Ընդդիմադիր ԶԼՄ-ների ապակառուցողական գործունեությունը-2

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 10, 2010 1:00

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Ուսումնասիրելով վերջին երեք ամիսներին հատկապես որոշ ընդդիմադիր ԶԼՄ-ների գործունեությունը` կարելի է արձանագրել, որ որևէ լուրջ դրական քայլ դեպի «մաքուր» լրատվական դաշտ չի գրանցվել: Պետք է նաև ընդգծել, որ մայիսի 18-ին ԱԺ ընդունած օրինագիծը զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացման մասին, որն, ի դեպ, արժանացել էր ընդդիմադիր մամուլի սուր քննադատությանը, որևէ հստակություն չմտցրեց այս դաշտում, և այսօր դեռևս ԶԼՄ-ների գործունեությունը լրջորեն կանոնակարգելու նախադրյալներ չկան:

Մինչ այդ ընդդիմադիր մամուլը շուրջ 2 տարի կենաց-մահու պայքար էր մղում օրինագծի դեմ` ընդդիմանալով հատկապես վիրավորանքի և զրպարտության համար օրենսդրական փոփոխությունների փաթեթի սահմանած մեծ չափերով տույժերին: Հարց է ծագում` եթե տվյալ լրագրողը կամ լրատվական միջոցը համոզված է, որ չի զբաղվել և չի զբաղվելու վիրավորանք և զրպարտանք տարածելով, ի՞նչ կարիք կա ուրեմն անհանգստանալու տույժերի մեծ չափերի մասին:

Այնինչ ժամանակը ցույց է տալիս, որ անհանգստանալու կարիք կա: «Պահապան շները» անդրդվելիորեն շարունակում են իրենց գործունեությունը` կանգ չառնելով ոչնչի առջև:

Հունիսի 19-ին Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված ««Արիստոտելը» Բաղրամյանից» հոդվածում իր ոճով վարկաբեկել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ինչպես նաև ՀՀ դատական համակարգի աշխատակիցներին: Լրատվական դաշտում Տեր-Պետրոսյանի աջ ձեռքը համարվող Փաշինյանը թերևս պետք է հիշի, որ դեռևս 1991 թ. հոկտեմբերի 17-ին դառնալով ՀՀ փոխնախագահ` Գագիկ Հարությունյանը երկար տարիներ համարվում էր Տեր-Պետրոսյանի ամենավստահելի մարդը իշխանության մեջ և բազմիցս հրապարակավ արժանացել է գովեստի խոսքերի նույն Տեր-Պետրոսյանի կողմից: Այսօր արդեն, երբ Տեր-Պետրոսյանն արմատական ընդդիմության նախագահն է, իսկ Գագիկ Հարությունյանը` դեռևս պետական պաշտոնյա, Տեր-Պետրոսյանին սպասարկող մամուլը քննադատության սուր ալիքի տակ է պահում նաև Հարությունյանին:

Ընդդիմադիր ԶԼՄ-ների` իշխանություններին ամեն կերպ սևացնելու ձգտումն այնքան մեծ է, որ աչք է փակվում դաշտում գործող բազմաթիվ դիլետանտ-լրագրողների վրա, ինչը հանգեցնում է ապատեղեկատվության ընդլայնմանը:

Հունիսի 19-ին www.lragir.am ընդդիմադիր լրատվական կայքում զետեղված Հակոբ Բադալյանի «Սերժ Սարգսյանի «տաբելը»» հոդվածում հեղինակը զարմանք է հայտնում առ այն, որ Սանկտ Պետերբուրգի համաշխարհային տնտեսական համաժողովում ՌԴ նախագահ Մեդվեդևի ելույթի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դահլիճում նստած միակ պետության ղեկավարն է, և նշում է, որ «այդօրինակ ընկերակցությունը, եթե խոսքը պաշտոնական միջոցառման մասին է, որտեղ պաշտոնական արարողակարգ է գործում, Հայաստանի նախագահին հավասարեցնում է ինչ-որ նախարարների ու փորձագետների հետ»: Հոդվածի հեղինակն, ըստ երևույթին, տեղյակ չէ, որ Սանկտ Պետերբուրգի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու հրավեր ՀՀ նախագահը ստացել էր անձամբ ՌԴ նախագահ Մեդվեդևից և այդպիսի հրավեր ստացած միակ երկրի ղեկավարն էր, բացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից, որը լքեց համաժողովը ժամանակից շուտ` արարողակարգային նորմերի խախտում կատարելով: Իսկ նախագահի, ինչպես նաև նախարարի պաշտոնները պետական պաշտոններ են, և համաժողովում կողք կողքի նստելը որևէ կերպ չի վարկաբեկում նախագահի հեղինակությունը և դուրս չի գտնվում որևէ արարողակարգի նորմերից:

Հունիսի 22-ին «Հրապարակ» օրաթերթում տպագրվեց «Խայտառակ ողբերգություն ԼՂՀ սահմանային գոտում» վերնագրով մի հոդված, որում անհայտ հեղինակը պնդում է, որ իրենց ունեցած հավաստի աղբյուրներից տեղյակ են, որ հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը իրականում ադրբեջանական կողմից կատարվել է ընդամենը մեկ կրտսեր սպայի կողմից, ով «Արցախի Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան շրջանում աննկատ անցնելով ղարաբաղյան բանակի պահակակետը` մոտ 250-300 մետր խորացել է հայկական կողմ և կրակ բացել բլինդաժում քնած զինծառայողների վրա»: Շարունակելով հիմնվել նույն աղբյուրի տրամադրած տեղեկության վրա` թերթը գրում է, որ գլխից վիրավորված հայ զինվորներից մեկը մահամերձ է, և իրեն նախապես թույլ է տալիս զոհերի թիվը դարձնել 5: Զարմանք է առաջացնում աղբյուրի «լավատեղյակությունը»: Այս ամենն իմանալու համար պետք էր առնվազն միջադեպի ժամանակ լինել դեպքի վայրում:

Տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ վերոհիշյալ ընդդիմադիր լրատվական միջոցների կողմից ամեն գնով փորձ է արվում վարկաբեկել ՀՀ օրենսդիր և գործադիր մարմիններին` թերահավատորեն մոտենալով նրանց կողմից արված պաշտոնական հայտարարություններին:

Անձամբ չհանդիսանալով միջադեպի «իրազեկ աղբյուր»` այնուամենայնիվ, ինձ թույլ եմ տալիս համոզված պնդել, որ դժվար թե խաղաղ քնած մարդուն կացնահարողի համերկրացին համարձակություն ունենար միայնակ անցնելու 250-300 մետր և խորանալու հակառակորդի դիրքերի մեջ: Հոդվածը կարդալուց այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե դա ադրբեջանական կողմի արված մեկնաբանություն է, այնինչ նույն ադրբեջանական ԶԼՄ-ները (թեկուզ ընդդիմադիր) երբեք իրենց երկրի պետական կառույցներն ու իշխանություններին վարկաբեկելու փորձեր չեն անում:

Վարկաբեկելով մեր երկրի առաջին այրերին ու գործադիր մարմիններին` հայաստանյան ԶԼՄ-ները դրանով միայն «ջուր են լցնում» ադրբեջանական իշխանությունների ու շահագրգիռ ԶԼՄ-ների «ջրաղացին» և հիմքեր տալիս նրանց մշտապես խոսելու Հայաստանում իբր տիրող ծանր քաղաքական ճգնաժամի մասին: Դա չի կարող մեր երկրին ձեռնտու հետևանքներ ունենալ:

Դիտվել է 2036 անգամ:
Print Friendly

Leave a Reply