Տապալում` հայկական շախմատում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 14, 2010 16:17

2005-ից կրկին հայկական շախմատում այդ առումով աշխուժություն նկատվեց: Ստեղծվեց շախմատի «Միկա» ակումբը, որն արդեն սկսեց ուժեղ լեգեոնականներով համալրված տղամարդկանց և կանանց թիմեր մրցասպարեզ հանել: Ստեղծվեց նաև «Բանկային արքա» հնչեղ անունով տղամարդկանց թիմը: Եվ Հայաստանի ակումբային առաջնություններում պայքարն ավելի հետաքրքիր դարձավ: Լուրջ ուժ էին ներկայացնում Գյումրիի, «Շախմատային ակադեմիայի», ՖԻՄԱ-ի ներկայացուցիչները: Վերջինս էլ, իրեն լավ դրսևորելով, իրավունք ստացավ անգամ մասնակցելու եվրոպական ստուգատեսին: Եվ այն տպավորությունն էր, որ Հայաստանում ակումբային շախմատը, ինչպես եվրոպական երկրներում, զարգանում է: Ամենակարևորը` սուր մրցակցություն էր ծավալվում Հայաստանի առաջնությունում աչքի ընկնելու համար, քանի որ հաջողակներին իրավունք էր վերապահվում մեր երկիրը ներկայացնելու եվրոպական ստուգատեսում:

Ի դեպ, արտասահմանում բնակվող շախմատիստները, որպեսզի հայկական ակումբների կազմերը համալրեն, մեր երկրի առաջնությունում առնվազն երկու պարտիա պետք է անցկացնեն: Հակառակ պարագայում, եթե Եվրոպայի առաջնությունում հայտավորվեն մեր թիմերում, ակումբները, որպես փոխհատուցում, մեծ փողեր պետք է վճարեն: Այնպես որ Հայաստանի առաջնություններում հանդես գալու համար դրսից խաղացողներ էին  գալիս, և դա էլ իր հերթին աշխուժություն էր առաջացնում:

Սակայն այս տարվա շախմատի Հայաստանի ակումբային առաջնություն չի անցկացվի, այն տապալվել է: Առաջին հայացքից դա կարող է զարմանալի թվալ, որովհետև մեզ շախմատային երկիր ենք համարում: Բայց փաստն այս է. Հայաստանի շախմատի տղամարդկանց  և կանանց առաջնություններ չեն անցկացվելու դրանց մասնակցել ցանկացողներ չլինելու պատճառով: Սա առնվազն զավեշտ է, քանի որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջոցառումների օրացուցային ծրագրում այս ստուգատեսի կազմակերպումը նախատեսված է: Բայց պարզվում է, որ ծրագիր կազմելը մի բան է, այն իրականացնելը` մեկ այլ:

Սովորաբար շախմատի Հայաստանի ակումբային առաջնություններն անցկացվում են հունիսին: Այս անգամ էլ որոշվել էր, որ այն պետք է անցկացվի հունիսի 10-20-ը: Իսկ որ  2010-ի առաջնությունը հնարավոր է` ձախողվի, պարզ էր դարձել ավելի վաղ: Բանն այն է, որ նախքան մեկնարկը թիմերը պետք է հայտեր ներկայացնեն: Եվ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ստիպված էր  հետաձգել մրցումների անցկացման ժամկետները, սակայն դրանից պատկերը չփոխվեց: Սկզբում նախատեսված էր, որ ամեն բան պետք է արվի մինչև մայիսի 15-ը: Հետո այդ ժամկետը երկարաձգվեց մինչև հունիսի 1-ը: Ապա ավելացվեց ևս 15 օր: Այն տպավորությունն էր, որ միայն «Միկա» ակումբի ներկայացուցիչներն են շահագրգռված, որ այդ առաջնությունը կայանա: Ընդ որում, այդ ակումբի տղամարդկանց թիմը Եվրոպայի նախորդ առաջնությունում գրավել էր 2-րդ տեղը, և կազմակերպիչները թույլատրել էին, որ  թիմն առանց որևէ խնդրի մասնակցի նաև առաջիկա առաջնությանը: Իսկ «Միկայի» ներկայացուցիչների համար Հայաստանի առաջնությունն էական էր այնքանով, որ մասնակցելով դրան` թիմը կարող էր լուծել լեգեոնականների Եվրոպայի առաջնությունում խաղալու հարցը: Նրանք, Հայաստանի առաջնությունում հանդես գալով,  իրավունք կստանային անարգել մասնակցել Եվրոպայի առաջնությանը, և ակումբն այդ խաղացողներին հայտավորելու համար տուգանքներ չէր վճարի:

Հայաստանի շախմատի կենտրոնական տան տնօրեն Հրաչյա Թավադյանի կարծիքով` թիմերը չեն մասնակցում Հայաստանի առաջնությանը, քանի որ հնարավորություն չունեն պատվիրակներ գործուղելու եվրոպական ստուգատեսին: Այդպիսի հնարավորություն ունի միայն «Միկան», և դա կարող է անել առանց առաջնության մասնակցելու:

Այդուհանդերձ, խայտառակություն է, որ  մի մարզաձևի Հայաստանի ակումբային առաջնություն չենք անցկացնում, որը մեր երկրում  բարձր մակարդակ ունի: Այսինքն` շատ երիտասարդ խաղացողներ ունենք, ովքեր կարող են տարբեր ակումբների թիմերը համալրել: Ընդ որում, դա նրանց համար ֆինանսներ աշխատելու, պրոֆեսիոնալ դառնալու լավ հնարավորություն կլիներ: Սակայն Հայաստանում ակումբային շախմատը զարգացնելու մասին գրեթե մտածող չկա: Հայտնի չէ, թե ինչ է եղել «Բանկային արքա» թիմը,  ուր են կորել Հայաստանի տարբեր մարզական ընկերությունների թիմերը, ինչու մեր երիտասարդ լավագույն խաղացողներով համալրված ՖԻՄԱ-ին հովանավորող չկա և այլն: Ընդ որում, Հայաստանի շախմատի ֆեդերացիան էլ ոչինչ չի անում  ակումբային շախմատը զարգացնելու համար, ամեն բան մատնվել է ինքնահոսի:

Մի բան հստակ է` այսպես շարունակել չի կարելի:

Հոկտեմբերի 16-24-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալիք Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում Հայաստանը փաստորեն ներկայացնելու են «Միկա» ակումբի տղամարդկանց և կանանց թիմերը: Տղամարդկանց թիմում են Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրեասյանը: Ամենայն հավանականությամբ, նրանց կմիանա նաև երիտասարդ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը:

Շախմատիստուհիների թիմի խաղացողներն են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Հնդկաստանի ներկայացուցիչ Հարիկա Դրոնավալին: Ի դեպ, վերջինիս մասնակցելու համար ակումբը ստիպված կլինի տուգանք վճարել: Նախատեսվում էր թիմում ընդգրկել նաև ռուսաստանցի մի հանրածանոթ մարզուհու, սակայն Հայաստանի առաջնության խափանումը խանգարել է: Չի խաղա նաև Վրաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Նինո Խուրցիձեն, որը «Միկայի» հիմնադրման օրից հանդես է եկել այդ ակումբից: Նրա ամուսինը  խնդիր է դրել՝ խաղալ միայն վրացական թիմում:

«Միկա» շախմատի ակումբի գործադիր տնօրեն Աշոտ Վարդապետյանը հայտնեց, որ կանանց թիմի առջև խնդիր է դրվել Եվրոպայի առաջնությունում պայքարել  առնվազն հնգյակում լինելու համար: Իսկ մեր տղամարդկանց հավաքականը կրկին կփորձի մեդալակիր դառնալ: Ի դեպ, առաջին անգամ Ադրբեջանի ներկայացուցիչները նախապատրաստվում են ուժեղ թիմով մասնակցել Եվրոպայի ակումբային առաջնությանը:

Դիտվել է 1339 անգամ:
Print Friendly

Leave a Reply