկու հոգու մասնակցությամբ: Կարծեմ 200 ռուբլով տուգանվեց կազմակերպիչը, իսկ 100-ական ռուբլով` մասնակիցները»:

Հարությունյանն անմխիթար է համարում նաև ժողճարտարապետական շինությունների վիճակը, որոնք քանդվում են անխնա` փոխարենը նոր շենքեր կառուցելու նպատակով. օրինակ է բերում Սևան հյուրանոցը, ակադեմիայի նախկին շենքը և այլն:

Պատմաբան Ռաֆայել Թադևոսյանը, որ նույնպես ենթահանձնաժողովի անդամ է և նախաձեռնության ակտիվ մասնակիցներից, զայրացած ու վրդովված է պատմամշակութային արժեքների պահպանման այսօրվա դրվածքից ու իրավիճակից: Ըստ նրա` այդ ամենը գալիս է ոլորտը կարգավորող օրենքներից, որոնք կա՛մ խախուտ են, կա՛մ պարզապես չեն գործում: «Պատմական հուշարձանների պահպանման հարցն առաջին հայացքից թվում է հնաբույր, սակայն դա հարցերի հարցն է, ազգի նամուսի, արժանապատվության հարցը, որը մեր ազնվաբարո ազգ լինելու փաստն ու ապացույցն է»,- ասում է պատմաբանը:

Թադևոսյանը շեշտում է, որ պատմամշակութային հուշարձանները սոսկ նյութ չեն, այլ դրանցում պահված է ազգի, ժողովրդի ոգին. «Արցախյան պատերազմի ժամանակ, երբ 1992-ին ադրբեջանցիները հասան Գանձասար և ուր որ է պետք է գրավեին, հայոց գումարտակի կեսից ավելին հենց այդ վայրում շարքից դուրս եկավ, զինվորները զոհվեցին` գիտակցելով, որ այդ սրբավայրը պետք է պահել թեկուզ արյան գնով,- ասում է պատմաբանը,-մինչդեռ այսօր Հաղպատի վանքի մոտ ռեստորան է գործում. մի կողմում պատարագ է  մատուցվում, մյուս կողմում «Արա, վայ, վայ են երգում»:

Թադևոսյանը ինչ-որ չափով համամիտ է թուրքերի այն հայտարարությանը, թե Անին մենք` հայերս ենք քանդում. «Մեր գործընկերներից մեկն իր աչքով է տեսել, թե ինչպես է տաճարից հսկա քարն ընկնում, երբ հայկական կողմում տուֆ են քանդել»,-ասում է նա:

Պատմաբանը պատմական հուշարձանների պահպանման վերաբերյալ իշխանությունների կողմից հնչող «վերամբարձ» խոսքերը «սին և կոսմետիկ» խոսքեր է համարում, քանի որ գործողությունները լրիվ հակառակն են: «Իշխանությունները այժմ քարոզում են, թե այս իրավիճակը հետևանք է մեր ժողովրդի մենթալիտետի,- ասում է Թադևոսյանը` համոզմունք հայտնելով, որ ժողովուրդն այստեղ կապ չունի, և դա ընդամենը ապիկար իշխանությունների` ժողովրդի անունից հանդես գալու փորձեր են:

Պատմաբանը համոզված է, որ եթե օրենսդրական դաշտը կարգավորվի և գործի ողջ ուժով, ապա խնդիրը կլուծվի: Նա միաժամանակ կարծում է, որ այդ գործի գխին պետք է կանգնի Հանրային խորհուրդը և սանձերն իր ձեռքում պահի: «Պատմական հուշարձանների հանդեպ այսօրվա իշխանությունների վերաբերմունքը նույնն է, որ մարդ հայհոյի իր տատին կամ պապին,-ասում է նա` համարելով, որ պատմական հուշարձանները պետք է պահպանվեն ու մեծարվեն, ինչպես յուրաքանչյուրը պահում ու մեծարում է իր ավագներին:

