Ադրբեջանական ձեռագիր մոսկովյան ռինգում
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | July 13, 2010 11:43Մտավախություն կար, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների նկատմամբ այնքան էլ բարյացակամություն չի դրսևորվի: Բանն այն է, որ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարության սրտով չէր, որ վերջերս Բաքվում կազմակերպված այս մարզաձևի աշխարհի երիտասարդական առաջնության օրերին մերոնք դժգոհել են Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեին, և նա էլ պահանջել էր, որ անհապաղ Ադրբեջանի մայրաքաղաքում նորմալ պայմաններ ստեղծվեն Հայաստանի պատվիրակների համար: Եվ ահա, երբ անցյալում է մնացել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված եվրոպական ստուգատեսը, բացահայտվել է, որ տագնապներն անտեղի չէին: Համենայն դեպս, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը հայտնեց, որ եթե չխանգարեր կողմնակալ մրցավարությունը, իր սաներից առնվազն վեցը կիսաեզրափակչում պետք է լինեին, այսինքն` մեդալակիր կդառնային:
Մարզասերները տեղյակ են, որ Հայաստանի հավաքականը Հին աշխարհամասի առաջնությունում, ռինգ դուրս բերելով 10 բռնցքամարտիկի, տիրացել է մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալի: Ի դեպ, երկու տարի առաջ կայացած Եվրոպայի վերջին առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների այս մարզաձևի ավարն ավելի հարուստ էր եղել` երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ: Իսկ այս անգամ չեմպիոն էր դարձել 64 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը, պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին էին կանգնել Հովհաննես Դանիելյանը (48 կգ) և Արթուր Խաչատրյանը (81 կգ): Ընդ որում, թեև Ջավախյանը նախկինում դարձել էր Եվրոպայի առաջնության արծաթե, բրոնզե մեդալակիր, օլիմպիական խաղերի մրցանակակիր, այս արդյունքը փոքր-ինչ անսպասելի էր: Անակնկալ մատուցեց նաև Խաչատրյանը, որովհետև այդ քաշային կարգում բարձրակարգ բռնցքամարտիկի պակաս կար, և նույնիսկ թվում էր, որ գուցե ոչ ոքի Եվրոպայի առաջնության ռինգ դուրս չբերեն: Եվ, վերջապես, անսպասելի էր, որ Դանիելյանը բավարարվեց բրոնզե մեդալով և չպահպանեց Եվրոպայի նախորդ առաջնությունում նվաճած չեմպիոնի տիտղոսը: Սակայն մեր մարզիկի նկատմամբ չպետք է խստապահանջ լինել, քանի որ այդ ամենում ադրբեջանական հետք կա:
Ընդ որում, Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցիներն անկաշկանդ են եղել: Նույնիսկ ճոխ ճաշկերույթ են կազմակերպել և հրավիրել բռնցքամարտի ղեկավար այրերին, մրցավարներին և փորձել նրանց սրտերը շահել: Հայաստանից հրավիրված է եղել միայն բռնցքամարտի Եվրոպայի համադաշնության նախագահության անդամ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, որը չի մասնակցել խնջույքին: Եթե Եվրոպայի առաջնությունում Հայաստանից նույնիսկ մրցավար չի եղել, ապա ադրբեջանցիներն աշխատել են բոլոր օղակներում: Եվ առաջնության մեկնարկից հետո սկսել են լուրեր շրջել, որ սահմանակից երկրի ներկայացուցիչներն արդեն գնել են 48 կգ քաշայինների ոսկե մեդալը, և անպայման պետք է հաղթի ադրբեջանցի բռնցքամարտիկը: Դժվար է ասել, թե որն է եղել այդ կանխատեսման պատճառը: