Հասան-Ջալալյանների տոհմի ժառանգները կոչ են անում ողջ հայությանը հուլիսի 11-ին տոնել Գանձասարի օծման 770-ամյակը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 7, 2010 16:17

Հուլիսի 11-ին կնշվի Գանձասարի օծման 770-րդ տարելից: Այդ առթիվ Հասան-Ջալալյան տոհմի ժառանգները կոչ են անում աշխարհի ողջ հայությանը` այդ օրը կազմակերպել և անցկացնել համազգային տոնախմբություն: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց տոհմի ժառանգ, «Հասան-Ջալալյաններ» հիմնադրամի նախագահ Ժասմեն Ասրյանը:

Նա ասաց, որ չնայած տարելիցի տոնական միջոցառումների անցկացումն իր վրա է վերցրել Արցախի կառավարությունը, սակայն տոհմի ժառանգները ևս անմասն չեն մնա և իրենց ներդրումը կունենան այդ միջոցառումն առավել շուքով նշելու գործում:

Ինչպես հայտնեց Ասրյանը, տոհմի մի քանի ներկայացուցիչներով օրեր առաջ հանդիպել են Ամենայն հայոց կաթողիկոսին, զրուցել Գանձասարի մասունքների պահպանման հարցերի վերաբերյալ:

Նրանք նաև դիմում են պատրաստել կաթողիկոսի, ԼՂՀ նախագահի, ԼՂՀ վարչապետի և Արցախի թեմի առաջնորդի անունով` խնդրելով Գանձասար տանող պատմական ճանապարհը, որտեղով ժամանակին մարդիկ անգամ ոտաբոբիկ են ուխտի գնացել և որն  այժմ ոչ բարվոք վիճակում է ու անանցանելի, դարձնել եկեղեցապատկան, անձեռնմխելի  տարածք և մտցնել հուշարձանների պահպանության գոտու մեջ:

Տոհմի ժառանգները Գանձասարի օրինակով կոչ են անում նաև պահել ու պահպանել մեր նախնիների թողած ազգային-քաղաքական-շինարարական-մշակութային գործունեությունը, որն, ըստ բանախոսի, հայ ազգի դիվանագիտական մշակույթի հաջողության գրավականն է:

«Հասան-Ջալալյաններ» հիմնադրամը նաև հանդես է եկել Ղարաբաղի մելիքների միություն ստեղծելու նախաձեռնությամբ: Այդ առթիվ լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև Հասան-Ջալալյանների տոհմի Աթաբեկյան ճյուղի ներկայացուցիչ Հրաչ Աթաբեկյանը, ով կոչ արեց այն բոլոր հայերին, ովքեր կարող են փաստաթղթերով հաստատել Աթաբեկյան տոհմից սերվող իրենց ծագումնաբանությունը, միանալ այդ նախաձեռնությանը` սկսած գործընթացն ավարտական փուլին հասցնելու նպատակով:

Դիտվել է 1940 անգամ:
Print Friendly

Leave a Reply