Հիլարի Քլինթոն. «Խաղաղությունը հնարավոր է և պահանջված»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | July 7, 2010 13:09

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակներում հուլիսի 4-5-ը Երևան կատարած այցը, անշուշտ, անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունն է: Ակնկալվում է, որ այդ այցի արձագանքները թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում դեռ շուտ չեն մարի: Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներից բացի, այցը կարևոր էր նաև այն առումով, որ Հ.Քլինթոնը Հայաստանում և Ադրբեջանում հայտարարել էր, որ «ԱՄՆ-ն նվիրված է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը»՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա։ Նա նշել էր նաև, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարությունը Ղարաբաղի մասին հաստատել է, որ «պատրաստ կանգնած ենք օգնելու» խնդրի խաղաղ կարգավորմանը։ Այն, ըստ պետքարտուղարի, հեշտ չի լինելու, սակայն հիմքն է խաղաղ և անվտանգ ապագայի։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում` ի պատասխան լրագրողների հարցերի, Հ.Քլինթոնն ընդգծել էր, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի «խոստումնալից» գործընթացը շատ ակտիվ է ընթանում, ընկալում կա նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից հելսինկյան սկզբունքների հիման վրա խնդիրը լուծելու հարցում, և երկու նախագահների հետ շատ լուրջ բանակցություններ են ընթանում։ «Մենք հուսով ենք տեսնելու առաջընթաց կարգավորման սկզբունքների համաձայնեցման հարցում»,- ասել էր նա ու տեղեկացրել, որ երկու նախագահներին հայտնել է ԱՄՆ մտահոգությունը «բռնությանը վերադարձի կապակցությամբ»։ Հ.Քլինթոնը նշել էր, որ Միացյալ Նահանգները դատապարտում է ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում վերջերս արձանագրված միջադեպը և գտնում է, որ անընդունելի են 1994 թ. ընդունված հրադադարի պայմանագրի խախտումները։ «Բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն բոլոր կողմերի համար ընդունելի և երկարատև լուծում գտնելուն»,- նշել էր ԱՄՆ պետքարտուղարը։

«Միացյալ Նահանգները չի կարող լուծել հակամարտությունը, սակայն կարող է օգնել կողմերի մերձեցմանը, որպեսզի նրանք համաձայնության գան»,- ըստ ադրբեջանական աղբյուրների` Բաքվում ասել էր ԱՄՆ պետքարտուղարը` իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում: Քլինթոնն ընդգծել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը «մեծ առաջնահերթություն ունի ԱՄՆ-ի համար»։ «Մենք պատրաստ ենք օգնելու Ադրբեջանին և Հայաստանին` հասնելու հակամարտության երկարատև խաղաղ կարգավորման»,- վստահեցրել էր Քլինթոնը և, «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, հավելել. «Վերջին քայլերը դեպի խաղաղություն սովորաբար ամենադժվարինն են, սակայն մենք տեսնում ենք, որ խաղաղությունը հնարավոր է և պահանջված»:

Հ.Քլինթոնի այցի ավարտին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածեց հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված էր. «Պետքարտուղար Քլինթոնի այցը մատնանշում է ԱՄՆ կառավարության ամուր գործընկերությունը Հայաստանի հետ»: Նշված էր նաև, որ պետքարտուղարը Երևանում նախագահ Սարգսյանի և արտգործնախարար Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է երկկողմ հետաքրքրության, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: «Այցի ընթացքում նա նաև հանդիպումներ ունեցավ քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ` գովելով նրանց ջանքերը, որ նպատակ ունեն խթանել ժողովրդավարական արժեքները, այդ թվում` հաշվետու կառավարումը, ազատ և անկախ մամուլը, հարգանքը մարդու իրավունքների հանդեպ: Պետքարտուղարը նաև մասնավոր այցով եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` իր հարգանքի տուրքը մատուցելու 1,5 միլիոն հայերին, որ իրենց կյանքը կորցրեցին 1915 թ.»,- արձանագրել էր դեսպանատունը:

Ինչպես և Հայաստանի պաշտոնատար անձանց դեպքում, հասարակական կազմակերպությունների հետ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումների մանրամասներ չեն հաղորդվում: Առայժմ միակ հրապարակված փաստը Հ.Քլինթոնին հանձնված Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան շուրջ մեկ տասնյակ անդամ-կազմակերպությունների դիմումն է, որում հեղինակները, մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի ուշադրությունն են հրավիրել 2008-ի նախագահական ընտրություններից ի վեր Հայաստանի ներքին լարված իրավիճակի վրա: Հայաստանում քաղաքացիական համերաշխության հաստատման համար կազմակերպությունները նախապայման են համարել քաղաքական դրդապատճառներով բոլոր բանտարկյալների ազատ արձակումը և այլախոհության համար հալածանքներին վերջ տալը, մարտի 1-ի սպանությունների արդար հետաքննության իրականացումը, մեղավորների բացահայտումն ու պատժումը, զոհվածների ընտանիքներին արդարացի փոխհատուցման տրամադրումը, «Ա1+»-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի կատարումը և մինչև իրավունքի խախտումը եղած դրության վերականգնումը: Հասարակական կազմակերպությունները խիստ մտահոգություն են հայտնել ոստիկանությունում, քննչական մարմիններում խոշտանգումների ու սպանության դեպքերի կապակցությամբ, որոնք, «չնայած մամուլի և քաղաքացիական հասարակության հաստատությունների ջանքերին, մնում են չբացահայտված, իսկ բացահայտվելու դեպքում չեն փարատում զոհերի հարազատների կասկածները»: Մտահոգություն է հայտնվել նաև Հայաստանում լրագրողների, զանգվածային լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների դեմ կատարված բռնությունների կապակցությամբ: «Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները, իր հնարավորությունների շրջանակներում, գործածելով իր լծակները, ազդելով Հայաստանի իշխող վարչակազմի վրա, կօգնի Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ու հանրությանը լուծելու վերոհիշյալ խնդիրները»,- նշված է նամակում:

ԱՄՆ պետքարտուղարի այցին առաջին արձագանքողներից մեկը Ամերիկայի հայկական համագումարն էր, որի տարածած հաղորդագրության մեջ ասված էր, որ ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը հայտարարել է. «Շնորհակալություն ենք հայտնում պետքարտուղար Քլինթոնին Հայաստան կատարած այցի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առաջընթացի համար Թուրքիայի պատասխանատվության վերաբերյալ նրա մեկնաբանությունների և հատկապես Հայոց ցեղասպանության հուշահամալիրում նրա մատուցած հարգանքի տուրքի համար»: «Դա կարևոր խորհրդանշական ակտ էր»,- ընդգծել է Հովնանյանը և հավելել, որ այն ոչ միայն համահունչ էր Քլինթոնի երկարատև և հրապարակային գործունեությանը, ինչպես նաև «Հայոց ցեղասպանության ճանաչման` Ամերիկայի պատմական արձանագրություններին, այլև օգնում է մեզ` հասնելու համընդհանուր ճանաչման և արդարության»: Կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունին էլ, իր հերթին, հայտարարել է, որ պետքարտուղարի այցելությունը Ծիծեռնակաբերդ նոր թափ է հաղորդում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրենց ջանքերին:

Իսկ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Ղամբարյանը` անդրադառնալով 1994 թ. հրադադարի պայմանագիրը կատարելու անհրաժեշտության մասին Հ.Քլինթոնի Բաքվում և Երևանում արած հայտարարություններին, հանձնախմբի անունից հիասթափություն էր հայտնել առ այն, որ պետքարտուղարը պատշաճ կերպով չի դատապարտել Ադրբեջանի հարձակումները: Ըստ Ա.Ղամբարյանի, դա սովորական կոչ էր կողմերին, մինչդեռ «Բաքուն է թե՛ սպառնացել և թե՛ գործել պատերազմը վերսկսելու իր զգուշացմանը համապատասխան»: Նրա համոզմամբ` դիվանագիտական նման լեզուն կարող է անկողմնակալ թվալ, սակայն ԱՄՆ տարածաշրջանային շահերի տեսանկյունից այն հակառակ արդյունք է տալիս: «Այդ կերպ անտեսվում ու նույնիսկ քաջալերվում է ադրբեջանական շարունակական ագրեսիան»,-  հայտարարել էր Ա.Ղամբարյանը:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 1540 անգամ:
Print Friendly

Leave a Reply