Գուցե նպաստել է այն հանգամանքը, որ այդ քաշային կարգում ընդամենը 12 բռնցքամարտիկ է հայտավորված եղել: Հնարավոր է, որ ադրբեջանցիները ցանկացել են հայերի հախից գալ, քանի որ երկու հայ բռնցքամարտիկ են համարվել հաղթողի հիմնական հավակնորդ: Եվ Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հայրապետյանն անդրկուլիսյան խաղերի առաջին զոհն է դարձել: Նա բացահայտ առավելություն է ունեցել ադրբեջանցի Էլվին Մամիշզադեի հետ հանդիպման ժամանակ: Սակայն, միևնույն է, ի վերջո հաղթող է ճանաչվել նրա մրցակիցը: Դրանից է, որ Դանիելյանն ընկճվել է:
«Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքն անցկացրեց Ուկրաինայի Կոնչե Զասպե բնակավայրում գտնվող մարզաբազայում: Համատեղ պարապում էին մի շարք երկրների հավաքականների բռնցքամարտիկներ, այդ թվում նաև` Ադրբեջանի ներկայացուցիչները: Վերջում էլ Հովհաննեսը մրցեց ադրբեջանցի այդ մարզիկի հետ և ակնհայտորեն հակառակորդից ուժեղ էր: Բայց ստեղծված իրավիճակը, խոսակցությունները հոգեբանորեն ազդեցին, լարվածություն առաջացրին: Մեր մարզիկն ազատ չաշխատեց, որպեսզի բացահայտ առավելությամբ հաղթի լիովին պաշտպանության անցած մրցակցին, և, ի վերջո, ի նշան հաղթանակի, ռինգի մրցավարը բարձրացրեց ադրբեջանցու ձեռքը»,- ասաց Մեհրաբյանը:
Ինչ վերաբերում է մեր երկրորդ բրոնզե մեդալակրին, ապա հավաքականի գլխավոր մարզիչը չթաքցրեց, որ 81 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության ռինգ դուրս բերելու համար հարմար թեկնածու չի ունեցել: Իսկ Խաչատրյանն իրականում 75 կգ քաշային բռնցքամարտիկ է: Եվ քանի որ այդ քաշային կարգում հանդես է գալիս մեր ներկայիս ամենատիտղոսակիր բռնցքամարտիկը` Անդրանիկ Հակոբյանը, ակնհայտ է եղել, որ Արթուրի առջև հավաքականի դռները փակ են մինչև 2012-ի օլիմպիական խաղերի ավարտը: «Նա 27 տարեկան է, և քանի որ կորցնելու բան չկար, որոշեցինք, որ Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշային կարգում փորձի իր կարողությունները: Խաչատրյանը կամային հատկանիշներ ունեցող բռնցքամարտիկ է և մրցելիս նշանակություն չի տալիս, թե ռինգում ով է հակառակորդը: Եվրոպայի առաջնությունում էլ նա զիջեց միայն Ռուսաստանի ներկայացուցիչ, ազգությամբ չեչեն աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Բետերբիևին, որը բոլոր մրցակիցներին հաղթեց բացահայտ առավելությամբ»,- պարզաբանեց Մեհրաբյանը:
Իսկ Ջավախյանի հաղթանակն անսպասելի էր այն առումով, որ «Պեկին 2008»-ի օլիմպիական խաղերից հետո միջազգային ոչ մի մրցաշարում չէր կարողացել աչքի ընկնել, և Հայաստանի հավաքականում նրա ընդգրկվելու հարցը վճռվել էր միայն Ուկրաինայում կազմակերպված ուսումնամարզական հավաքից հետո: Եվ բռնցքամարտիկին հանդես գալու հնարավորություն էր տրվել ավելի բարձր` 64 կգ քաշային կարգում, քանի որ բացակայում էր այդ քաշային կարգի Եվրոպայի նախորդ առաջնության չեմպիոն Էդիկ Համբարձումյանը: «Եթե ես Հրաչիկին հայտնեի, որ նա անպայման մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը, ապա նա հանգստանալու էր, որ իր տեղն արդեն ունի:Երբեք կասկած չեմ ունեցել, որ Ջավախյանը կարող է թիմում չլինել: Բայց այդ գաղտնիքը ես պահել էի: Ի դեպ, նա միջազգային բոլոր ստուգատեսների ժամանակ մասնակցել է 64 կգ քաշայինների պայքարին: Ես նրան չէի թողնում, որ քաշ գցի: Հրաչիկը 60 կգ քաշային կարգում մասնակցում էր Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, օլիմպիական խաղերին, սակայն այս անգամ գտա, որ իմաստ չունի այդ անել: Իսկ տևական ընդմիջումից հետո նրա այս հաղթանակն անհրաժեշտ էր նաև ինձ: Կարծում եմ` դա կօգնի, որ 26 -ամյա մարզիկը այսուհետ բռնցքամարտին նույնպիսի ուշադրությամբ վերաբերվի, ինչ առաջ»,- ասաց փորձառու մասնագետը:
