Տիգրան Սարգսյանն ընդունել է Յանս Վանդելին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 6, 2010 19:47

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենի տեղակալ և Բրատիսլավայի ՄԱԶԾ տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Յանս Վանդելին։
Ողջունելով հյուրին` վարչապետը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ծավալած գործունեությունը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Յանս Վանդելն ընդգծել է, որ 2010-2015 թթ. համար ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի միջև ստորագրված Համագործակցության ծրագրի գործողությունների պլանը որակապես լավագույնն է տարածաշրջանում պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման տեսլականի առումով։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումների ընթացքին և հեռանկարներին։ Այդ համատեքստում հյուրի խնդրանքով Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության ուղղությունները` Խորը և համապարփակ Ազատ առևտրի համաձայնագրի կնքում, մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացում, Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում մշակվող Ազգային ծրագրով նախատեսվող բարեփոխումների իրականացում և համատեղ ծրագրերի իրագործում էներգետիկայի ոլորտում։ Խոսելով կոռուպցիայի և ստվերային տնտեսության վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերից` վարչապետը տեղեկացրել է, որ Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հասարակական ծառայությունների մասին» օրենքը, որով մեխանիզմներ են ստեղծվում պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը բարձրացնելու համար։ Անդրադառնալով տարածքների համաչափ զարգացման կարևորության խնդրին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այն իրականացվում է երկու` ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացման ուղղությամբ։
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները։ Մասնավորապես, կառավարության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ ծրագրերում ՄԱԿ-ի փորձագետների փորձի և մեթոդաբանության կիրառումը։

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply