Քանի՞ պատմամշակութային հուշարձան կմնա Հյուսիս-հարավ ճանապարհի տակ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 15, 2010 17:00

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Գյումրի 88 կմ հատվածում հնագիտական և պատմամշակութային հուշարձանների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներն ավարտվել են:

Հետազոտությունն իրականացնող ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանն ասում է, որ ճանապարհի համար նախագծով հատկացված տարածքում արձանագրել է 73 պատմամշակութային և հնագիտական արժեք ունեցող միավոր:

Ընդ որում, հուշարձաններից 38-ը վերջին տարիներին անհատների կողմից ավտովթարների և այլ դժբախտ պատահարների վայրերում ստեղծված հուշարձաններ են` խաչքարեր, մատուռներ և այլն: Այս հուշարձաններից 18-ը նախագծի անմիջական ազդեցության գոտում են: Հնագետն ասում է, որ առաջարկելու է այդ հուշարձանները տեղափոխել այլ վայր, իսկ ճանապարհաշինության ավարտից հետո դրանք վերադարձնել նախկին վայրին մոտ մեկ այլ տեղ:

Իսկ 34 պատմամշակութային և հնագիտական հուշարձաններից 20-ը գտնվում են նախագծի անմիջական ազդեցության գոտում: Գասպարյանն ասում է, որ դրանցից 8-ը մեծ և արժեքավոր հնավայրեր են, ուստի առաջարկելու է նախագիծը փոփոխել և շրջանցել այդ հնավայրերը: Սակայն նախագիծը փոփոխելով` ազդեցության գոտուց դուրս կգան հնավայրերից 5-ը միայն, իսկ 3-ը` Ագարակի հնավայրը, Մաստարայի հնագիտական համալիրը և Բենիամինի քաղաքատեղին, կմնան: «Սրանք այնքան մեծ են, որ նախագիծն ինչպես էլ փոփոխվի, միևնույն է` ազդեցության գոտում կգտնվեն,- ասում է Գասպարյանը: – Սրանք խորհրդային տարիներին էլ բավական ազդեցություն են կրել, և հիմա ճանապարհը պետք է անցնի վատ պահպանված վայրերով` վնասը նվազագույնի հասցնելու համար»: Եվս ութ հուշարձաններ պետք է պեղվեն մինչև ճանապարհաշինության սկսվելը. սրանք հնագույն դամբարանադաշտեր են («ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի հուշարձանների մասին» ՀՀ օրենքի համաձայն` օտարման ոչ ենթակա հուշարձաններ են նաև դամբարանները, դամբարանադաշտերը, պատմական գերեզմանոցները, խաչքարերը, հուշակոթողները, հուշասյուները, տապանաքարերը): Մյուս 4-ի դեպքում պարզապես շինարարությանը կհետևի հնագետը: «Այս տարածքներով դեռևս խորհրդային տարիներից տրակտորներ են անցել, հուշարձանների արտաքին հետքեր չեն պահպանվել: Հնագետն ամեն դեպքում կհետևի, գուցե շինարարական աշխատանքների ժամանակ ինչ-որ բաներ բացահայտվեն»,- ասում է Գասպարյանը: Այս չորս հուշարձանների թվում է նաև Ներքին Նավեր կոչվող հնատեղին:

Այժմ լայնածավալ պեղումներ են իրականացվում Նավեր տարածքի վերին հատվածում. 7000 քմ տարածք է բացվել, արդեն իսկ 70-ից ավելի դամբարանաբլուր է հայտնաբերվել: «Շտապ պեղումներ ենք իրականացնում, որպեսզի ցույց տանք այդ հնավայրի արժեքն ու կարևորությունը, որ հանկարծ ճանապարհն այդ վայրով չանցկացնեն»,- ասում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը: Հնագետին մտահոգում է փաստը, որ Աշտարակ-Գյումրի ճանապարհին կան 23 չպեղված հուշարձաններ, և դրանք կարող են այդպես էլ չպեղված մնալ: «Բազմիցս դիմել ենք, ճանապարհի նախագիծ պահանջել, որ տեսնենք` ո՞ր հուշարձանները կարող է վտանգված լինեն, ոչինչ չենք ստացել,- ասում է Սիմոնյանը: – Եթե կառուցումը սկսվեց, այլևս կպատճառաբանվի ճանապարհի հանրապետական և միջպետական նշանակությունը, և ոչինչ անել հնարավոր չի լինի»:

(Նույն օրենքի մեկ այլ դրույթի համաձայն` «Պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները և դրանց համալիրներն իրենց զբաղեցրած և առանձնացված տարածքներով կարող են օգտագործվել միայն գիտական, կրթական, մշակութային, ճանաչողական և զբոսաշրջության նպատակներով»):

Այն հարցին, թե հնագետներն էլ երբ կհասցնեն պեղումներ իրականացնել ճանապարհի ազդեցության գոտում գտնվող ութ հնավայրերում, Գասպարյանն ասում է, թե չգիտի. «Պեղումները երկարատև գործընթաց են: Մեկ ամիս ժամանակ եմ ունեցել տարածքն ուսումնասիրելու համար, հասցրել եմ ընդամենը հուշարձանները հաշվառել: Ավելի խոր ուսումնասիրության համար ժամանակ է պետք»:

Գասպարյանն ասում է, որ նախագծի ազդեցության գոտում գտնվող հուշարձանների մեծ մասը նորահայտ է և դեռևս ընդգրկված չէ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում:

Գասպարյանի կարծիքով` ողջ ճանապարհաշինությանը պետք է հետևի մասնագետ-հնագետը. «Դամբարանադաշտերը հատվածաբար են պահպանվել: Ուստի հնարավոր է, որ շինարարության ցանկացած վայրում հուշարձաններ հայտնաբերվեն»:

Սակայն այլ հարց է առաջանում. արդյոք այդ ժամանակ կպահպանվի՞ օրենքի տառը, և բացահայտված հուշարձանները պատշաճ պաշտպանության կարժանանա՞ն, թե՞ կգերադասվի ճանապարհաշինությունը:

Նախնական տվյալներով` 2013-ին կմեկնարկի Հյուսիս-հարավ միջպետական նշանակության ճանապարհային միջանցքի աշխատանքների  2-րդ փուլը Աշտարակ-Գյումրի 88 կմ հատվածում: «Սա խիստ նախնական ժամկետ է: Դեռ ճանապարհի նախագիծը պետք է վերանայվի, որին կհաջորդի օտարման փուլը»,- ասում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Գևորգյանը:

Դիտվել է 2432 անգամ:
Print Friendly

Leave a Reply