Հայերն Ամերիկայում զարմացնում են

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 15, 2010 15:19

Մարմնամարզության մոսկովյան օլիմպիական խաղերի չեմպիոն Էդուարդ Ազարյանը Երևանում է: Ազարյանների ընտանիքում կրկին մեկ հարկի տակ միասին են  օլիմպիական խաղերի երկու չեմպիոնները: Եվ ամենից շատ ուրախ է  օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը: 19 տարի է, ինչ Էդիկն ԱՄՆ-ում է, իսկ վերջին անգամ հարազատ միջավայրում եղել է 2004-ին:

Կրտսեր Ազարյանը սիրով պատասխանեց «Անկախ»-ի հարցերին:

– Ի՞նչն է բերել քեզ Հայաստան:

– Կարոտը, հարազատներին տեսնելու ցանկությունը, ընտանեկան հարցերը:

– Հետաքրքիր է` ինչո՞վ ես զբաղվում օվկիանոսի այն կողմում:

– ԱՄՆ տեղափոխվելու առաջին իսկ օրից իմ նախասիրած աշխատանքով եմ զբաղվել: Հինգ տարի է արդեն` Կալիֆոռնիայի Ալիսո Վիեգո քաղաքում գլխավորում եմ «Ազարյանական մարմնամարզության» կենտրոնը: 800  այցելու կա մասսայական մարզումների խմբերում, ևս 120 պատանի իր վարպետությունն է կատարելագործում անմիջապես իմ հսկողությամբ անցկացվող պարապմունքներում: Նրանք ԱՄՆ–ի հավաքականի անդամ կամ թեկնածու են: Ներկայումս իմ սաներից երկուսը ԱՄՆ երիտասարդական հավաքականի անդամ են: Առաջ ունեի ԱՄՆ հավաքանի չորս անդամ: Այդ մարմնամարզիկներն այժմ ուսումը շարունակում են քոլեջում, այսինքն` ներկայումս այլ բանի վրա են կենտրոնացած: ԱՄՆ-ում  ուրիշ համակարգ է: Հետաքրքիրն այն է, որ  ուսումը վճարովի է և թանկ, բայց եթե մարզիկն այդ երկրի հավաքականի կազմում է ընդգրկվել, ապա ազատվում է ոչ միայն  վճարելու հոգսից, այլև ձրի կացարան է ստանում, դասագրքեր և այլն: Կարճ ասած, ուսումնառության չորս տարիների ընթացքում  250 հազար դոլար է խնայում:

– Սաներիդ թվում եղե՞լ են այնպիսիները, ովքեր հաղթել  կամ մրցանակակիր են դարձել ԱՄՆ առաջնություններում:

– Շատ են: Օրինակ` վերջերս13 տարեկանների ԱՄՆ առաջնությունում իմ աշակերտը` Մարտին Ստրեչը, բազմամարտում երկրորդը ճանաչվեց, իսկ պտտաձողի վրա վարժություններում դարձավ չեմպիոն: Առաջնությանը 700-ից ավելի երեխա էր մասնակցում:

– Հաջողության հասնողների թվում կա՞ն հայ պատանիներ:

– Ցավոք, իմ գլխավորած կենտրոնում չկա ոչ մի հայ  մարմնամարզիկ և մարզիչ: Դժվարանում եմ այդ ամենի պատճառը գտնել: Հայկական եկեղեցի եմ այցելել և խնդրել մեր հայրենակիցներին, որ իրենց երեխաներին պարապմունքների բերեն: Խոստացել են, սակայն արդյունք չկա:

– Մարզումները վճարո՞վի են:

– Այո: Դա անխտիր անում են բոլոր նրանք, ովքեր մարմնամարզության կենտրոնում պարապում են:

– Վերջին  տարիներին մարմնամարզությունն ԱՄՆ-ում կտրուկ վերելք է ապրել, մարմնամարզիկները հաջող են հանդես գալիս օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում: Քո կարծիքով` ինչո՞վ է պայմանավորված դա:

– Գաղտնիք չկա, պարզապես գերազանց պայմաններ են ստեղծված պարապմունքների  համար,  մարզասրահներն ապահովված են ժամանակակից մարզագործիքներով, իսկ ամենագլխավորն այն է, որ ամեն բան արվում է, որ մարզիկներն անվտանգ պայմաններում կատարելագործեն իրենց վարպետությունը: Մարմնամարզությունը համարձակության հետ է կապված, և անզգույշ ամեն մի քայլ կարող է հաշմանդամության պատճառ դառնալ: Իսկ երբ  անվտանգությունն ապահովված է, մարմնամարզիկը և նրա մարզիչն ավելի անկաշկանդ են աշխատում, քանի որ երկուսն էլ զգուշանալու բան չունեն, երբ այս կամ այն բարդ տարրը կամ կապակցությունն են փորձարկում:

– Դու ֆիզկուլտուրային և իրավաբանական բարձրագույն կրթություն ունես: Դա նշանակություն ունի՞ ԱՄՆ-ում:

– Ամերիկայում այդպիսի բաներին ուշադրություն դարձնող չկա: Առնվազն պետք է անգլերեն իմանաս, իսկ աշխատելու համար` գիտելիքներ, հմտություններ ունենաս: Պետք է առաջին հերթին գործով ապացուցել, թե ինչի ես ունակ: Այսինքն` կարևորվում է արդյունքը: Իսկ ճանաչում ձեռք բերելու համար, հատկապես սկզբնական շրջանում, ինքս  մեծ ջանքեր եմ թափել:

– Ամերիկայում բա՞րձր է մարմնամարզության մարզիչների վարձատրության չափը:

– Սկսնակների խմբերի հետ պարապող մասնագետն ամիսը ստանում է շուրջ երկու հազար դոլար:

– Անկախացումից հետո Հայաստանի մարմնամարզության տասնյակ մասնագետներ են տեղափոխվել տարբեր երկրներ: Ամերիկայում էլ նրանց թիվը քիչ չէ: Մերոնք օտար ափերում հաջողություններ ունե՞ն, նրանց աշխատանքը գնահատվո՞ւմ է:

– Աշխարհի չեմպիոն Արթուր Հակոբյանը Լոս Անջելեսում  մարմնամարզության ակումբ է հիմնել, սակայն, ի տարբերություն ինձ, նա պարապում է ոչ թե մարմնամարզիկների, այլ մարմնամարզուհիների հետ: Նշանակալի հաջողություններ կան: Նրա սաների թվում  կան ԱՄՆ բացարձակ չեմպիոնուհի, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող: Ուշագրավն այն է, որ Արթուրի սաները վերջին տարիներին կայուն արդյունքներ են ցույց տալիս և մեդալներ նվաճում ոչ միայն ԱՄՆ-ում կազմակերպվող, այլև  միջազգային ստուգատեսներում:

Արմինե Բարությանը սաներ ունի ԱՄՆ հավաքականում: Գրիգոր Չալիկյանն անցյալ տարի արժանացել է ԱՄՆ մարմնամարզության  «Լավագույն  մարզիչ» անվանակարգով դափնեկրի կոչմանը: Ես էլ Կալիֆոռնիայի նահանգի «Լավագույն  մարզիչ» դարձա: Հետաքրքիրն այն է, որ Գրիգորի սանն ԱՄՆ առաջնությունում առաջինն է ճանաչվել, իսկ իմը` երկրորդը: Հետո երկուսն էլ մրցանակների տիրացան բազմամարտի առանձին մրցաձևերում: Դա զարմացրել է այլազգի մարզիչներին: Ամերիկայում աշխատում է մարմնամարզության աշխարհի լավագույն մասնագետների սերուցքը, և մեր հայրենակիցների սաները շրջանցում են նրանց աշակերտներին: Ուրախալի, որ դա հաջողվում է, և մարմնամարզության  հայ մասնագետները զարմացնում են Ամերիկայում:

– Արդեն տևական ժամանակ Հայաստանում ես: Ի՞նչ կասես մեր երկրի  մարմնամարզության մասնագետների պատրաստականության մակարդակի մասին:

– Հայաստանում կան լավ մասնագետներ: Նրանք միշտ էլ եղել են: Պարզապես մարմնամարզության մարզիչներին մի փոքր պետք է ավելի ուշադրություն դարձնել,  պայմաններ են պետք, որպեսզի նրանք աշխատեն: Իսկ արդյունքներ արդեն կան Եվրոպայի առաջնությունում, աշխարհի գավաթի խաղարկությունում, կլինեն նաև աշխարհի առաջնությունում, ինչու չէ, նաև օլիմպիական խաղերում:

– Քանի որ պայմանների մասին խոսվեց, ապա չանտեսենք, որ մեր մարմնամարզիկները, այդ թվում նաև դու, նախկինում ավելի շատ պարապում էին դրսում, հիմնականում մերձմոսկովյան «Կրուգլոյե օզերո» մարզաբազայում:

– Իրոք, այդպես էր: Սակայն  ԽՍՀՄ հավաքականը Ծաղկաձորում մարզագործիքներով կահավորված մարմնամարզության հիանալի դահլիճ ուներ: Հետագայում մեր առաջատարները պարապում էին Երևանի մասսայական մարզաձևերի մարզադպրոցի  մարմնամարզության դահլիճում: Այժմ այդ երկու մարզաբազաներում էլ մարմնամարզության համար հարմարություններ չկան: Ցավալի է, որ  Հայաստանում ներկայումս չկա մի մարզաբազա, որում հնարավոր լինի  ուսումնամարզական հավաք անցկացնել: Այսինքն` մարմնամարզիկները մնան, սնվեն, պարապեն նույն վայրում: Եվ եթե այդ հարցը չլուծվի, այս մարզաձևի ներկայացուցիչներից լուրջ ակնկալիքներ ունենալ հնարավոր չէ:

– Նախատեսվո՞ւմ է արդյոք համագործակցության որևէ ծրագիր:

– 2011-ի ամռանը ԱՄՆ տղամարդկանց հավաքականը Երևանում կմասնակցի  Ալբերտ Ազարյանի մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարին: Իսկ հետո փոխադարձ այց կկայանա: Հայաստանի հավաքականի առաջատարներն Ամերիկա կուղևորվեն համատեղ մարզումների և միջազգային մրցաշարի մասնակցելու համար:

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply