Դատախազը երկու տարվա ազատազրկումը մեղմ պատիժ է համարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 8, 2010 10:33

Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2010թ. մայիսի 25-ի դատավճռի դեմ` խնդրելով փոփոխել այն եւ «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի` թվով 5 աշխատակիցների նկատմամբ սահմանել ավելի խիստ պատիժ:

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 25.05.10թ. դատավճռով ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահպանության բաժնի պետ Ս. Թամրազյանը, անվտանգության ապահովման բաժնի պետ Ս. Արթենյանը, ցերեկային հերթափոխի ավագ Ա. Սմբատյանը, հերթափոխի աշխատակիցներ Վ. Հարությունյանը եւ Ա. Աթաբեկյանը հանցավոր են ճանաչվել պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Դատարանը ապացուցված է համարել, որ սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի և Սողոմոն Քոչարյանի՝ ազատազրկման վայրից 27.11.2009թ. կատարած փախուստը հաջողվել է ՀՀ ԱՆ ՔԿՎ ,Նուբարաշենե ՔԿ հիմնարկի աշխատակիցներ Աղասի Սմբատյանի, Սերժիկ Թամրազյանի, Սեդրակ Արթենյանի, Արա Աթաբեկյանի և Վանիկ Հարությունյանի կողմից դատապարտվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ ԱՆ ՔԿՎ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի 2009թ. նոյեմբերի 9-ի թիվ 43-Լ ամրակցման հրամանի պահանջները խախտելու և չկատարելու հետևանքով:

Մասնավորապես` հիմնավորվել է, որ պատիժ կրելու ընթացքում Մհեր Ենոքյանը և Սողոմոն Քոչարյանը, ուսումնասիրելով ՔԿ հիմնարկի աշխատակիցների աշխատանքը և համոզվելով, որ վերջիններս ծառայության նկատմամբ դրսևորում են անփույթ վերաբերմունք, չեն կատարում իրենց պարտականությունները, այն է՝ պատշաճ կարգով բանտախցերը չեն խուզարկվում, խցերից դուրս բերվելուց դատապարտյալներն անձնական խուզարկության չեն ենթարկվում, զբոսախցերում տեխնիկական զննում չի կատարվում, զբոսախցերի տանիքում հսկողություն չի իրականացվում, 2009թ. ամռանը պլանավորել են փախուստ կատարել ազատազրկման վայրից: Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, ՀՀ ԱՆ ՔԿՎ ,Նուբարաշենե ՔԿ հիմնարկի տնտեսմասի դատապարտյալ Կիմ Հայրապետյանից նախապես ձեռք բերված և խցում թաքցված՝ մետաղ կտրելու համար նախատեսված սղոցի կտորներով 3-4 ամիս կտրել են ՔԿՀ թիվ 1 զբոսախցի տանիքի մետաղյա ճաղավանդակը: Բացի այդ, խցում ունենալով բազմաթիվ քանակության և տեսակի թելեր, տևական ժամանակ մնալով առանց հսկողության, գործելու եղանակով պատրաստել են 9, 5 և 2 մետր երկարությամբ պարաններ, որոնց գործադրմամբ 2009թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, հիշյալ ՔԿ հիմնարկի թիվ 1 զբոսախցի տանիքի ճաղավանդակի կտրված հատվածի միջով անցնելով, պարանների և մեկուսիչի օգտագործմամբ, անցել են ահազանգման համակարգի և արտաքին քողարկող պատի վրայով ու ազատազրկման վայրից դիմել փախուստի:  Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ 2009թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից հայտնաբերվել է Մհեր Ենոքյանը, իսկ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Մուղնի գյուղից հայտնաբերվել է Սողոմոն Քոչարյանը:

«Նուբարաշեն»  քրեակատարողան հիմնարկի վերոնշյալ աշխատակիցներին մեղավոր ճանաչելով ծանր հետեւանքներ առաջացրած պաշտոնեական անփութության համար ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով ՝  դատարանը Ս. Թամրազյանին, Ա. Աթաբեկյանին, Ա. Սմբատյանին եւ Վ. Հարությունյանին դատապարտել է 2-ական տարվա, իսկ Ս. Արթենյանին` 2 տարի 6 ամսվա ազատազրկման:

Սակայն մեղադրող դատախազի գնահատմամբ՝ ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժները մեղմ են  եւ ներկայացրել է վերաքննիչ բողոք` վերաքննիչ քրեական դատարանից խնդրելով է ամբաստանյալների համար սահմանել ավելի ծանր պատիժ՝ հաշվի առնելով կատարված հանցանքների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը:

Դիտվել է 1447 անգամ:
Print Friendly

Leave a Reply