Թխացում և առողջություն. կարևորը չափի զգացողությունն է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 8, 2010 12:23

Ամառը արձակուրդների, ուղևորությունների, ծովափին հանգստանալու և լավ տրամադրության ժամանակաշրջան է: Առողջարաններ ու հանգստավայրեր մեկնելով` մարդիկ երբեմն մոռանում են, որ դրական  զգացողություններից բացի, արձակուրդից վերադառնալով, կարող են նաև լուրջ խնդիրներ ունենալ, որոնց պատճառը արեգակի ակտիվությունն է ու արևի ուղիղ ճառագայթների տակ անցկացրած ժամանակը:

Չարժե մոռանալ, որ արևահարությունը ճառագայթում է: Երբ ուլտրամանուշակագույն ճառագայթները թափանցում են մաշկի մեջ, պաշտպանական ռեակցիա է տեղի ունենում՝ մշակվում է մելանին. այն մի ֆերմենտ է, որը մաշկին տալիս է դարչնագույն երանգ՝ պաշտպանելով ուլտրամանուշակագույն ճառագայթների  կործանարար ազդեցությունից: Ուլտրամանուշակագույնը քիչ քանակով նույնիսկ օգտակար է. այն նպաստում է D վիտամինի մշակմանը, որը խիստ կարևոր է մանուկ հասակում և բարձրացնում է մեծահասակների դիմադրողականությունը: Արեգակի ճառագայթներն օգտակար են նաև  խնդրահարույց մաշկի համար. յուղոտ մաշկին բուժական նպատակներով խորհուրդ է տրվում ընդունել ուլտրամանուշակագույն լոգանքներ:

Սակայն եթե չափաբաժինն ավելացվի պահանջվածից, ապա կարող եք լուրջ խնդիրներ ունենալ: Այս պարագայում այրվածքը թերևս ամենամեղմ (չնայած տհաճ) հետևանքն է, իսկ ամենավտանգավորը մաշկի քաղցկեղն է: Հարկ կա՞, արդյոք, հիշեցնելու, որ արեգակի ուղիղ ճառագայթները կարող են նորագոյացության պատճառ դառնալ: Այն մարդիկ, ովքեր արդեն նորագոյացությունների հակման խնդիր ունեն (այդ թվում նաև բարորակ`՝ միոմա, լիպոմա, հանգուցային մաստոպաթիա, աթերոմա և այլն), խորհուրդ չի տրվում արևի տակ  տևական ժամանակ անցկացնել:

Աշխատեք ստվերում լինել, օգտվեք հովանոցներից ու փակ հագուստ կրեք: Նույնիսկ առողջ մարդը, եթե շատ է սիրում արևահարվել, կարող է խնդիրներ ձեռք բերել՝ մելանոմա կամ էլ մաշկի քաղցկեղ:

Մաշկի քաղցկեղը չարորակ ուռուցք է, որը կարող է տարածվել նաև մյուս օրգաններում: Այն բարորակ ուռուցքների 4%-ն է կազմում, բայց արդեն 5 մմ հասնող ուռուցքը 79%-ով մահացու ելք է ունենում:

Առաջին անգամ այս ճակատագրական՝ մարմնի մեջ «սև հեղուկով» նորագոյացության   մասին հիշատակություն կա  1651 և 1760 թթ. եվրոպական գրականության մեջ: Այն նկարագրել է ֆրանսիացի բժիշկ Ռենե Լաննեկը: Մի քանի տարի անց Վ. Նորրիսն ապացուցեց, որ մելանոման կարող է ժառանգաբար փոխանցվել (գենետիկական նախատրամադրվածություն): Եվ իբրև ինքնուրույն հիվանդություն այն առաջին անգամ  1864-ին ներկայացրել է Ռ.Վիրխովը:

Սովորաբար մելանոման ձևավորվում է խալի (նևուսի) տեղում, սակայն կարող է ի հայտ գալ նաև  նախկինում լրիվ հարթ մաշկի վրա: Վերջին տարիներին մելանոմայի դեպքերը շատացել են:  Հիվանդացությունը  կրկնապատկվում է յուրաքանչյուր 15 տարին մեկ: Այն հաճախ է հանդիպում հյուսիսային շրջաններում, որտեղ արևը, կարելի է ասել, «երես չի տալիս»: Աֆրոամերիկացիների համեմատությամբ` սպիտակամաշկ մարդկանց մոտ մելանոմայով հիվանդանալու վտանգը 20 անգամ ավելի է(100-ից մեկը): Հետաքրքրական է, որ տղամարդկանց մոտ այն ավելի հաճախ է հանդիպում: Հիվանդությունը նաև երիտասարդացել է. դեռևս ոչ վաղ անցյալում հիվանդանում էին 50-ն անց մարդիկ, այսօր այն հանդիպում է նաև դեռահասների ու մանուկների մոտ: Այս ամենի պատճառը Երկրագունդը վտանգավոր ճառագայթների ներթափանցումից  պաշտպանող օզոնային շերտի քայքայումն է և արևահարված մաշկ ունենալու նորաձևությունը:

Նախնական փուլում մելանոման տարբերելը դժվար է: Պարզապես պետք է ուշադրություն դարձնել մաշկի այնպիսի փոփոխություններին, ինչպիսիք են՝

* նոր, բազմաթիվ նևուսների (խալեր) առաջացումը,

* եղած նևուսների չափերի մեծացումը,

* մաշկի վրա սուր ծայրեր ունեցող նևվուսների ի հայտ գալը,

* դրանց գույնի մգացումը,

* սև նևուսի առաջացումը,

* նևուսի շուրջ առաջացած կարմրության օջախն ու արյունահոսությունը,

* նևուսի շրջանում ցավի ու քորի առաջացումը:

Եթե հանգստից վերադառնալուց հետո հայտնաբերեք թվարկված ախտանշաններից մեկը կամ մյուսը՝ առանց երկմտելու դիմեք բժշկի: Մելանոմայի առաջին փուլի դեպքում, եթե գործընթացը տեղայնացվում է, բուժման արդյունավետությունը 93% է:

Եվ, ի վերջո, չպետք է մոռանալ, որ հիվանդությունն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:

Իսկ ինչպե՞ս պետք է խնամել մաշկը, որպեսզի այն լինի հարթ, թավշյա և առողջ:

* Օգտվեք պաշտպանիչ քսուքներից:

* Մի՛ չարաշահեք սոլյարին. հիշեք, որ մաշկը ձմռանը պետք է հանգստանա ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

* Մի՛ օգտագործեք մաշկը սպիտակեցնող քիմիական կամ «ավտոզագար» կոչված միջոցներ. չնայած համեմատել անգամ չի կարելի «ավտոզագարն» ու սոլյարին, վերջինի վնասն անհամեմատ մեծ է: Այսպես թե այնպես, քսուքը քիմիական բաղադրություն ունի: Սպիտակեցնող քսուքներն իրենց բաղադրության մեջ  պարունակում են հիդրոխինոն կոչված նյութը, որը  նույնպես անվնաս չէ:

* Օգտագործե՛ք մաշկը խնայող միջոցներ նաև բաղնիքում:

* Հագե՛ք բնական  հագուստ. արհեստականը ալերգիայի պատճառ կարող է դառնալ ու դժվարացնել օդափոխությունը:

* Ուշադիր հետևե՛ք մաշկի բոլոր փոփոխություններին: Մի՛ ծուլացեք, փոփոխությունների դեպքում դիմեք բժշկի:

* Ընտրե՛ք ձեր շարժումները չսահմանափակող հագուստ և կոշիկ, այնպիսիք, որ վնասվածքների պատճառ չդառնան:

Պետք է ասել, որ նևուսների գույնի բացացումն ու կոսմետոլոգիական եղանակով հեռացումը նույնպես անվտանգ չեն: Նևուսն ինքնին արդեն մաշկի փոփոխություն է: Իսկ  կոսմետիկ միջամտությունը կարող է դրանց  նորագոյացության վերափոխման պատճառ դառնալ: Ուրեմն, եթե ձեր արտաքինի մեջ ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս,  ցանկացած միջամտությունից առաջ խորհրդակցեք բժշկի հետ: Եվ խորհրդակցեք բժիշկ-ուռուցքաբան-կոսմետոլոգի հետ, ոչ թե բժիշկ- կոսմետոլոգի:

Հիպերպիգմենտացիան կարող է լինել ի ծնե կամ ձեռքբերովի (կապված օրգանիզմի հորմոնալ վերակառուցման, ծննդաբերության  կամ էլ տարիքի հետ): Չպետք չէ վախենալ, կարող են լինել նաև խալեր կամ բծեր` առանց անցանկալի հետևանքների:

Բոլորս  անհամբերությամբ ենք սպասել ամռան գալստին, որպեսզի ողջ տարվա համար լիցքավորվենք էներգիայով: Ուրեմն թող արևը մեզ միայն երջանկություն պարգևի, ՍԱԿԱՅՆ դա հնարավոր է միայն մեր զգոնության ու մեր մարմնի հանդեպ ճիշտ վերաբերմունքի շնորհիվ:

Դիտվել է 2905 անգամ:
Print Friendly

Leave a Reply