ՀՀ նախագահ – Հանրային խորհուրդ համագործակցության արդյունքները ներքաղաքական դաշտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 7, 2010 13:37

Աշխարհի բազմաթիվ երկրներում ավելի քան 90 տնտեսական կամ սոցիալական խորհուրդներ գոյություն ունեն` այս կամ այն ձևաչափով, անվանմամբ, իրավասությամբ, առաքելությամբ և գործառույթներով: Նրանց հիմնական նպատակը մեկն է՝ միջնորդ հանդիսանալ և սատարել իշխանությունհասարակություն հարաբերություններին, դառնալ այն կապող օղակը, որը հնարավորություն կտա հասարակությանն ազդել իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա, իսկ իշխանությանը` իրենց գործողություններն ուղղորդել հասարակության պահանջներին համընթաց:

Ահա այս գաղափարն է միավորել տարբեր երկրների տնտեսական, սոցիալական կամ հանրային խորհուրդներին, որոնք 1999 թ. ստեղծեցին միջկառավարական «Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիա» (ՏՍԽՄԱ) կազմակերպությունը: Այս կառույցը ջանքեր է գործադրում նոր միջազգային ինստիտուտի ձևավորման, համերաշխության նոր որակի ձեռքբերման համար, որը հիմնված չի լինի զուտ քաղաքական շահի վրա, այլ ի մի կբերի քաղաքացիական հասարակության, տնտեսական և սոցիալական սեկտորների ազդեցությունը, փորձն ու վերլուծությունը:

2009թ ՀՀ Հանրային խորհուրդը դիմել է ՏՍԽՄԱին նախ ասոցիատիվ անդամի կարգավիճակով, իսկ հետո նաև լիարժեք անդամ դառնալու ցանկությամբ: ՀՀ ՀԽի անդամակցությունը ՏՍԽՄԱին, շատ արդյունավետ կարող է դառնալ ինչպես այլ երկրների ՏՍԽների հետ փորձի փոխանակման և գործունեության բարելավման, այնպես էլ հենց Հայաստանում դրա դերի բարձրացման տեսանկյունից:

Ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի այս տարվա համաժողովը տեղի է ունենալու հուլիսի 5- 8-ը Նյու Յորքում, ՄԱԿի շենքում և նվիրված է «ՏՍԽների դերը նոր համաշխարհային տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի կառավարման համատեքստում» թեմային: Համաժողովին մասնակցելու է նաև Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վ. Մանուկյանի գլխավորությամբ: Համաժողովի ընթացքում էլ կլուծվի ասոցիացիային Հայաստանի անդամակցության հարցը:

Երբ 2009 թ. մարտին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց Հանրային խորհուրդը, շատ քաղաքական ուժեր և հասարակական կազմակերպություններ այն կարծիքին էին, որ այն լինելու է ձևական գործող կառույց, չեն արդարացվելու այն սպասելիքները, որ կան նորաստեղծ Հանրային խորհրդի նկատմամբ: Սակայն կարճ ժամանակվա  ընթացքում խորհուրդը դարձավ հասարակական-քաղաքական կարևորագույն հարցերում իր ծանրակշիռ  տեսակետն ունեցող կառույց, որը համախմբեց հայաստանյան քաղաքական, հասարակական և մշակութային բնագավառների մասնագետների ջանքերը:

Պետք է նշել, որ իր գործունեության հենց սկզբից Հանրային խորհուրդը սերտ համագործակցության մեջ էր նախագահ Սարգսյանի հետ, և խորհրդի քննարկմանն են արժանացել հասարակական-քաղաքական հնչեղություն ստացած բոլոր հարցերը: Միաժամանակ շատ հարցերում ՀԽ-ն իր սկզբունքային կարծիքն է արտահայտել, որը տարբերվել է իշխանությունների դիրքորոշումից, և մինչև վերջ առաջ է տարել իր գաղափարները (կինո «Մոսկվայի» ամառային դահլիճը քանդել-չքանդելու հարցը, «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու խնդիրը և այլն):

