Սխալների կատակերգություն

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 8, 2010 6:00

Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության ընթացքին հետևող ՖԻՖԱ-ի նախկին մրցավար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսուչ Կարեն Նալբանդյանը սիրով կիսեց այդ ստուգատեսից ստացած իր տպավորությունները:

– Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ հանդիպումները վառ տպավորություն չեն թողել: Ֆուտբոլի Եվրոպայի, աշխարհի նախորդ առաջնությունների եզրափակիչ փուլի հետ համեմատելով` կարելի է նկատել, որ գրավիչ խաղերի թիվն այնքան էլ շատ չէ: Թերևս, պատճառն այն է, որ հավաքականների մեծ մասը հիմնականում կարևորում է արդյունքը, և դրանից ֆուտբոլը կորցնում է գեղեցկությունը: Գուցե այդ է պատճառը, որ ֆուտբոլային վառ անհատականություններին այդպես էլ չի հաջողվում փայլել, լիովին դրսևորել իրենց կարողությունները:

– Անսպասելի բաներ եղե՞լ են:

– Խաղում են աշխարհի ուժեղագույն հավաքականները: Այնպես որ, ամեն բան օրինաչափ է: Լատինական Ամերիկայի երկրների համար ձախողում պետք է համարել այն, որ այդ տարածաշրջանից կիսաեզրափակիչ մեկ թիմ էր անցել, երբ քառորդ եզրափակչում չորս հավաքական էր:

– Այս առաջնությունում չարիք են դարձել ձայներ արձակող սարքերը` վուվուզելները:

– Մինչև աշխարհի առաջնության մեկնարկը դրանց կիրառումը հանդիպումների ժամանակ պետք է արգելվեր: Կեսից որևէ կտրուկ քայլ կատարելն անհնարին է: Բայց դա մեծ անախորժություն չէ: Ամեն երկրում ֆուտբոլային հանդիպումների ժամանակ յուրօրինակ ձևով են ցավում, փորձում քաջալերել իրենց թիմերին: Որոշ երկրներում այդ նպատակով շարունակ հարվածում են մեծ թմբուկներին: Վուվուզելների առաջացրած աղմուկը մի փոքր շատ է, բայց կարելի է հանդուրժել:

– Առաջնությունում մրցավարական սխալները շատ են: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Կարծում եմ` այս առաջնությունը, այնուամենայնիվ, տարբերվում է նախորդից` Եվրոպայի վերջին առաջնությունից այն առումով, որ մրցավարության մակարդակը բարձր է: Այդուհանդերձ եղել են նաև մրցավարական կոպիտ վրիպումներ, նկատի ունեմ 1/8 եզրափակիչ Գերմանիա – Անգլիա (4:1), Արգենտինա – Մեքսիկա (3:1) հանդիպումների ժամանակ կատարվածը, երբ սխալվեցին ճանաչված մրցավարներ ուրուգվայցի Խորխե Լարոնդան և իտալացի Ռոբերտո Ռոզետին: Հնարավոր է, որ առաջնության ավարտից հետո քայլեր ձեռնարկվեն, որ նման սխալները հետագայում նվազեն:

– Մի շարք մարզաձևերում, այդ թվում նաև` տափօղակով հոկեյում, մրցավարներին թույլատրվում է դիմել տեսագրությունների օգնությանը և դրանից հետո միայն վճիռ կայացնել: Ինչո՞ւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունն արգելեց անգամ վիճահարույց դրվագների ցուցադրումը մարզադաշտերում տեղադրված մեծադիր էկրաններին:

– Տեսակետ կա, որ ֆուտբոլը սխալներով է գեղեցիկ: Այդուհանդերձ, դրանց հետևանքով ոչ միայն թիմերը, այլև գրավախաղերի մասնակիցները մեծ փողեր են կորցնում: Ընդ որում, առանց տեսագրության հնարավոր չէ պարզել` մրցավարը սխալվե՞լ է, թե՞ ոչ: Դժվարանում եմ ասել, թե ինչո՛ւ է արգելվել վիճահարույց դրվագների ցուցադրումը մարզադաշտերի մեծադիր էկրաններին:

– Ո՞ր երկրի հավաքականի համար եք ցավում:

– Ֆրանսիայի, Բրազիլիայի հավաքականների երկրպագուն եմ: Բայց շատ տխուր չեմ, որ այդ երկրների ներկայացուցիչները չեն շարունակում պայքարը: Բանն այն է, որ միայն սրտանց կարելի է ցավել, ապրումներ ունենալ քո երկրի ազգային հավաքականի համար: Իսկ մյուս երկրների հավաքականների համար ցավում ես, քանի որ ինքդ ես քեզ այդպես տրամադրում:

Դիտվել է 1820 անգամ:
Print Friendly

Leave a Reply