Հանրային խորհուրդը կապող օղակ է իշխանության և հասարակության միջև

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 7, 2010 20:00

Նյու Յորքում ավարտվեց «Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիա» (ՏՍԽՄԱ) կազմակերպության` «ՏՍԽների դերը նոր համաշխարհային տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի կառավարման համատեքստում» թեմայով տարեկան համաժողովը:

Այս տարի համաժողովին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

2009թ ՀՀ Հանրային խորհուրդը դիմել է ՏՍԽՄԱին նախ ասոցիատիվ անդամի կարգավիճակով, իսկ հետո նաև լիարժեք անդամ դառնալու ցանկությամբ:

ՀՀ ՀԽի անդամակցությունը ՏՍԽՄԱին, շատ արդյունավետ կարող է դառնալ ինչպես այլ երկրների ՏՍԽների հետ փորձի փոխանակման և գործունեության բարելավման, այնպես էլ հենց Հայաստանում դրա դերի բարձրացման տեսանկյունից:

Սա ՀԽի` որպես կազմակերպության լիիրավ անդամ, 1-ին մասնակցությունն է տարեկան համաժողովին: Այս համաժողովի ժամանակ էլ հայկական ՀԽն հայտարարվել է ասոցիացիայի անդամ:

Համաժողովի ժամանակ խոսք է տրվել նաև հայկական պատվիրակությանը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը դիմելով ներկաներին` շնորհակալություն է հայտնել ՏՍԽՄԱի(AICESIS) գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու հրավերի համար: Մանուկյանն իր հուլիսի 7-ի ելույթում նշել է.

Հայաստանն իր անկախությունը, ինչպես և ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները, ստացավ խորհրդային կայսրության փլուզումից հետո` 1992 թ.: Բայց Հայաստանն այն բացառիկ հանրապետություններից էր, որտեղ ժողովրդավարական շարժումը և անկախության շարժումը սկսվեցին դեռ 1988 թ.` մշտապես մի քայլ առաջ լինելով Խորհրդային Միության մյուս հանրապետություններում տեղի ունեցող գործընթացներից, էապես ազդելով այդ պրոցեսների բովանդակության, ուղղվածության և արագության վրա: Հայաստանում 1988 թ. տեղի ունեցավ առաջին համազգային գործադուլը, որը անհնարին էր թվում Խորհրդային Միության պայմաններում: 1990 թ., դեռ Խորհրդային Միության կազմում, Հայաստանում տեղի ունեցան առաջին այլընտրանքային խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ժողովրդավարական շարժումը ձևավորեց խորհրդարան, կառավարություն, և Հայաստանը, այսպիսով, առաջինն էր, որտեղ կոմկուսը 1990 թ. կորցրեց իր բոլոր իշխանական լծակները:

Թվում էր, որ այս պայմաններում անկախություն ստանալուց հետո Հայաստանը առաջինը պետք է արագ քայլերով ձևավորեր քաղաքացիական հասարակություն, զարգացող ժողովրդավարական ինստիտուտներ:

Բայց այդ նույն ժամանակ մեր տարածաշրջանում մի ոչ ավելի պակաս կարևոր գործընթաց կար` Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը սահմանադրական ճանապարհով` հիմնվելով Խորհրդային Միության օրենսդրության և իրավական ակտերի վրա: Եվ այդ շարժումը, որը կատարվում էր խիստ իրավական ճանապարհով, նույնպես ԽՍՀՄ փլուզման դետոնատոր հանդիսացավ` օրինակ ծառայելով մյուս ժողովուրդների համար, ոտքի հանելով մերձբալթյան հանրապետությունները:

1988 թ. փետրվարի 20-ին Ղարաբաղի Ինքնավար մարզն իր խորհրդարանի միջոցով հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալը, որը հետագայում հաստատվեց միջազգային չափանիշներով անցկացված հանրաքվեի միջոցով (1991 թ. դեկտեմբերի 10):

Քանի որ Ղարաբաղի բնակչությունը 80%-ով բաղկացած էր բնիկ հայերից, որոնք ապրում էին իրենց պատմական հայրենիքում, Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ այդ տարածաշրջանի գործընթացների նկատմամբ: Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ բոլոր հանրապետությունները անկախություն ստացան (Ղարաբաղն արդեն Ադրբեջանի կազմում չէր), Ադրբեջանը պատերազմ հայտարարեց Ղարաբաղին` ցանկանալով ռազմական ճանապարհով նորից գրավել այդ տարածքը: Դա նրան չհաջողվեց: Մենք ակամա ներքաշվեցինք պատերազմական գործողությունների մեջ: Հայաստանը հայտնվեց շրջափակման մեջ. փակվեցին Ադրբեջանի միջով անցնող բոլոր ճանապարհները, Թուրքիան միակողմանի փակեց բոլոր ճանապարհները Հայաստանի հետ, և դրանք փակ են մինչև հիմա: Վրաստանի ճանապարհները գրեթե փակվեցին նրա ներքին անկայուն ռազմական վիճակի պատճառով (Աբխազիա, Հյուսիսային Օսիա), մնաց միայն լեռնային մի նեղ ավտոճանապարհ, որը միացնում էր Հայաստանը Իրանի հետ: Մենք հայտնվեցինք շրջափակման մեջ:

Բնական է, որ այդ ամենը` պատերազմը, շրջափակումը, ստեղծելով սոցիալական լարվածություն, չէր կարող չազդել Հայաստանի ներսում ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման գործընթացների վրա:

2008 թ., ցանկանալով նպաստել ներքաղաքական համերաշխությանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, հաշվի առնելով ժողովրդի տարբեր շերտերի ցանկությունները, հանրապետության նախագահը նախաձեռնեց Հանրային խորհրդի ստեղծումը:

Հանրային խորհրդի նպատակներն են` ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների շահերի ներկայացումը պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում, պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ծառացած խնդիրների վերհանումը, քննարկումը, առաջարկությունների ներկայացումը թե՛ պետական մարմիններին և թե՛ հասարակությանը, քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստող ավանդույթների ձևավորումը, ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների օրինական շահերի, իրավունքների ու ազատությունների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման աջակցումը:

ՀՀ հանրային խորհուրդն իրավասու է իրականացնել ՀՀ օրենքների և այլ նորմատիվ ակտերի փորձաքննություններ, հանրային հնչեղություն ունեցող խնդիրների, օրենքների և որոշումների վերաբերյալ անցկացնել խորհրդակցություններ և լսումներ` ներգրավելով քաղաքացիներին, հասարակական միավորումների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Կարևորելով ՀԽ դերը երկրի հանրային կյանքում` կատարվում են փոփոխություններ ՀՀ Ազգային ժողովի և կառավարության կանոնակարգերում` հնարավորություն տալով Հանրային խորհրդին մասնակցելու այդ մարմինների աշխատանքներին և ներկայացնելու իր դիրքորոշումը:

Լինելով ապաքաղաքականացված մարմին` Հանրային խորհուրդը հիմնվում է ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների, սփյուռքի ներկայացուցիչների կամավոր մասնակցության սկզբունքի վրա:

ՀՀ Հանրային խորհուրդը կազմված է 36 անդամներից և 12 ոլորտային հանձնաժողովներից:

Արձագանքելով հասարակությանը հուզող խնդիրներին` յուրաքանչյուր հանձնաժողով ակտիվորեն աշխատում է, կազմակերպում նիստեր, ձևավորում աշխատանքային խմբեր` տվյալ ոլորտին առնչվող հարցերը քննարկելու նպատակով: Մեզ մոտ հասարակական հիմունքներով աշխատում են 130 ակադեմիկոսներ, դոկտորներ և պրոֆեսորներ, 310 գիտությունների թեկնածուներ, 22%-ը ներկայացնում են մարզերը: Նշեմ նաև, որ հանձնաժողովների անդամների 25%-ը կանայք են:

Այժմ կցանկանայի անդրադառնալ մի քանի կարևորագույն խնդիրների, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում հայտնվել են Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում:

2009 թ. հունիսին, անդրադառնալով հասարակության լայն շրջանակներում և զանգվածային լրատվության միջոցներում քննարկվող համաներման հարցին, Հանրային խորհուրդը կազմակերպեց այդ հարցի վերաբերյալ լայն քննակումներ, որոնց արդյունքում մշակվեցին առաջարկություններ, մատնանշվեցին այն խմբերը, որոնց վրա պետք է տարածվի համաներումը: Այդ առաջարկությունները ներկայացվեցին ՀՀ նախագահին, և դրանց մեծ մասը ներառվեց ՀՀ Ազգային ժողով նրա կողմից համաներում հայտարարելու մասին առաջարկության մեջ:

Հաջորդ կարևոր հարցը, որի քննարկումներին ՀՀ հանրային խորհուրդն ակտիվորեն մասնակցեց, հայ-թուրքակական հարաբերությունների կարգավորումն էր: Բոլորին հայտնի է, որ 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացվեց հայ ժողովրդի ցեղասպանություն, որի հետևանքով զոհվեց 1,5 միլիոն հայ, և մեր պատմական հայրենիքից տեղահանվեցին հարյուր հազարավոր հայրենակիցներ: Բացի այդ, ցանկանում եմ հիշեցնել, որ 1993 թվականից ի վեր Թուրքիայի կողմից իրականացվում է Հայաստանի միակողմանի շրջափակում` պայմանավորված արցախյան ազատագրական շարժման հանդեպ Թուրքիայի միակողմանի դիրքորոշումով: Եվ այս պայմաններում փորձ արվեց գտնել շփման եզրեր երկու պետությունների միջև: Քննարկումները թե՛ ՀԽ հանձնաժողովներում և թե՛ ՀԽ շրջանակներից դուրս ցույց տվեցին մեր հասարակության և սփյուռքի կողմից որոշակի դիմադրություն այդ հարցի առնչությամբ: Եվ այս պայմաններում Հայաստանի իշխանությունները ցուցաբերեցին խիզախություն` հարցին դրական ընթացք տալու համար: Սակայն, չնայած Հայաստանի բարի կամքին, Թուրքիան չկատարեց իր ստանձնած պարտավորությունները և տապալեց կարգավորման գործընթացը:

Հայաստանը, ինչպես նաև շատ այլ նորանկախ երկրներ, բազմաթիվ խնդիրներ ունի գյուղատնտեսության ոլորտում: Հանրային խորհուրդը, քննարկելով այդ ոլորտի հարցերը, եկավ այն եզրակացության, որ այդ հիմնահարցերի լուծման տարբերակներից լավագույնը գյուղական կոոպերացիայի զարգացումն է Հայաստանում: Հաշվի առնելով նաև համաշխարհային փորձը` Հանրային խորհուրդը ձեռնամուխ եղավ կոոպերացիայի շարժմանը և կհետևի, որ այդ շարժումն ունենա իր զարգացումը Հայաստանում: Խորհրդի մշակած առաջարկությունների փաթեթն արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը և ներառվեց կառավարության մշակած գյուղատնտեսության ռազմավարական ծրագրի մեջ:

Մեկ այլ հիմնախնդիր, որը հուզում էր մեր հասարակությանը, հայկական հեռուստաեթերի բովանդակության հարցն էր: Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, անհատ քաղաքացիներ իրենց դժգոհությունն էին հայտնում հեռուստաեթերի ներկա որակից: ՀԽ-ն ստեղծեց աշխատանքային խումբ` ներգրավելով այդ ոլորտին առնչվող մասնագետներ, որը, առաջնորդվելով խոսքի ազատության սկզբունքներով, մշակեց ՀՀ-ում հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկայի սկզբունքների խարտիան, ինչը և ստորագրեցին գրեթե բոլոր հեռուստաընկերությունները: Ներկայումս այդ խարտիայի շրջանակներում հեռուստաընկերությունների ներկայացուցիչները ստեղծել են մոնիթորինգային խումբ, որն ավելի կհստակեցնի խարտիայում ամրագրված նորմերի կիրառությունը:

Հանրային խորհուրդը սերտորեն համագործակցում է Հայաստանում գործող բազմաթիվ արհմիությունների հետ` փորձելով Ազգային ժողովի միջոցով անցկացնել օրինագծեր, որոնք կպաշտպանեն աշխատավորների իրավունքները և բարենպաստ պայմաններ կստեղծեն արհմիությունների զարգացման համար:

Ինչպես AICESIS-ին անդամակցած բազմաթիվ երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների, այնպես էլ ՀՀ հանրային խորհրդի հիմնական նպատակն է միջնորդ հանդիսանալ և սատարել իշխանություն-հասարակություն հարաբերությունները, դառնալ այն կապող օղակը, որը հնարավորություն կտա հասարակությանն ազդելու իշխանության վարած քաղաքականության վրա, իսկ իշխանությանը` իր գործողություններն ուղղորդել հասարակության պահանջներին համընթաց:

Ժամանակակից աշխարհում, երբ երկրներում տեղի ունեցող գործընթացները շաղկապված են, բազմաթիվ խնդիրներ ընդհանրական են, որոնք հնարավոր չէ լուծել միայնակ, տարբեր ճգնաժամեր հաղթահարելու և զարգանալու գլխավոր երաշխիքը սերտ համագործակցությունն է:

Հուսով եմ, որ ՀՀ հանրային խորհրդի անդամակացությունն այս միջազգային կառույցին կդառնա մեր երկրում քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանն ուղղված քայլերի նոր խթան: AICESIS-ին անդամակցած կազմակերպությունների շփումը բազմաթիվ սեմինարների և հանդիպումների շրջանակներում հնարավորություն կտա բարենպաստ մթնոլորտ ստեղծելու փորձի փոխանակման և համատեղ քննարկումների համար մեր երկրների առաջ ծառացած խնդիրների լուծման հարցում:

Դիտվել է 2377 անգամ:
Print Friendly

Leave a Reply