Մասնավորապես, կրթական համակարգի վերաբերյալ Հանրային խորհուրդը  որոշ գործողություններ էր ձեռնարկել դեռևս մինչև օտարալեզու դպրոցների հետ կապված նախաձեռնությունը: Խորհրդում ավելի վաղ տեղի ունեցած քննարկումների արդյունքում առաջարկվել էր ստեղծել մի քանի աշխատանքային խմբեր, որոնք ուսումնասիրությունների հիման վրա ՀՀ կառավարությանը առաջարկություններ պետք է ներկայացնեին: Այդ ամենը, ըստ ՀԽ նախագահի, նպատակ  ուներ հասնել նրան, որի «մեր կրթական համակարգը համապատասխանի մեր ազգային պետական շահերին և միջազգային չափանիշներին»:

Միաժամանակ, երբ սկսվեցին օտարալեզու դպրոցների շուրջ քննարկումները, Հանրային խորհուրդը կտրուկ դեմ արտահայտվեց նախաձեռնությանը` կոչ անելով կառավարությանը հետ վերցնել նախագիծը: Անձամբ Վազգեն Մանուկյանը առաջարկում էր նախագծի այլ, շատ ավելի խելամիտ տարբերակ: Այն էր. Մոսկվայի վճարովի դպրոցների տարբերակով բազային կրթությունը թողնել ազգային լեզվով, իսկ լրացուցիչ առարկաները դասավանդել օտար լեզուներով: ՀԽ նախագահի կողմից առաջարկ էր արվում նաև լրացուցիչ բացել կիրակնօրյա դպրոցներ, որտեղ ոչ պարտադիր առարկաները կարելի է դասավանդել օտար լեզուներով: ՀԽ նախագահն այս հարցի շուրջ շատ խիստ ձևով արտահայտեց իր կարծիքը` կոչ անելով ՀՀԿ-ին «չբացել պանդորայի արկղը», որը հետո չեն կարողանալու փակել:

Սակայն, ինչպես տեսանք, այս բոլոր առաջարկություններն անտեսվեցին, և օրեր առաջ տխրահռչակ օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց, ինչի հետևանքները թերևս կերևան ոչ հեռու ապագայում:

Հանրային խորհրդի առաջադրած կարևորագույն նպատակներից մեկն էլ գյուղատնտեսական հիմնախնդիրներին լուծում տալն է, որպեսզի գյուղացին չթողնի գյուղը: Խորհրդի կողմից այս խնդրի առնչությամբ նոր մոտեցում է առաջարկվել, որի համաձայն` գյուղատնտեսական ոլորտում պետք է կոոպերացիա ներմուծվի: Ըստ ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանի` «խոսքն այն մասին է, որ այսօր գյուղացիները միայնակ են լուծում իրենց հարցերը և այժմ կարող են կամավոր հիմունքներով միավորվել կոոպերացիայի մեջ»:

ՀԽ-ն համագործակցում է նաև պաշտպանության նախարարության հետ: Վերջերս ՀԽ նախագահը, անդրադառնալով ՀՀ Զինված ուժերում փոփոխություններ կատարելու խնդրին, կարծիք է հայտնել, որ 18 տարին լրացած բոլոր անձինք պետք է պարտադիր զինվորական ծառայություն անցնեն, որը, սակայն, պետք է դառնա 1,5 տարի: Դրանով, ըստ ՀԽ նախագահի, կլուծվի թե’ բանակի համալրման խնդիրը և թե’ կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ քայլ կարձանագրվի, քանի որ այս տարի բուհերում երկու անգամ պակասեցվել է պետական պատվերների թիվը: Նախաձեռնությունն իրոք ողջունելի ու նաև ռիսկային է, որովհետև անկասկած ընդդիմության է արժանանալու հասարակության որոշ հատվածի կողմից: Սակայն դրանով կկրճատվի ծառայությունից խուսափելու պատճառով երկիրը լքողների, ինչպես նաև կաշառքի միջոցով բուհ ընդունվող երիտասարդների թիվը, դա անվիճելի է: Դրա շնորհիվ էլ բարձրագույն կրթությունը սոցիալական առումով բոլորին հասանելի կլինի և միաժամանակ կրթական որակների առումով հասանելի կլինի ոչ բոլորին:

Պետք է նշել, որ Հանրային խորհուրդն անդրադառնում և օպերատիվ կերպով արձագանքում է նաև արտաքին քաղաքական իրադարձություններին` հաճախ  լինելով, երկրի նախագահից բացի, հայկական կողմից տեղի ունեցածը մեկնաբանող միակ կառույցը:

Հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ արտգործնախարար Նալբանդյանը շատերի կողմից քննադատության արժանացավ ադրբեջանական կողմի գործողություններին համապատասխան դիվանագիտական պատասխան չտալու պատճառով, առաջիններից  մեկը, ով ըստ արժանվույն մեկնաբանեց տեղի ունեցածը և կոչ արեց չքաղաքականացնել այն, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էր: Հարցազրույցներից մեկում Մանուկյանը նշել է, որ տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից մեսիջ էր, սակայն ուղղված էր ոչ թե Հայաստանին, այլ սեփական ժողովրդին, որպեսզի ցույց տան, որ պայքարում են:

Կարելի է նշել, որ ըստ էության` Հանրային խորհուրդը` որպես այդպիսին, առաջին կառույցն է, որը պետք է վերահսկի և հանրային կարծիք արտահայտի ԱԺ ընդունած օրենքների վերաբերյալ: Այսպիսի գործառույթներով կառույցի առկայությունը մեծ անհրաժեշտություն էր, եթե հաշվի առնենք հաճախ ԱԺ քննարկմանը ներկայացվող խիստ հակասական հարցերը: Նույն օտարալեզու դպրոցների բացման դեմ Հանրային խորհրդի ձեռնարկած գործողությունների շնորհիվ մինչ ԱԺ քննարկմանը ներկայացվելը և ԱԺ կողմից ընդունվելն օրենքը բավական փոփոխվեց: Միաժամանակ շատ հայտնի ու անհայտ քաղաքական ու հասարակական դեմքեր և կազմակերպություններ, որոնք նույնպես դեմ էին արտահայտվել օրենքին, ընկրկեցին և կիսատ թողեցին օրենքի ընդունման դեմ մղվող պայքարը: Օրինակ` տերպետրոսյանական ընդդիմությունը, որի ղեկավարը ժամանակ առ ժամանակ աղմկահարույց հայտարարություններ է անում Մատենադարանից, որևէ կերպ սատար չկանգնեց և չանդրադարձավ վերոնշյալ հարցին:

Շատ զարգացած եվրոպական երկրների պես, որտեղ Հանրային խորհուրդը լուրջ դեր ունի երկրի հասարակական-պետական կյանքի կառավարման գործում, Հայաստանում էլ Հանրային խորհուրդն արդեն ակտիվ գործունեություն է ծավալել, որը մշտապես ուշադրության կենտրոնում է գտնվում երկրի նախագահի կողմից:

Այս առումով կարևոր դեր է ունենալու հուլիսին Նյու Յորքում կայանալիք հանրային խորհուրդների համաժողովը: Մասնակցությունն այդ հավաքին օգտակար կլինի հայաստանյան ՀԽ-ին և կնպաստի նրա գործունեության բարելավմանը:

Թեև երկրում քաղաքական իրավիճակն ապակայունացնել փորձող և տարբեր քաղաքական կառույցների սպասարկող շատ ԶԼՄ-ներ այսօր էլ փորձում են թերահավատությամբ մոտենալ ՀԽ գործունեությանը, սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում: Ինչպես մարտ ամսին Հանրային խորհրդի մեկամյա գործունեությունն ամփոփող ասուլիսում նշեց ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը. «Հանրային խորհուրդը կառուցվածքային առումով լիովին կայացած է, բայց բովանդակային առումով դեռ կայացման փուլում է»: Սա երկարատև գործընթաց է, քանզի պահանջում է անընդհատ պահպանել հասարակական ակտիվությունը ՀԽ-ի նկատմամբ:


Դիտվել է 2310 անգամ:
Print Friendly

Leave a Reply