Արաբ շեյխի` Հաղարծինին հատկացված միլիոնների արդյունքը շուտով կերևա

ՄՇԱԿՈՒՅԹ | | May 22, 2009 16:00

hagharcin11Արաբական շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ-Քասիմիի հովանավորությամբ Տավուշի մարզի Հաղարծին վանական համալիրի վերակառուցման աշխատանքների առաջին փուլը, այսինքն` 3 եկեղեցիների ու սեղանատան վերանորոգումն այս տարվա հոկտեմբերին կավարտվի:

2006-ին Հայաստանում գտնվելու ժամանակ Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի էմիրը եղել է նաև Հաղարծինում ու այնքան է տպավորվել վանքի գեղեցկությամբ, որ վերակառուցման համար 5 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել:

Վերանորոգման երկրորդ փուլով նախատեսվում է լայնացնել դեպի Հաղարծին տանող ճանապարհը, գազաֆիկացնել, ջրով և էլեկտրաէներգիայով ապահովել վանական համալիրը:

Շինարարական աշխատանքներն սկսել են անցյալ տարվա մարտից և ընդհատվել միայն ձմռանը. ջրերն էին սառել:

Վանքի վերակառուցումն իրականացնող «Գրիգոր Վարդանյան» ՍՊԸ տնօրեն Գրիգոր Վարդանյանի հավաստմամբ` իրենք ամեն ինչ անում են` վանքի նախնական տեսքը պահպանելու համար: «Մենք աշխատում ենք կրի շաղախով, ինչպես 900 տարի առաջ են արել, իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթը, որ համարյա փլուզված էր, կվերականգնվի տարածքից գտնված և համարակալված քարերով»:

hagharcin22Գործը ժամանակին ավարտելու համար շինարարներն աշխատում են բոլոր կառույցների վրա միաժամանակ: Սեղանատան հիմքերն ամրացվել են, մնում է թիթեղյա տանիքը կղմինդրով փոխարինել: «Ամենաանմխիթար վիճակում Սուրբ Գրիգոր եկեղեցին էր, ջուրը անարգել թափանցել էր պատերի մեջ և ճեղքեր առաջացրել»,- ասում է Գրիգոր Վարդանյանը:

Սուրբ Գրիգորի ամրացման աշխատանքները գրեթե ավարտվում են, Սուրբ Աստվածածինն արդեն ամրացվել է, մնում է տանիքի վերանորոգումը, իսկ Սուրբ Ստեփանոս եկեղեցուն` գմբեթի և վեղարի աշխատանքները:

Դիտվել է 2658 անգամ:
Print Friendly

Leave a Reply