4 բաժակ կանաչ թեյ շոգին դիմակայելու համար

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 7, 2010 13:01

Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման  բացասական  ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել գտնվել ստվերում, կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ, օգտագործել սովորականից շատ հեղուկ, իհարկե, չչարաշահելով կոֆեինը և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում:

Միաժամանակ, խորհուրդ չի տրվում գնել բացօթյա պայմաններում  պատրաստվող և վաճառվող, հատկապես արագ փչացող և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ պաղպաղակ, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ եւ այլն:

Պետք չէ օգտագործել բացօթյա, տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր: Արգելվում է գտնվել  չօդափոխվող  կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար  ժամանակ մնալ  արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել  փակ պատուհաններով ավտոմեքենաներում: Ծարավը հագեցնելու լավագույն միջոցը թեյն է, նշանակություն չունի՝ այն սառն է, տաք, թե գոլ: Հատկապես բարերար ազդեցություն ունի կանաչ թեյը: Օրական 4 բաժակ տաք կանաչ թեյն ունակ է պաշտպանելու մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 1510 անգամ:
Print Friendly

Leave a Reply