Կենսաթոշակային բարեփոխումները կիրականցվեն փուլային տարբերակով

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 7, 2010 11:26

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյան

Շուրջ 10 տարի է, որ շրջանառվում է կենսաթոշակային բարեփոխումներ իրականցնելու կառավարության ծրագիրը: Բարեփոխումներ իրականացնելու այդ փաթեթը, որն ընդգրկում է շուրջ 50 օրենսդրական ակտ, 5 հիմնական օրենքների նախագծեր և փոփոխություններ գործող 44 օրենքներում՝  ԱԺ հունիսի 23-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ նոր համակարգի անցնելը չի ենթադրում հին համակարգից հրաժարում: Այն շարունակելու է գործել, և պետությունը շարունակելու է կենսաթոշակներ վճարել մարդկանց աշխատած տարիների համար։

Դա փոփոխություն է, որն արվել է փաթեթը ԱԺ ներկայացնելու ժամանակ: Նոր համակարգը կիրառվելու է փուլային տարբերակով, այսինքն նորի հետ միասին գործելու է նաև հինը՝ այդ համակարգին համապատասխան վճարումներով:

Եթե կենսաթոշակային բարեփոխումների փաթեթ երկրորդ ընթերցմամբ էլ վավերացվի, ապա Հայաստանում  2011թ. կկիրառվի կենսաթոշակային կամավոր կուտակային համակարգ, իսկ 2014թ.՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգ, որը պարտադիր է լինելու մինչև 40 տարեկան աշխատողների համար։

Ասատրյանն ասաց, որ մինչև երկրորդ ընթերցում՝  կազմակերպվելու են քննարկումներ քաղաքական կուսակցությունների, հկ-ների, ֆրակցիաների և այլ շահագրգիռ կողմերի հ հետ և պատրաստ են լսելու բոլոր առաջարկներն ու դրանք ներառել փաթեթի լրամշակված տարբերակում:

Գործող կենսաթոշակային համակարգում թոշակները բաշխելիս հաշվի է առնված միայն թոշակառուի ստաժը: Քաղաքացին ունենալով առնվազն 5 տարվա ստաժ՝ ստանում է նվազագույն 8000 դրամ բազային կենսաթոշակ, որը նոյեմբերի կդառնա 11500 դրամ: Յուրաքանչյուր տարվա համար նա ստանում է 450 դրամ հավելավճար:

Նոր համակարգով բացի ստաժից հաշվի է առնվում նաև աշխատավարձի չափը: Աշխատողները վճարելու են 26 տոկոս եկամտահարկ նախկին 10 տոկոսի փոխարեն, բացի դրանից էլ 5 տոկոս վճարում պետք է կատարեն  մասնավոր կենսաթոշակային ֆոնդերում:  Ավելացված 5 տոկոսին պետությունն ավելացնում է ևս 5 տոկոս, որը համարվում է «երկար փողեր»,  և այդ գումարը տնօրինելու են ԿԲ կողմից վերահսկվող կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, ովքեր դրանք կարող են ներդնել տարբեր ոլորտներում՝ ձեռք բերելով  բաժնետոմսեր ու պարտատոմսեր:

Մինչև ԱԺ առաջին ընթերցումը՝ մասնավոր ֆոնդերում քաղաքացիների կատարած ներդրումները պետությունը չէր երաշխավորում: Այժմ մշակված է

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյան

երաշխիքային ինսիտուտ, համաձայն որի՝ աշխատողների վճարումները 100 տոկոսով երաշխավորվում են: «Երաշխիքային հիմնադրամը ապահովելու է կուտակային գումարների 20 տոկոսը, իսկ մնացած 80 տոկոսի վերադարձը իրականացնելու է պետությունը սեփական միջոցների հաշվին,- ասաց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը,- բացի այդ այդ գումարներում հաշվարկվելու է տարիների ընթացքում գոյացած գնաճը»:

Փաթեթում  նախատեսված են տնտեսվարող սուբյեկտների համար շահագրգռող գործոններ, որպեսզի նրանք իրենց աշխատողների համար կատարեն վճարումները:

Դրա համար «Շահութահարկի մասին» օրենքում արվել է փոփոխություն, ըստ որի, այդ տնտեսվարողների շահութահարկը կնվազեցվի 150 տոկոսի չափով: « 50 տոկոսն էլ կառավարության կողմից բոնուս է,- ասաց ֆինանսների փոխնախարարը,- կարծում եմ, որ դա բավականին էական խթան է»:

Արամյանն ասաց, որ ներկայացված համակարգը շատ քիչ կապ ունի Չիլիի մոդելի հետ, որը ժամանակին կիրառվել ու ցույց է տվել անարդյունավետ լինելը. մարդկանց գումարները փոշիացել են:

«Մոդելի ընտրությունը  շատ կարևոր է,- ասաց Ասատրյանը,- ի՞նչ է նշանակում սոցիալական պետություն. պետությունը պետք է հոգ տանի այն քաղաքացիների համար, ովքեր ի վիճակի չեն հոգալ իրենց կարիքները և պայմաններ ստեղծեն նրանց համար, ովքեր դա կարող են»:

Աժյմ Հայաստանում կա  460 հազար աշխատող քաղաքացի, իսկ կենսաթոշակառուների թիվը 520 հազար է:

Դիտվել է 1759 անգամ:
Print Friendly

Leave a Reply