Էսթի Լաուդեր. Հարատևող պատանեկության երազանքը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 15, 2010 15:28

Էսթի Լաուդերը կոսմետիկայի կայսրություն ստեղծեց բառացիորեն ոչնչից` երազից, չունենալով փող, փորձ ապրանքագիտության ասպարեզում և  մասնագիտական  գիտելիքներ մաշկի խնամքի կոսմետիկ միջոցների արտադրման  վերաբերյալ:  Էսթի Լաուդերը անթագակիր թագուհի է մի արդյունաբերության, որի տարեկան շրջանառությունը հասնում է մի քանի մլրդ դոլարի: Նրա իշխանությունը համեմատելի է թագուհու իշխանության հետ:

Լաուդերի բոլոր հաջողությունները կամքի ուժի, ինտուիցիայի ու խորաթափանցության արդյունք են: Ինչպե՞ս: Նա իր  կերպարին վերաբերվում էր նույնքան լրջորեն, որքան արտադրանքի բաղադրամասերին՝ միահյուսելով բազմաֆունկցիոնալությունն ու նրբագեղությունը: Նա ներգաղթած հրեայի իր կերպարը փոխեց՝ բարձրացնելով մի նոր մակարդակի. որոշեց հասարակության մեջ բարձր դիրք գրավող աշխարհիկ տիկնոջ տեսք ու կեցվածք ունենալ և ունեցավ :

Սկզբում նա ազատվեց այն ամենից, ինչը կարող էր հիշեցնել  իր մանկության՝ մետաղական կրպակում մեծացած աղջնակի մասին: Դա, իհարկե, նրան հաջողվեց. նա աղքատ  աղջնակից վերածվեց  տիկնոջ, որը համապատասխանում էր բարձրաշխարհիկ հասարակության  ճաշակի չափանիշներին: Գերազանց ու անթերի տեսք. ահա սա է  Էսթի Լաուդերի  ուժը:  Նա ստեղծեց իր կերպարը, ինչի շնորհիվ արժանացավ «Կոսմետիկայի թագուհի» տիտղոսին: Նա հոգեբանության իմիջաթերապիա կոչված տեսության մարմնացումն է, որի համաձայն` դերային խաղերը մեզ սովորեցնում են փորձարկել հաճելի զբաղմունքի «դերը» կամ էլ «կերպարը», ինչի  շնորհիվ մարդը ձեռք է բերում ցանկալին, թեկուզ այն բանի համար, որ  փորձում  է առաջադրված կերպարին համապատասխանել:

1939 թ., գրեթե ոչինչ չունենալով, նա ձեռնամուխ եղավ աշխարհում մեծագույն կոսմետիկական ընկերության ստեղծմանը: 90-ականներին արդեն նրա տարեկան շահույթը կազմում էր 2 մլրդ դոլար: 1991-ին տպագրված «Միլիարդատերեր» ամսագրի տվյալներով` Լաուդերն իր  5,2 մլրդ   կապիտալը սեփական խելքով ստեղծած միակ կինն էր: Տարիներ շարունակ  Էսթիի իշխանական ծագման վերաբերյալ  հորինված հեքիաթները թյուրիմացության մեջ էին գցում  զանգվածային լրատվամիջոցներին և ոչ իրական պատմություններ ծնում: Սակայն այդ հեքիաթները, փոքր-ինչ սրբագրված, պետք է իրականանային՝ Մոխրոտիկին կախարդական թագավորության տեր դարձնելով: Նա հավատում էր իր բացառիկությանը, ինչը նրան վերածեց նմանակելու արժանի կերպարի: Շատ ու շատ հաջողակ ու անվանի մարդկանց նման նա  ևս կարողացավ  ուրվագծել իր հնարավորությունների սահմանը՝ հույսը դնելով իր  զգացողությունների վրա: Սակայն սա չի նշանակում, որ նրա վերելքը հանդարտ ընթացք է ունեցել: Իր «Էսթի» գրքում  նա պատմում է.«Բոլոր առասպելներից ամենաանհեթեթը ակնթարթային հաջողության  բանաձևն է: Ես կամովին մեծ բեռ  եմ վերցրել. անընդհատ աշխատել եմ, ուշադրություն դարձրել մանրուքներին, անքուն գիշերներ անցկացրել, ապրումներ ունեցել ու սրտի ցավից տանջվել»:

Անձնական կյանքը

Էսթի Լաուդերը (Ժոզեֆինա Էսֆիր Մենտցեր) ծնվել է 1908 թ., հուլիսի 1-ին Նյու Յորքի Քուինս քաղաքի Կորոն թաղամասում: Նրա մայրն առաջին ամուսնությունից յոթ երեխա ուներ, որոնցից երկուսը մահացել էին: Էսթիի հայրը  ծագումով հունգարացի հրեա էր և մետաղական կրպակ ուներ, իսկ մայրը չեխ կաթոլիկ էր: Էսթին ամաչում էր իր ծագումից ու օտար շեշտադրությամբ անգլերեն խոսող  ծնողներից: «Ես հուսահատ ցանկանում էի դառնալ հարյուրտոկոսանոց ամերիկացի»: Փոքր տարիքից աշխատել է հոր կրպակում՝ երազելով դերասանական փառքի, ծաղիկների  ու նրբաճաշակ երկրպագուների մասին: Կրպակում աշխատանքը նրան սովորեցրեց ձեռներեցություն ու վաճառքի արվեստ: Հայրն էր նրա առաջին ուսուցիչը:

Առաջին աշխարհամարտի ժամանակ աղջիկն ընդամենը 6 տարեկան էր: Քեռին, որ  մասնագիտությամբ քիմիկոս  էր, հյուր եկավ ու այդպես էլ մնաց: Նա աշխատում  էր դեմքի քսուքի սեփական բանաձևի մշակման վրա: Քեռի Ջոն Էսթիի համար դարձավ հրաշագործ, ուսուցիչ և իդեալ.«Նա իմ երևակայությանը տիրեց այնպես, ինչպես ոչ ոքի չի հաջողվել»: Քեռի Ջոն փոքրիկ  տպավորվող Էսթիի բնավորության  ձևավորման վրա անջնջելի հետք թողեց: «Նրա շնորհիվ ես  հասկացա իմ կոչումը: Ես հմայված դիտում էի, հետևում ու սովորում»:  Էսթին իր դեռահասության տարիներին տարված էր մաշկի մաքրության ու փայլի մոլուցքով: 16-20 տարեկանում օգտվում էր քեռու պատրաստած քսուքներից: «Իմ դպրոցական ընկերուհիները լող էին տալիս քեռուս պատրաստած  քսուքների մեջ»:

Էսթին համարում էր, որ գեղեցիկի հանդեպ զգացողությունը ժառանգել է մորից, իսկ ուժեղ բնավորությունը՝ հորից. «Նրա օրինակը սովորեցրեց, որ կյանքում ամեն  հարցում հույսն առաջին հերթին և միայն քո վրա պետք է դնես»: Իսկ քեռի Ջոն նրա առաջին իսկական ուղղորդող ղեկավարն էր:

Դեռահաս Էսթին գեղեցիկ կազմվածք ուներ, ինչը սեփական արժանապատվության և ինքնավստահության զգացում ձևավորեց: Նա վաղ տարիքից սկսեց գլուխ հանել առևտրի հնարքներից ու հայտարարեց. «Քսուք վաճառելու հետ դուք պետք է վաճառեք նաև հարատևող պատանեկության երազանք»:

Դպրոցում սովորելու տարիներին  մի քանի անգամ ամառն անցկացրեց Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում, ուր  մտադիր էր հաստատվել դպրոցն ավարտելուց հետո: Այդ ժամանակ նրան սիրահետում էր Ջո Լաութերը (հետո ազգանունը փոխեց Լաուդերի), որ Էսթիին քնքշանքով անվանում էր՝ շիկահեր: Նրանք նշանվեցին 1930-ին, հրեական ծեսով: 22-ամյա Էսթին հմայիչ էր, իր իսկ նկարագրությամբ՝ «հարսի մաշկն ուղղակի ճառագում էր: Այդպես  է ծնվել Էսթի Լաուդերը»: Առաջին երեխան՝ Լեոնարդը, ծնվեց 1933-ին: Ամուսինը հաշվապահ էր աշխատում, իսկ Էսթին քսուքներ էր վաճառում:

Մասնագիտական  վերելքը

Մեծ դեպրեսիայի ժամանակ նա ներքին Մանհեթենի գեղեցկության սրահներում  դեմքի քսուքներ էր վաճառում: Վաճառելու արվեստին տիրապետելու շնորհիվ նա կարողացավ քսուքների մինչ այդ  ոչ հայտնի շուկա ստեղծել: Փողոցում կանգնեցնում էր մարդկանց ու ցուցադրում  իր պատրաստած «գերհագեցած քսուքի» առավելությունները: Նա  գեղեցկություն էր քարոզում բոլորին և ամենուր, իր իրավունքն էր պաշտպանում` հանդգնորեն հակադրվելով բոլոր նրանց, ովքեր նրան անվանում էին  պարզապես հաջողակ ու երջանիկ: Նրա  անցած ուղին ձեռներեցների համար դասական օրինակ էր,  թե ինչպես կարելի է,  չընկրկելով՝ ու բնազդներին տուրք տալով, չվախենալով համարձակ քայլերից, հասնել հաջողության: Գեղեցկությունը նրա համար ինչ-որ գերբնական, վերերկրային բան էր, որ ստիպեց ասել.«Ես անդարձ տարված էի գեղեցկություն կերտելու գաղափարով, …և երբեք չի կարելի յուրաքանչյուր կնոջ ավելի գեղեցիկ լինելու ցանկությունը թերագնահատել»: Նա երբեք իր արտադրանքը ցուցադրելու առիթը բաց չի թողել:   Նա էր, որ մի նորույթ մտցրեց, որը նրան մեծ եկամուտներ բերեց.  գնումների հետ անվճար  հուշանվեր տալու  գաղափարը Էսթի Լաուդերինն է: Նա անվերապահորեն հավատում էր, որ «ինչքան շատ ես նվիրում, այնքան Տերն ավելի շատ է տալիս քեզ»: Յուրաքանչյուր քսուքի հետ մեկ շրթներկ էր նվիրում: Անվճար նվերները տարիներ շարունակ նրա այցեքարտն էին  ու հակառակորդների զայրույթի պատճառը: Էսթիի համառության ապացույցն իր իսկ պատմությունն է. «Ամառից ամառ  համոզում էի կոսմետիկական արտադրանքի առևտրով զբաղվող կանանց, գովազդում էի իմ քսուքները: Ձմռանը գնում էի նրանց հյուր ու բրիջ խաղալու պատրվակով ընկերանում. հետո ստացվում էր, որ իմ քսուքներն ավելի լավ էին վաճառվում:

Նա վարպետորեն հարուստ ու ճանաչված տիկին էր խաղում, համարում էր, որ շատ կարևոր դեր ունի կերպարը. հագնվում էր իր բարձրաշխարհիկ հաճախորդների նման և կրկնօրինակում նրանց  շարժուձևը: Նա վերածվեց ազդեցիկ գեղեցիկ տիկնոջ ու գերազանց էր կատարում իր գործը: Հարաբերություններն ամուսնու հետ երկրորդ պլան մղվեցին, և շուտով բաժանվեցին: Էսթին 6 տարեկան որդու հետ տեղափոխվեց Մայամի-Բիչ, ուր  շքեղ հյուրանոցում իր ներկայացուցչությունը ստեղծեց: Հետագա չորս տարիներին նա աշխատում էր վերելքի ամենակարճ ուղիների որոնման վրա:  Սակայն ապարդյուն: Որդին լուրջ հիվանդացավ, ինչը միավորեց ամուսիններին` որպես սիրող ծնողների, և ընտանիքը վերամիավորվեց: Որոշվեց ընտանեկան բիզնես հիմնադրել. այդպես ստեղծվեց «Estee Lauder Cosmetics» ընկերությունը: 1944-ին ծնվեց նրանց երկրորդ որդին: Կարճ ժամանակ անց նա վերադարձավ աշխատանքի: Էսթին գիշերվա արտադրանքը ցերեկն էր իրացնում:  Իր արտադրատեսակները լավագույն խանութներում էր վաճառքի դնում, որտեղ բոլոր աշխատակիցները հատուկ  պատրաստվածություն ունեին: Էսթիի համառության ապացույց է մի պատմություն ևս, երբ նա, առանց նախազգուշացման, փոթորկի նման հայտնվում է խանութներից  մեկում  ու բառացիորեն հատակին թափում այն ապրանքը, որը  գրավել էր իր ապրանքատեսակին հատկացված տարածքը: Աշխատողներից մեկի նկարագրությամբ «նա բռնակալ էր, սակայն ստեղծագործող անհատականություն»: Ատելությունը մրցակիցների հանդեպ մոլեգնության էր հասնում, նրանց իր երդվյալ թշնամին էր համարում: Եվ նա իսկական պատերազմ էր մղում մրցակիցների հետ:

70-ականների կեսերին Լաուդերի ապրանքատեսակները վաճառվում էին աշխարհի ավելի քան 70 երկրում:

Էսթի Լաուդերը ինտուիտիվ էքստրավերտ է: Նա օժտված էր կանխազգացողությամբ, գիտակցում էր, որ իր ուժը ոչ թե քանակի, այլ որակի մեջ է: «Ես գործում եմ ինտուիցիայով, արագ, չմտածելով անգամ հնարավոր անհաջողության  մասին  և ինքնավերլուծությամբ չեմ զբաղվում»: Անհամբեր էր ու անհանդուրժող դանդաղկոտության նկատմամբ: Նրա որոշումները միշտ վերջնական էին:

Էսթի Լաուդեր. բիզնեսի հաջողության կանոնները

1.Գլխավորը տեղի ճիշտ ընտրությունն է:

2. Մի՛ գրեք զայրալից նամակներ:

3. Ձիերի համար  գարին մի՛ ափսոսացեք:

4. Միշտ հավատարի՛մ մնացեք ձեր կերպարին:

5.Հետևե՛ք ձեր մրցակիցներին:

6. Բաժանի՛ր, որ տիրես:

7.Սովորե՛ք «ոչ» ասել:

8.Վստահե՛ք ներքին ձայնին:

9.Օրենքը դաժան է, բայց օրենք է:

10.Ընդունե՛ք սեփական սխալները:

11.Գրառե՛ք ամեն ինչ:

12.Վարձե՛ք լավագույն մասնագետներին:

13.Հաղթահարե՛ք ծառացած դժվարությունները:

14. Ապառիկ հատկացրեք, երբ հնարավոր է:

15. Լա՛վ սովորեցրեք վաճառողներին:

(Էսթի Լաուդեր, 1985թ.,)

Իր համարձակ ու անհամբեր բնույթով Լաուդերը փոխեց կոսմետիկայի աշխարհը. նա ստեղծագործելու շնորհքով օժտված երազող էր և վայելում էր իր արդար վաստակի պտուղները:

Ջին  Լանդրամի. «Տասներեք կին, որ վերափոխեցին աշխարհը» գրքից

Դիտվել է 2764 անգամ:
Print Friendly

Leave a Reply