Եվ քանի որ 64 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի կազմում ներկայումս Եվրոպայի երկու չեմպիոն կա, ինքնին հարց է առաջանում, թե նրանցից ում է տրվելու ռինգ դուրս գալու նախապատվությունը, առավել ևս, որ հաջորդ տարվանից անցկացվելու են օլիմպիական խաղերի վարկանշային ստուգատեսները: Դեռևս ոչինչ պարզ չէ: Սակայն, ըստ Մեհրաբյանի, ելք գտնելու միջոցն այն կլինի, որ Համբարձումյանն ավելի բարձր քաշային կարգ տեղափոխվի:
Իսկ Եվրոպայի առաջնությունում մերոնցից ակնհայտորեն մրցավարական գործողությունների զոհ են դարձել Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) և Ազատ Հովհաննիսյանը (57 կգ): Ի դեպ, Ազատ Հովհաննիսյանը երեք անգամ նոկդաունի է ենթարկել իռլանդացի Տիրոն Մակքուլակին, սակայն հաղթանակը մրցավարները նվիրել են վերջինիս: Ուշագրավն այն է, որ Ուկրաինայում կազմակերպված ուսումնամարզական հավաքի ժամանակ, երբ Հովհաննիսյանն այդ մարզիկի հետ ստուգողական հանդիպման է պատրաստվել, իռլանդացիները խնդրել էին, որ մեր երկրի ներկայացուցիչն ուժեղ չհարվածի, որովհետև մրցակիցն ավելի երիտասարդ է, ուժով էլ զգալիորեն զիջում է: Այդուհանդերձ, Մեհրաբյանը հստակ հայտնեց, որ մեր երկրի բռնցքամարտիկներից ոմանք Եվրոպայի առաջնությունում չեն կարողացել դրսևորել իրենց կարողությունները: «Հույսեր էի կապում հատկապես Ցոլակ Անանիկյանի (91 կգ) հետ: Նա կարող էր չեմպիոն չդառնալ, առնվազն պետք է եզրափակչում լիներ: Երկրորդ հանդիպման ժամանակ Ցոլակը պարտվեց (4:5) բուլղարացի Տերվել Պուլևին, որին նոկդաունի էր ենթարկել: 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանն էլ զիջեց (9:11) Բելառուսի ներկայացուցիչ Նիկոլայ Վեսելովին, որին նախորդ տարի հաղթել էր Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունում: Ազատ Հովհաննիսյանից մրցավարները պարզապես ոսկե մեդալը գողացան: Մրցավարությունը վատ էր: Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու Հայաստանն այդ ստուգատեսում մրցավար չունի, մինչդեռ Աֆրիկայից, Ասիայից մրցավարներ էին հրավիրվել»,- սրտնեղեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:
Եվրոպայի առաջնությունից հետո Ֆրանսիայի ներկայացուցիչներն առաջարկել են, որ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հուլիսի 20-27-ը Երևանում համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնի Ֆրանսիայի ընտրանու հետ, հետո էլ կազմակերպվի ընկերական մրցամարտ: Իսկ նոյեմբերին մեր երկրի հավաքականն ուսումնամարզական պարապմունքների կուղևորվի Ֆրանսիա: Ապա Փարիզում կազմակերպվելու է միջազգային մրցաշար, որին մասնակցելու են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կուբայի, Ուկրաինայի և Հայաստանի հավաքականների բռնցքամարտիկները: