Շիրակի մարզում նախատեսվում է հիմնել սոցիալական բնակարանների համալիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 8, 2010 11:04

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում նախատեսվում է հիմնել սոցիալական բնակարանների համալիր: Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում արդեն հաստատվել է անօթեւան միայնակ տարեցների եւ բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող անձանց համար սոցիալական բնակարանների համալիրի ստեղծման հայեցակարգը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը, Մարալիկում 20 ընտանիքի համար նախատեսված շենքը գրեթե պատրաստ է: Այստեղ կան դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից մնացած կիսակառույց շենքեր, որոնք պետք է ավարտին հասցվեն եւ տրամադրվեն բնակարանային խնդիր ունեցող սոցիալապես անապահով կամ միայնակ ծերերին:

Նրանց բնակարանները տրվելու են միայն ապրելու պայմանով, գնելու իրավունք նրանք չունեն: Համալիրը բաղկացած է լինելու 9 մասնաշենքից: Վարչապետի հանձնարարությամբ պետք է ստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը կմշակի այն չափորոշիչները, որոնցով շահառուներին կտրամադրվեն բնակարանները: «Կարծում եմ` պետք է հաշվի առնել դիմումների տրամադրման հերթականությունը, սոցիալական վիճակը եւ այլ հանգամանքներ: Բնակարանների կարիք ունեցողներ շատ կան, սակայն ոչ բոլորն են համաձայնում տեղափոխվել սոցիալական տուն, որովհետեւ այն տրվում է միայն ապրելու պայմանով, ոչ վաճառելու»,-ասաց Ա. Գեւորգյանը: Նրա խոսքով, Մարալիկում գտնվող համալիրում միայն տեղի բնակարանային կարիք ունեցող ընտանիքները չեն բնակվելու, այլ շահառուների ցանկում ընդգրկվելու են հանրապետության այլ մարզերի կարիքավորներ:

Հանրապետության մարզերում ուսումնասիրություններ են կատարվել պարզելու համար, թե որքան բնակարանի կարիք ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներ կան: Հանրապետությունում կան բարեգործական կազմակերպություններ, որոնք բնակարանային ապահովման նմանատիպ ծրագրեր են իրականացնում: Ա. Գեւորգյանը նշեց, որ անհրաժեշտ է համագործակել նման կազմակերպությունների հետ` համատեղ ուժերով գործելու նպատակով: Նշենք, որ հանրապետությունում գործում է 2 սոցիալական տուն` Գորիսում` նախատեսված 24 ընտանիքի եւ Երեւանում` 27 ընտանիքի համար: Վերջերս Կոտայքի մարզի Քասախ գյուղում շահագործման հանձնվեց եւս մեկ սոցիալական տուն` նախատեսված 40 ընտանիքի համար:

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply