Ինչպես պետք է գործածել հայերենը

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 8, 2010 14:50

Կարինե Խոդիկյան, գրող, հրապարակախոս

Օտարալեզու դպրոցների բացման դեմ ծավալված քաղաքացիական նախաձեռնության արդյունքում` հանրության մեջ այսօր կրկին խոսվում է լեզվի մաքրության մասին: Ինչիսի՞ն պետք է լինի հեռուստաեթերից լսվող կամ տպագիր և օնլայն մամուլի հայերենը:

Այսօր մարդիկ կան, որ «է» օժանդակ բայի փոխարեն գործածում են «ա»-ն,  գրական ժանրերում գործածում են բազմաթիվ օտարամուտ բառեր կամ  խոսակցական լեզուն ներմուծում  գրականություն:

Լեզվաբան Լևոն Գալստյանը կարծում է, որ մամուլը հիմա փոքր-ինչ փոխվել է . ավելի գրագետ է դարձել, քան առաջ, «ավելի լավ, քան ռադիոյում և հեռուստատեսությունում»: Նա ասում է. «Խոսքը վարքագծի մասին է.տասնամյակներ անց վանդակը բացվեց, մարդիկ ազատ են: Եվ ազատության մեջ մարդը փորձում է ստանալ  այն,  ինչ չի ունեցել, այդ թվում նաև անկեղծորեն արտահայտվելու մղումներն ու այդպիսով ինքնահաստատումը: Ու  մեջտեղ եկավ մի գաղափարախոսություն`  անմիջականություն կամ  կենդանի խոսք.  վատ լեզվով խոսողների հիմնական փաստարկը հենց դա է, որ  մենք անմիջական ենք, մենք անկեղծ ենք»:

Լեզուն գործիք է, որով լսարանին է հասցվում գրողի ասելիքը:

«Կան հանրային վարքականոններ,- ասում է Գալստյանը,- որոնցից մեկն էլ լեզուն է, որը վերաբերում է  պաշտոնական միջավայրին, ոչ թե կենցաղին: Երբ պաշտոնական խոսք է ասվում,  լինի լրագրողի, պատգամավորի  թե հանրության հետ աշխատող այլ անձնավորության, որոնք պաշտոնական լեզվի կրողներն են, պետք է գործածեն գրական հայերենը: Ինչպես մենք  գնում ենք հյուր և պահում ենք որոշակի վարքականոններ` բարձր չգոռալ, ոտքերով գետնին չհարվածել, չհայհոյել,  այնպես էլ նրանք պարտավոր են առավելագույնս  ճիշտ խոսել: Շատերն այս կամ այն պատճառով չգիտեն  կամ  վատ գիտեն լեզուն: Կարելի է չիմանալ, բայց լսարանին պետք է հարգել. այ այս գիտակցությունը պիտի լինի»:

Լեզվաբանի կարծիքով` հիմա, երբ այլ մղումներ ու այլ  արժեքներ են ի հայտ եկել, երբ խոսակցականը գրավել է  գրականի տեղը, ինչը նա անվանում է լեզվական հեղափոխություն,  մարդիկ գրականին արդեն  արժեք չեն տալիս,  իսկ լեզուն իր բառային գործառույթից անցել է տեղեկատվականի. «Ու վատ լեզվով խոսողների փաստարկը դա է, որ կարող եմ խոսել ա-ով, կարող եմ խոսել ժարգոնային լեզվով, որպեսզի ավելի ընկալելի լինեմ լսարանի համար. կարևոր չէ` ինչպես եմ ասում, կարևոր է, որ ուզում եմ տեղ հասցնել, և վերջ»:

Գրող Կարինե Խոդիկյանն էլ ասում է, որ ինքը դեմ է «ա» օժանդակ բայի գործածությանը. «Ես անգամ խոսակցական լեզվում խոսում եմ «է»-երով, սակայն եթե իմ ստեղծած կերպարների մեջ կա այն տեսակը, որը պարտադրում է «ա»-ի գործածությունը, գրում եմ: Ես հանդուրժողական եմ վերաբերվում դրան: Լեզուն կենդանի օրգանիզմ է,  նրան  ո՛չ պետք է ոսկե վանդակի մեջ դնել ու փայփայել, ո՛չ էլ անտեր երեխայի պես փողոց շպրտել»:

Գալստյանը  նույնպես չի առարկում, օրինակ, գրական կերպարի խոսքում ղասաբ  բառի գործածությանը, եթե կերպարը պահանջում է: «Խոսքը գռեհկաբանության մասին է,- ասում է նա,-  հայհոյանքի, որ  հանրության համար  հակադաստիարակչական նշանակություն ունի: Դա սպառնալիք է, վտանգ.  երիտասարդներն այդ գռեհկաբանություններն ընկալում են որպես նորմալ երևույթ»:

Սակայն ինչպե՞ս է լեզուն զարգանում, չէ՞ որ այն կենդանի օրգանիզմ է ու ժամանակ առ ժամանակ  հարստանում է նոր բառերով:

Բանասեր Նշան Աբասյանն ասում է, որ նույն գրականով խոսում  է շատ թեթև ու սահուն, ու բնավ համաձայն չէ, որ բնական խոսելու համար պետք է գործածել փողոցային լեզուն: Նա ասում է, որ  գրական լեզուն   հարստանում է բարբառների ու խոսակցականի մշակմամբ, որոնցից էլ առատորեն սնվում է, ու ինքը ոչ թե  դեմ է խոսակցականի գործածմանը, այլ  կարծում է, որ դրանց մերձեցմամբ պետք է զբաղվեն  լեզվաբանները. «Ամեն պատահական մարդ իրավունք չունի դա անելու»:

Աբասյանն օրինակ է բերում ծախել բառը: «Ծախել բառը խոսակցականով նշանակում է դավաճանել, սակայն բառարանում այդ բառն այդ իմաստով չկա, բայց ես կարծում եմ, որ այն պետք է մուտքագրվի ու կարծում եմ, որ այդպես էլ կլինի»,- ասում է նա:

Խոդիկյանն այն կարծիքին է, որ գրողը կարող է փորձարարություն անել, այլ խնդիր է, եթե հասարակությունն  ու ընթերցողը չընդունեն.: «Ամեն մի գրող իր ոճով գտնում է իր ընթերցողին,- ասում է նա,- 20 տարի պահանջվեց իմ գրողական տառապանքի համար, որպեսզի կարողանամ պիես գրել, որում պարզ մարդիկ կարողանում են խոսել իրենց զգացմունքների մասին մաքուր հայերենով:  Դա շատ դժվար խնդիր է,  մեր լեզուն ունի՝ պաթոս չասեմ, ասեմ հանդիսավորություն, որն  ինչ-որ պատճառներ ունի, և գրողի խնդիրը պիտի լինի լեզուն ավելի ճկուն դարձնել»: Գրողն ասում է, որ եթե ստեղծում է գողի կերպար, ապա նա պետք է գործածի նրան հարիր բառապաշար.«Գողը չի կարող խոսել մաքուր հայերենով»: Միաժամանակ նա հորդորում է չվախենալ օտարամուտ բառերից ու «իրենով անել», քանի որ հայերենն ուժեղ ներքին դիմադրողականություն ունի, որի շնորհիվ է հայությունը դարեր շարունակ պահպանվել:

Գալստյանն  ասում է, որ  ազգային ինքնությունն ու դիմադրողականությունը պահելու համար վատ չէ  հնարել ու գործածել օտար տեխնիկական տերմիններ, սակայն չպետք է արհեստականորեն բառեր ստեղծել ու կրակն ընկնել: «Նախ տեխնիկապես անհնար է վազել այդ հարահոսի հետևից,- ասում է նա,-  թարգմանությունն  ինքնին մշակութային ակտ է, երբ օտար առարկան ուզում ես քո մայրենի լեզվով ընկալել, եթե այդ տերմինները մտնում ու կայանում են շրջանառության մեջ, ապա գործածվում են: Օրինակ` համակարգիչ բառը չի արտահայտում այդ  գործիքի ամբողջ նշանակությունը, բայց բառն ընդունվեց, և այդ բառն ասելիս հասկանում ենք դրա նշանակությունը: Վերջացավ: Ընդունվեց գնաց: Այդ տեսանկյունից բառն էլ  թռչնի պես է: Իսկ ահա ազնվայր բառը ստեղծվել է ջենտլմենի փոխարեն, բայց չգործածվեց, կարճ ու ընկալելի բառ է,  բայց չգործածվեց: Լեզուն էլ մարդու պես բան է` իր անհասկանալի տրամաբանությամբ»:

Իսկ ինչպես՞ է վերաբերվում Գալստյանը ժամանակակից գրականության մեջ գործածվող հայհոյանքին: «Եթե գեղարվեստական  ստեղծագործությունը արժեք ունի և հետաքրքիր է, եթե լեզվական ենթամշակույթի շերտերը օրգանական են և տեղ են հասցնում  մի տեղեկություն, որը միայն այդ բառով պետք է հասցնել, ապա այո`,  դա արդարացված է»,- ասում է նա:

Դիտվել է 3631 անգամ:
Print Friendly

Leave a Reply