Այսօրվա եկեղեցիների կառուցումը Թադևոսյանը շատ դեպքերում չի  ընդունում` համարելով դա կեղծ եկեղեցասիրություն ու կեղծ հայրենասիրություն. «Այդ մարդկանց համար եկեղեցին ոչ թե նպատակ է, այլ միջոց` սեփական «վարքն» ու «փառքը» սերունդներին փոխանցելու համար»:

Երևանի այսօրվա ճարտարապետության մասին խոսելիս պատմաբանը չի կարողանում թաքցնել վրդովմունքը. «Երևանը ճարտարապետական առումով բռնաբարվել է, սակայն դրա համար ոչ ոք պատասխան չի տալիս: Ես ամենևին դեմ չեմ առաջընթացին, սակայն երբ կառուցվում է նորը, պետք է այնպես կառուցվի, որ հնի հետ համամասնության ու ներդաշնակության մեջ լինի, ինչպես բոլոր զարգացած ու առաջադեմ երկրներում է»:

Թադևոսյանը ցավով է պատմում, որ Երևանում գտնվող երկու ֆրանսիացի իր մոտ  այսպես են արտահայտվել. «Եկանք, որ հազարամյա քաղաք տեսնենք, սակայն չհասկացանք, թե այս քաղաքի ինչն է հին»: Այս կարծիքը Թադևոսյանի համար հայհոյանքից էլ վատ է: Նա կարծում է, որ այս նախաձեռնությունը մի ճակատամարտ է, որը մինչև վերջ պետք է տանել` այս ամենի մեջ ներգրավելով նաև ողջ հասարակությանը: «Բանակը չպետք է կորցնի իր ոգին, իսկ Հայաստանը` իր պատմամշակութային արժեքները. երկու կորուստների դեպքում էլ աղետն անխուսափելի է»,-ասում է Թադևոսյանը:

Գրող Վահան Տեր-Ղազարյանը, որ նոր օրենքի մշակման հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավարն է, կարծում է, որ ստեղծված իրավիճակը անօրինության հետևանք է: «Եթե օրենքը գործի, մարդիկ պատասխանատվություն կկրեն, կպահպանեն իրենց սեփականաշնորհած տարածքներում գտնվող արժեքները»,- ասում է նա: Գրողը կարծում է, որ ամեն հուշարձան հայ ժողովրդի կնիքն է տվյալ հողի վրա, և դրան պետք է լրջորեն մոտենալ:

Վահան Տեր-Ղազարյանը նաև մի շարք պատմամշակութային վավերագրական ֆիլմերի հեղինակ է, և իր ֆիլմերից մեկում ներկայացնում է աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկի` Արտաշատի տարածքի անմխիթար վիճակը: Գյուղական գերեզմանոցը շրջապատել է ողջ տարածքը` հասնելով Արտավազդ արքայի հայտնի թատրոնի տարածքին: Գրողն ասում է, որ գյուղական գերեզմանոցը սպառնում է ոչ միայն Արտաշատ մայրաքաղաքի մասունքներին, այլև Արմավիրին: «Այս համաշխարհային նշանակության պատմամշակութային արժեքները մնում են գերեզմանների մեջ, մարդու սիրտ է ճաքում»,- ասում է նա:

Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանման, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանի խոսքով` նոր օրենքի մշակման նախաձեռնությունն առայժմ սկզբնական փուլում է, սակայն իրենք անվարան հասնելու են նրան, որ օրինագիծն ընդունվի և օրենքի ուժ ստանա: «Հանձնախումբը պետք է ուսումնասիրի ներկայիս օրենքը, մանրամասն վերլուծի բոլոր դրական ու բացասական կողմերը,- ուստի կոչ ենք անում բոլոր իրավագետներին, ոլորտի այլ մասնագետներին, ովքեր ընդգրկված չեն այս նախաձեռնության մեջ, միանան մեզ և ներկայացնեն իրենց առաջարկները,-ասում է Ասրյանը: Նա համոզված է, որ այս նախաձեռսնությամբ կխթանվի ազգային ինքնության և ինքնագիտակցության, արժանապատվության զգացողությունը: «Սա պետք է դառնա առաջնահերթ խնդիր բոլորիս համար` վերևից ներքև»,-ասում է նա:

Դիտվել է 2273 անգամ:
Print Friendly

Leave a Reply