Հայհոյանքի կամ գռեհկության սահմանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | August 21, 2010 9:00

Ռեփը փողոցի երաժշտություն է և առաջացել է վատ պայմաններում ապրող սևամորթների շրջանում, ովքեր ռեփի միջոցով ներկայացնում էին փողոցային կյանքի բոլոր դժվարություններն ու առանձնահատկությունները: Հայկական ռեփն  ինքնահաստատման և  կայացման փուլում է: Եվ բազմաշերտ հայհոյանքներով համեմված ռեփի երկրպագուները հիմնականում պատանիներն են, ովքեր նույնպես  կյանքում կայանալու և ինքնահաստատվելու ճանապարհին են:

Ի՞նչ է սերմանում  երաժշտական այս ժանրով մատուցվող հայհոյանքը, եթե ոչ ագրեսիա, այս երաժշտությունը բողոք արտահայտելու լավագույն միջո՞ց է, թե՞ հրապարակավ հայհոյելուց բավականություն ստանալու լավ հնարավորություն:

Հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը ներկայացնում է հայհոյելու երևույթի հոգեբանական  կողմը:

Միշտ չէ, որ խոսքը   գործով փոխարինելը  շահեկան է

Հայհոյանքը  վերբալ` խոսքային ագրեսիայի կամ ագրեսիայի  խոսքային դրսևորում է: Առհասարակ ագրեսիվությունը  մարդուն բնորոշ երևույթ է և տարբեր ելքեր կարող է ունենալ: Այդ  հոգեվիճակի մեջ գտնվող մարդու ներսում կարծես ինչ-որ բան «եռում է», որը պետք է դուրս գա, հակառակ պարագայում այն  անցանկալի հետևանք կթողնի: Նման դեպքերում  մարդը  դառնում է անկառավարելի: Ագրեսիվությունը դիմացինին վնաս պատճառելու ներքին մղումն է, որը կարող է դրսևորվել ֆիզիկական ագրեսիայի ձևով` ծեծելով, կոտրելով, ոչնչացնելով, որից հետո մարդու մեջ սպառվում է «եռման» էներգան,  և  մարդն իրեն հանգիստ ու բավարարված է զգում:

Միշտ չէ, որ մարդը կարող է  իր ագրեսիվությունը  ֆիզիկապես դրսևորել: Պատկերացնո՞ւմ եք, որ  «ես քեզ սպանելու եմ» խոսքը միշտ վերածվի գործի: Եթե  հետևենք մարդկության զարգացման նախնական փուլերին, ապա կնկատենք, որ մարդու խոսքային ագրեսիվությունն անմիջականորեն վերածվել է ֆիզիկականի: Եվ աստիճանաբար ֆիզիկական ագրեսիան հետ է մղվել ու իր տեղը զիջել խոսքայինին:

Հոգեբանության մեջ տեսակետ կա, որ մարդը սկսեց մարդկայնանալ, երբ առաջին անգամ սկսեց հայհոյել: Առաջին հայացքից  գուցե այս միտքը հակամարդկային թվա, բայց  մարդկության քաղաքակրթության ճանապարհին, երբ մարդը դադարում է դիմացինին ոչնչացնել, կտտանքների ենթարկել և այլն, այս ամենը փոխարինվում է խոսքով: Հասկանալի է, որ  ժամանակակից կյանքում, երբ մարդկային  հարաբերությունները կանոնակարգված են, ասել, թե հայհոյելը մարդկայնացման նշան է, սխալ է:

Հայհոյանքը`անդաստիարակության մատնիչ

Անկաշկանդ հայհոյանքը բնութագրում է մարդու հոգեբանական կառուցվածքը: Եթե երևույթը հոգեբանորեն ախտորոշվի, ապա պետք է ասել, որ նման դեպքերում մարդը թերսոցիալականացված է` անդաստիարակ է, նրա մեջ ներքին բարոյական նորմերը զարգացած չեն,  նա չի ըմբռնել այն նորմերը, որոնք գործում են հասարակության մեջ: Առհասարակ քաղաքակրթված հասարակությունը մերժում է հայհոյանքը. սոցիալական վերահսկողություն կա երևույթի նկատմամբ: Քիչ չեն դեպքերը, երբ մարդ զսպում է իր  հայհոյանքը, իսկ դա վկայում է, որ տվյալ պահին մարդն ընկալում է շրջապատին, ինչը քաղաքակիրթ վարքագծի դրսևորում է:

Հայհոյանքը արվեստում

Ինչ մնում է արվեստի կամ գրականության մեջ  հայհոյելուն, ապա այն կարող է արդարացվել միայն այն դեպքում, երբ կերպար  ստեղծելու խնդիր կա:  Երգի մեջ հայհոյելը, այս պարագայում ռեփ ժանրում, կարելի է ասել` աննպատակ է և երաժշտությունից դուրս: Ավելին` նման մոտեցումը խոսում է երգչի  էժանագին ճանապարհով տարբերվելու, հանրաճանաչ դառնալու, ինքնահաստատվելու մասին: Իսկ  նման ճանապարհով արվեստ  ներկայացնող մարդը հաստատ տաղանդավոր չէ, նա չի կարող արժեք ստեղծել: Որպես կանոն, կիրթ մարդն իրեն թույլ չի տա հայհոյել:

Երբ սեռական ակտը  համեմվում է  հայհոյանքով

Սեռական հարաբերությունը բնորոշ է մարդկային և կենդանական աշխարհին: Վերջինիս սեռական կապն ունի որոշակի նպատակ` բազմանալ, ինչի համար կա մի  շրջան, երբ էգերն ու արուները փնտրում են միմյանց, որից հետո նրանց չի հետաքրքրում սեռական կյանքը: Իսկ մարդկության մեջ այդպես չէ. երևույթը միայն սերնդի շարունակությունը չէ, այդ կապը քաղաքակրթված մշակույթ անցած մի յուրահատուկ երևույթ է:  Քանի որ սեռական կապը մոտ է բնությանը, այդ հարաբերության ժամանակ դեպի անցյալը, նախնիները գնալու միտում կա, և եթե այդ հարաբերության ժամանակ ենթագիտակցորեն  հետ ես գնում քաղաքակրթության զարգացման պատմական փուլերը, ուրեմն շատ հնարավոր է, որ ժամանակակից կյանքում դրսևորվեն անցյալում եղած այդ հարաբերությունների  մոտեցումները: Դա է պատճառը, որ սեռական հարաբերությունը հնարավոր է` ագրեսիվության տարր պարունակի, որը  կարող է ոչ միայն ֆիզիկական ագրեսիա լինել`  սադոմազոխիստական, այլև վերբալ: Երբեմն սեռական ակտը կարող է սիրո զգացումից տարանջատված լինել. գոյություն ունի հանցատեսակ` բռնաբարություն` սեռական ակտն առանց սիրո: Սեռական հարաբերությունն ու սերը քաղաքակրթության ճանապարհին միավորվել,  նրբացել են, որը մարդուն մարդկայնացրել է և զերծ պահել ցածրակարգ դրսևորումներից:  Սեռական ակտի ժամանակ հայհոյելը կարելի է համարել հոգեբանական նահանջ, սեռականությանը բնորոշ սադոմազոխիստական դրսևորումներն այս պարագայում ունենում են վերբալ արտահայտություն, խոսքը հայհոյանքի մասին է, որից  զույգերը  վիրավորանքի զգացողություն չեն ունենում, հակառակը` երևույթը նրանց համար հաճույքի տեսակ է: Այսպիսի մարդկանց մոտ նահանջը դեպի բնությունը, դեպի նախնիներն ավելի խորն է արտահայտված:

Նուրբ  էակից անցում գռեհկի

Վարքի դրսևորումներ կան, որոնք  բնորոշ են կա՛մ տղամարդուն, կա՛մ կնոջը: Կյանքում կինն ու տղամարդն ունեն իրենց դերերն ու պարտականությունները: Եթե մարդն ինչ-որ դիրք է գրավում, որն իրեն դեր է տալիս, ուրեմն նա ունի նաև պարտականություններ:  Իսկ, երբ մարդը դուրս է գալիս իր  այդ դերի սահմաններից, նա դառնում է արտառոց ու անընդունելի մի  էակ: Նման դեպքերում մարդը սխալ է պատկերացնում իր դերը: Դերային պարտականությունների արժեհամակարգում կնոջը վերապահված է ավելի նուրբ արարածի դեր: Մեր մշակույթում կնոջը հայհոյելը համարվում է արտառոց բան: Ավելին,  եթե կին  է հայհոյում, առավել ևս` սեռական բնույթի, ապա նա գռեհիկ է դառնում:

Դիտվել է 2181 անգամ:
Print Friendly

Leave a Reply