Մի անգամ Աֆրիկայում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 3, 2010 16:47

Հարավաֆրիկյան Հանրապետությունում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունը, և հազիվ թե որևէ արտասովոր բան կատարվի, եթե, իհարկե, քառորդ եզրափակիչ մտած Գանայի հավաքականը նոր անակնկալ չմատուցի ու չդառնա չեմպիոն:

Այսուհանդերձ, առաջնությունը տպավորիչ է, թեկուզ, եթե այն համեմատելու լինենք 2006-ին Գերմանիայում կազմակերպված առաջնության հետ: Մարզասերներն իրենց թիմերին ավելի բուռն են քաջալերում: Խաղադաշտերում, հավաքականների ներսում հետաքրքիր, անսպասելի իրադարձություններ են կատարվում, աղմկահարույց  միջադեպեր, քիչ չեն կողոպուտների զոհերը և այլն: Այդուհանդերձ, այս առաջնությունը կմտապահվի այն առումով, որ փոքր-ինչ մղձավանջային է: Եվ  որոշ բաների դեմն անգամ կազմակերպիչները չեն կարողանում առնել, թեև անգամ հակասական թվացող վճիռներ են կայացնում: Դժվար է ասել` դրա պատճառը տարաշխարհիկ Աֆրիկա՞ն է, թե՞  ուրիշ բան, սակայն այդպես է:

Մասնավորապես, այս ստուգատեսին արդեն կնքել են «Վուվուզելների առաջնություն» անունը: Մարզադաշտերում այդ գործիքի հնչեցրած ձայնը թեև խանգարում է ֆուտբոլիստներին, հեռարձակումների կազմակերպիչներին, հաղորդավարներին, սակայն այդ հիմնախնդիրը մնացել է: Կազմակերպիչներին այդպես էլ չհաջողվեց արգելել դրանց կիրառումը մարզադաշտերում: Ընդ որում, միահամուռ դժգոհում էին բոլորը: Արձակված ձայների մակարդակը հասնում է 127 դեցիբելի, որը վտանգավոր է մարդու լսողության համար: Ուշագրավ է, որ գործիքը փչողներն առաջին հերթին իրենք են զոհ դառնում:  Մասնավորապես` Քեյփթաունում կայացած Անգլիայի և Ալժիրի հավաքականների հանդիպումից (0:0) հետո անզգուշություն ունեցած մի քանի տասնյակ անգլիացի ֆուտբոլասերներ երկու օր շարունակ չեն կարողացել խոսել և որևէ բան կուլ տալ, քանի որ  խիստ վնասվել էին նրանց  կոկորդների փափուկ հյուսվածքները:

Բացի այդ, վուվուզելների օգնությամբ արագ վարակ է տարածվում:  Ապացուցվել է, որ գրիպի և այլ հիվանդությունների հարուցիչները վուվուզելների առաջացրած հոսանքի տատանումների շնորհիվ օդակաթիլային ճանապարհով արագորեն տարածվում են: Եվ առաջնության կազմկոմիտեի նախագահ Դեննի Ջորդանը, հաշվի առնելով բողոքները, խաղերի ժամանակ արգելել էր միատոն ձայներ արձակող երաժշտական գործիքների օգտագործումը: Բայց նրա հրամանը կյանքի չկոչվեց այն պարզ պատճառով, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերը ցանկացավ լավամարդ դառնալ և փիլիսոփայորեն հայտարարեց, որ անկախ այն  հանգամանքից` դա ոմանց դուր է գալիս, թե ոչ, չի կարելի մարզասերներին սեփական երկրում ձեռնպահ թողնել ազգային երաժշտական ավանդույթների կիրառումից:

Իրականում այդ  գործիքներն ազգային ավանդույթների հետ  ոչ մի կապ չունեն: Առաջին անգամ դրանք Հարավաֆրիկյան Հարապետությունում կիրառվել են 40 տարի առաջ, իսկ վերջին 6-7 տարիներին ավելի լայն տարածում են ստացել: Սակայն Բլատերի շարժառիթն ուրիշ էր: Նա այդ ամենն արել էր Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զումայի խնդրանքով: Եկող տարի նա կարող է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում աֆրիկյան երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների մի քանի տասնյակ ձայների հավակնել: Այնպես որ ֆուտբոլային քաղաքականությունը  նույնպես վտանգավոր կարող է լինել:

Այս առաջնությունում մրցավարները հաճախակի են սխալվում: Ընդ որում, դրանցից ամենակոպիտների ականատեսը դարձել են անմիջապես մարզադաշտում գտնվող ֆուտբոլիստներն ու հանդիսականները: Եվ դրան օգնել են խաղադաշտերում տեղադրված մեծադիր էկրանները: Մասնավորապես, 1/8 եզրափակիչ հանդիպումների ժամանակ ցուցադրվել է մրցավարական երկու սխալ: Գերմանիա- Անգլիա (4:1) հանդիպման ժամանակ ուրուգվայցի մրցավար Խորխե Լարոնդան չի հաշվել անգլիացի Ֆրենկ Լեմպարդի` մրցակցի դարպասը խփած գնդակը: Ընդ որում, վերջինս մեկ մետրից ավելի հատել էր դարպասի գիծը: Իսկ իտալացի հանրածանոթ մրցավար Ռոբերտո Ռոզետին Արգենտինա-Մեքսիկա (3:1) հանդիպման ժամանակ դարպասի գրավում է արձանագրել, երբ արգենտինացի Կառլոս Տևեսը խաղից դուրս վիճակում է եղել: Ի դեպ, Ռոզետին այն մրցավարն է, որը գլխավորում է աշխարհում հայտնի Իտալիայի մրցավարական դպրոցը: Նրա մոտ ուսանելու, մրցավարական դասընթացների մասնակցելու են գնում տարբեր երկրների, այդ թվում նաև Հայաստանի մասնագետները:

Թվում էր, թե կարևորը ճիշտ որոշում կայացնելն է: Ի դեպ, մի շարք մարզաձևերում` ըմբշամարտ, մարմնամարզություն և այլն, մրցավարներին կասկածների դեպքում թույլատրվում է դիմել տեսագրությունների օգնությանը: Իսկ ի՞նչ արեցին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները: Նրանք պարզապես արգելեցին ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության հանդիպումների ժամանակ ստադիոններում տեղադրված մեծադիր էկրաններին ցուցադրել վիճահարույց դրվագների կրկնությունները:

Ներկայումս սկսվում է աշխարհի առաջնության ամենավճռական փուլը: Ընդ որում, 1/4 եզրափակչի մասնակից մրցակից չորս զույգերից յուրաքանչյուրում Հարավային Ամերիկայի ներկայացուցիչներ կան: Երեքը եվրոպական երկրների հավաքականներ են: Իսկ Աֆրիկա աշխարհամասի միակ ներկայացուցիչը Գանայի հավաքականն է: Ամենամեծ անակնկալը կլինի այն, որ  վերջինս դառնա չեմպիոն: Այսպիսով, հուլիսի 2-ին կմրցեն Ուրուգվայի և Գանայի, Հոլանդիայի և Բրազիլիայի, հուլիսի 3-ին` Գերմանիայի և Անգլիայի, Պարագվայի և Իսպանիայի հավաքականները:

Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply