Մայքլ Ջեքսոն. Նա գնաց «Նեվրլենդ»

ԷՍՍԵ | | July 4, 2009 15:56

Փոփ-արքա, գերաստղ, երգի աստված, երգի դեսպան, մարդ-լեգենդ և բազմաթիվ այլ գերտիտղոսներ ստացած Մայքլ Ջեքսոնը, որ փառքի սանդուղքներով դժվար բարձրացել ու հեշտ վայր էր գցվել` շոուբիզնեսի խաղի դաժան կանոնների համաձայն, մի քանի օրից վերադառնալու էր նոր համերգաշարով, բայց… Վերադարձավ իր մահով: Եվ ոչ թե սպասելի փառահեղ շոուհամերգը, այլ անսպասելի մահը վերականգնեց նրա փառքը, դարձրեց համաշխարհային ԶԼՄ-ների վերնագիր ու գերթեմա, հիշեցրեց նրա բոլոր տիտղոսներն ու կրկին դարձրեց ամենապահանջվածը` հենց մահվան օրը ռեկորդային վաճառք արձանագրած ալբոմներով:

“The doors” խմբի ստեղնահար Ռեյ Մանզարեկն ասում էր, որ առանց «սև մշակույթի»` ամերիկացիները «դեռ պարելու էին շղթայական մենուետը»: Մենուետի շղթայապարը քանդողների մեջ է նաև Մայքլ Ջեքսոնը, չնայած նա «սև մշակույթ»ի սևն ամեն կերպ փորձում էր ջնջել` իր մաշկը գունաթափելով: Ըստ տեսաբանների` «սև երաժշտությունն» այսօր սևամորթության դրսևորման էական ձևերից է մի աշխարհում, ուր որոշակիորեն ռասայականացված են մշակութային ավանդույթները, և ուր, օրինակ, Եգիպտոսի թագուհի Կլեոպատրային մարմնավորում է ճեփ-ճերմակ Էլիզաբեթ Թեյլորը: Սոցիոլոգ, գրող և DJ Ռոզա Ռայթսամերը «Կանանց երկխոսություն» գրքում գրում է. «Ռոքի և փոփի ոլորտում յուրահատուկ նախատիպերը միախմբում են սպիտակությունն ու տղամարդկայինը»: Բայց դժվար է Ջեքսոնին տեղավորել նաև տղամարդկայինը հատկանշող երաժշտական ավանդույթի մեջ: Առհասարակ, դժվար է Մայքլ Ջեքսոնին տեղավորել ռասայի ու սեռի դասակարգումների մեջ, քանի որ նա իր սեփական մարմնով փորձել էր ջնջել դրանց տարբերանշանները:

Ջեքսոնի հետմահու եթերարշավի մեջ լսեցի մի մեկնաբանություն, թե նա առաջինն էր, որ իր փառքով կարողացավ հաջողության դուռ բացել նաև այլ սևամորթների, օրինակ` հայտնի հաղորդավար Օփրահի և… նույնիսկ ԱՄՆ նախագահ Օբամայի համար: Ինչ վերաբերում է Օբամային, ես, որ նրա քարոզարշավին սեփական լումայով, ավելի ճիշտ` դոլարով եմ մասնակցել (Ամերիկայում ապրող ընկերուհիս իմ անունով 10 դոլար էր նվիրել), առաջին հիասթափությունս ապրեցի, երբ ընտրության նախաշեմին Օբաման սկսեց հորդորել սևամորթներին այլևս չհագնել կախ ու լմփոշ շալվարներ: Սա ասես «սպիտակ» աշխարհի խաղի կանոններով հաջող կարիերա արած ու կախշալվարավորների վատ համբավից ու կարգավիճակից վեր ելած գերազանցիկի կոչ է, որ «սպիտակ»-ի դիտանկյունից դաստիարակում է «սև մշակույթ»-ի ներկայացուցիչներին: Փաստորեն, «Հարսնացուն հյուսիսից»-ի Երվանդի` «կոստյո՞ւմն է, որ պի֊տի զարդարի քեզ» հռետորական հարցը դրական պատասխան ունի մի աշխարհում, ուր գերիշխող մշակութային տիրապետության տակ ռասայականացվում են ինքնության տարբերությունների շեշտադրումները:

Մայքլ Ջեքսոնի մանկության տարիներին կախ ու լմփոշ շալվարները մոդա չէին, բայց սևամորթների բազմազավակ (9 երեխա) ընտանիքում ծնված տղան, որ հետագայում ինքն էր մոդա թելադրելու, երևի շատ կերազեր, որ միայն հագուստ փոխելը հաջողության գրավական լիներ: Բայց նա իր բեմական փառքի ճանապարհին ուրիշ խոչընդոտ էր տեսնում` սեփական մաշկն ու աֆրոամերիկացու արտաքինը, ոչ թե լմփոշ շալվարը, այլ լմփոշ քիթը, որ դժվար էր շորի պես հանել ու գցել: Եվ նա փորձեց անել անհնարինը: Նա արեց ավելին, քան խորհուրդ էր տալիս Օբաման, հրաժարվեց ոչ թե մշակութային ինքնության, այլ ռասայական պատկանելության նշաններից: Ջեքսոնը ողջ կյանքում պայքարեց սեփական դեմքի դեմ, իր սևամորթության դեմ, պլաստիկ վիրահատություններով ու տարբեր պրոցեդուրաներով ձևափոխեց այն ամենը, որ հիշեցնում էին իր ռասան, մաշկից ասես քերեց սև գույնը, «նեգրական» գռուզ մազերը փափուկ ու հարթ դարձրեց, քիթը երևի այնքան կտրատեց, որ պարոդիայի առիթ տվեց Էմինեմին, ում տեսահոլովակում ծաղրանմանակված փոփ-արքայի քիթը պոկվում-ընկնում է: Եվ Գինեսի ռեկորդների գրքում տեղ գտած «բոլոր ժամանակների ամենահաջողակ երաժիշտն» այլևս ոչնչով չէր հիշեցնում այն 11-ամյա «նեգրիկին», որ պատանեկան ոգևորությամբ երգում էր ընտանեկան «The Jackson 5» խմբում:

Այսօր Մայքլի մասին բոլոր հաղորդումներում ցուցադրվում է այդ խմբի ելույթը, ուր միայն աչքերով ճանաչելի տղեկին ընկալում ենք իբրև արքայազն, քանի որ արդեն տեսել ենք նրա «թագավորությունը», բայց վաղը շոու֊բիզնեսը թափուր գահի համար նոր թեկնածու կգտնի. փոփ-արքան մեռավ, կեցցե փոփ-արքան: «Եվրոնյուզ»-ը պատմում է, որ Մայքլ Ջեքսոնը երեխաների համար կառուցել էր «Նեւըրլենդ» (անհնարին աշխարհ) հեքիաթային աշխարհը, բայց ինքը չկարողացավ իրականությունից թաքնվել այդ կախարդական աշխարհում: Սգացող երկրպագուներից մեկի պլակատին գրված էր` «հրեշտակը գնաց դրախտ»: Հրեշտակների ու դրախտի մասին ոչինչ չգիտեմ, բայց կարծում եմ, որ մահը Մայքլի համար կլինի իսկական կախարդական «Նեւըրլենդ», ուր ստիպված չես մաշկիդ գույնը փոխել, քանի որ նա բոլորին հավասար է դարձնում այնպես, ինչպես կյանքն է ծնունդ տվել:

Դիտվել է 5051 անգամ:
Print Friendly

Leave a Reply