Վերջին տարիներին բժշկության ասպարեզում կատարված 10 հայտնագործությունները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 14, 2010 16:16

Ամփոփելով արդյունքները, Time ամսագիրը հրապարակել է

10 նշանակալի հայտնագործությունների ցանկը

Առաջին տեղում ճապոնացի գիտնականների հայտնագործությունն է, ովքեր առաջինը կարողացան մարդու մաշկի հիմնական հյուսվածքներ աճեցնել: Այլևս դոնորների կարիք չկա, հարկ չկա սաղմ օգտագործել: Մարդն ինքը կարող է իր դոնորը դառնալ:

Երկրորդ տեղում միոկարդի ինֆարկտի առաջացման իսկական պատճառների հայտնագործումն է: Դրա հեղինակն ամերիկացի Պոլ Ռիդկերն է, որ կարողացավ վերջապես բացատրել, թե ինչու է ինֆարկտ հանդիպում նաև այն դեպքերում, երբ խոլեստերինի մակարդակն արյան մեջ նորմը չի գերազանցում (նախկինում ենթադրվում էր, որ հենց խոլեստերինի բարձր մակարդակն է հանգեցնում ինֆարկտի): Սրտաբանը հետազոտություն կատարեց, որի արդյունքում պարզ դարձավ, որ բացի խոլեստերինի մակարդակից, ինֆարկտի կարող է հանգեցնել նաև ներքին սրտային բորբոքումը: Այլ կերպ ասած` ինֆարկտի վտանգը նվազեցնելու համար անհրաժեշտ է վերացնել այդ բորբոքումը:

Երրորդ տեղում «առանց կտրվածքների» վիրահատությունն է: Այս ավանդույթը կիրառության մեջ մտավ ամերիկացի հետազոտողների շնորհիվ, ովքեր հիվանդի կույր աղիքը հեռացրին՝ օրգանիզմ թափանցելով հեշտոցի միջով: 2008 թ. մի քանի վիրահատություններ կատարվեցին՝ առանց տեսանելի միջամտության, դրանց թվում նաև ստամոքսի՝ ուր մտան կերակրափողի միջոցով:

Չորրորդ տեղում այժմ արդեն ցանկացողների համար հասանելի գենետիկական հետազոտությունն է: Այն հնարավորություն է տալիս վաղօրոք հայտնաբերելու և անհրաժեշտության դեպքում կանխելու  ժառանգական, մասնավորապես` ուռուցքային հիվանդությունները:

Հինգերորդ տեղում  ժառանգականության մակարդակում հայտնաբերված 4 գեների հայտնագործումն է, որոնք պատասխանատու են  մարդու մոտ Ալցհեյմերի հիվանդության ձևավորման համար: Այսօր այդ հիվանդությունն անբուժելի է, և դրա պատճառներն էլ ուսումնասիրված չեն: Այդ գեների բացահայտումն, ըստ էության, հնարավորություն կտա ուսումնասիրելու հիվանդության բնույթը, հետևաբար  գտնել դրա բուժումը:

Վեցերորդը փայտացման, պոլիոմիելիտի, քութեշի, դիֆթերիայի, կապույտ հազի ու  B տիպի գրիպի դեմ պատվաստումն է:Եվ այդ ամենը՝ մեկ պատվաստանյութով: Տվյալ հայտնագործության նպատակը պատվաստումների քանակի նվազեցումն է և ամենակարևորը` այն  կողմնակի ազդեցություններ գրեթե չունի:

Յոթերորդ տեղում  2 գենային  անալիզներն են, որոնք հնարավորություն են ընձեռում որոշելու կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետությունն ու   կրկնվելու հավանականությունը: Այս հայտնագործությունը նույնպես հնարավորություն է տալիս վաղ շրջանում ախտորոշելու հիվանդությունը և իրավիճակից ելք գտնել առավելագույն կարճ ծամանակահատվածում :

Ութերորդ տեղում կրկին արյան հետազոտությունն է, որը հնարավորություն է տալիս Դաունի համախտանիշի զարգացման հնարավորությունը հայտնաբերելու դեռևս չծնված  երեխայի մոտ: Այս հայտնագործության շնորհիվ հնարավոր է դառնում երեխայի  ԴՆԹ-ն գտնել մոր արյան մեջ, ու եթե դրա մեջ  առկա են  21 քրոմոսոմները, ուրեմն դա հիշյալ հիվանդության ահազանգն է:

Իններորդ տեղում պարզագույն, սակայն հանճարեղ մի հայտնագործություն է. խոսքը քիմիաթերապիայից առաջացող հետևանքների՝  սրտխառնուքի ու փսխումի մասին է: Դրանից ազատվելու համար բժիշկները կիրառեցին «ծովային հիվանդությունից» տառապող մարդկանց առաջարկվող ծեփուկներ: Դրանց շնորհիվ նվազեցվում է ստամոքսի գրգռումը և գլխապտույտը:

Տասներորդ տեղում իսպանական հայտնագործությունն է: Մի կնոջ մոտ շնչառական ուղիների վնասվածք էր առաջացել, ինչը ենթադրում էր վիրահատական միջամտություն: Նոր կոկորդը ձևավորվեց նրա իսկ հիմնական հյուսվածքներից՝  ոսկրածուծից ու դոնորից վերցված շնչափողից:

Դիտվել է 2383 անգամ:
Print Friendly

Leave a Reply