Կառավարությունն առաջարկում է կենսաթոշակային համակարգի վիճելի բարեփոխումներ

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 2, 2010 15:34

ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյան

Կառավարությունը մշակել է «Պետական կենսաթոշակների մասին» և հարակից շուրջ հինգ տասնյակ օրինագծերից բաղկացած բավականին ծավալուն օրենսդրական փաթեթ, որով ենթադրվում է Հայաստանում ներդնել քառաստիճան կենսաթոշակային համակարգ` ներկայումս գործող մեկաստիճան համակարգի փոխարեն: Ազգային ժողովի հունիսի 23-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում այն ներկայացնելիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը, մասնավորապես  հայտնեց,որ սերունդների համերաշխության սկզբունքով գործող համակարգն այսօր այլևս  չի կարող ապահովել այն հիմնական պահանջները, որոնք անհրաժեշտ են կենսաթոշակ ստացող անձանց համար: Այսինքն` նվազագույն կենսաթոշակի մակարդակի ցածր լինելը և, ամենակարևորը, նաև կատարած վճարումների և կենսաթոշակի չափի միջև կապի բացակայությունը ենթադրում են կենսաթոշակային բարեփոխումներ:

Նշվեց նաև, որ, չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին կենսաթոշակային ապահովությանն ուղղված միջոցների տեսակարար կշիռը պետբյուջեում տարեցտարի ավելացել է, սակայն միջին կենսաթոշակի չափի խնդիրը դեռևս լուծված չէ: Մասնավորապես, միջին աշխատանքային կենսաթոշակի չափը կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի շուրջ  65 տոկոսը: Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ, միջազգային չափորոշիչներին համապատասխան, ներկայումս ունենք ծերացող հասարակություն, քանի որ հասարակության 12 տոկոսից ավելին կազմում են կենսաթոշակային տարիքի անձինք:

Փոխնախարարի մատուցմամբ` բարեփոխումների հիմնական ուղղություններից  է՝ շարունակել բարձրացնել գործող կենսաթոշակառուների աշխատանքային և սոցիալական կենսաթոշակների չափերը` ապահովելով  թիրախային ցուցանիշները: Մասնավորապես, միջին աշխատանքային կենսաթոշակը պետք է համապատասխանեցվի կենսաապահովման նվազագույն բյուջեին, իսկ այնուհետև` դրա 150 տոկոսին, որից հետո պետք է նվազագույն կենսաապահովման բյուջեի չափին համապատասխանեցվի նվազագույն սոցիալական կենսաթոշակը: Ըստ կառավարության ներկայացուցչի, դա նշանակում է՝ բացառել աղքատությունը կամ աղքատության ռիսկը կենսաթոշակառուների շրջանում: Մյուս ուղղությունն ապագա սերունդների համար կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն է, որով կապահովվի երկրորդ հիմնական խնդրի լուծումը` կատարած վճարումների կամ աշխատավարձի և ստացվելիք կենսաթոշակի չափի միջև կապը, ինչն էլ, ըստ էության, կենսաթոշակի ինստիտուտի հիմնական առաքելությունն է:

Կամավոր կենսաթոշակային ապահովագրության բաղադրիչը կառավարությունն առաջարկում է գործարկել 2011թվականից, իսկ պարտադիր կուտակային բաղադրիչը` 2014 թվականից: Ընդ որում` մինչև 40 տարեկան անձանց համար նախատեսվում է պարտադիր մասնակցություն կուտակային բաղադրիչին, իսկ 40-ից բարձր տարիքի անձանց համար` կամավոր: Կուտակային վճարը նախատեսվում է վարձու աշխատողի եկամտի 10 տոկոսի չափով, որից 5 տոկոսը վճարելու է աշխատողը, իսկ 5 տոկոսը` պետությունը, սակայն վերջինի մասնակցության վերին շեմը սահմանափակվում է 25 հազար դրամով: Կամավոր սկզբունքի դեպքում պետական մասնակցություն չի նախատեսվում: Ըստ փոխնախարարի, գումարները հավաքվելու են քաղաքացիների կենսաթոշակային հաշիվներում, որոնք կառավարելու են ակտիվները կառավարող ընկերություններ: «Խնդիրը վերաբերում է այդ գումարների ներդրմանը համապետական ծրագրերում: Առաջին հերթին այդ գումարները պետք է ուղղվեն պետության կողմից իրականացվելիք ծրագրերին»,-պարզաբանեց նա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյան

Հարակից զեկուցող, ԱԺ-ի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նույնպես կարևորեց բարեփոխումների անհրաժեշտությունը` որպես գործող համակարգի թերություն նշելով, որ ներկայումս թոշակի չափը բոլորի համար պայմանավորված է բազային կենսաթոշակի չափով և աշխատանքային ստաժով` անկախ անձի կատարած աշխատանքի որակից, կրթական ցենզից, վարձատրության չափից և այլն: Նա նաև հույս հայտնեց, որ կառավարության կողմից արված ճշգրտումների արդյունքում, երբ շատ հարցադրումների պատասխաններ տրվել են, առաջին ընթերցումից հետո հնարավոր կլինի բարեփոխումների իմաստը ներկայացնել նաև հանրությանը: «Ցավոք սրտի, Ձեր լավատեսությունը, որ քննարկումների ընթացքում հանրությունն ավելի լավ կհասկանա այս օրենքի իմաստը, չեմ կիսում: Մենք առնվազն խմբակցության կողմից կանենք ամեն ինչ, որ հասկանա, որովհետև հենց որ հասկանա, երկրում իսկապես իշխանափոխություն տեղի կունենա անմիջապես»,-արձագանքեց «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Վ.Հովհաննիսյանը տագնապալի համարեց երկրում իրավիճակը` կապված օրենսդրական փաթեթի հնարավոր ընդունման հետ: Ըստ նրա` անկասկած գործող համակարգը թերի է, սակայն  նոր համակարգի, մասնավորապես, մասնավոր պարտադիր կուտակային ֆոնդին անցումը, մեղմ ասած, անհասկանալի է: Միջազգային փորձը վկայում է, որ այն երկրներում, որտեղ գործում է այս համակարգը, հիմնականում պետական կամ մասնավոր ֆոնդերի միջև ընտրության հնարավորություն կա: Առաջարկվող մոդելը ռիսկային է մի քանի առումներով, մասնավորապես, աշխատավորը կախման մեջ է հայտնվում իր թոշակի գնալու ժամանակահատվածում ֆինանսական շուկաների վիճակից: Նման համակարգերն արդյունավետ են աշխատում  բոլոր այն երկրներում, որտեղ ֆինանսական ինստիտուտները թափանցիկ են: «Հայաստանն ամբողջությամբ կոռուպցիոն դաշտ է»,- հայտարարեց դաշնակցական պատգամավորը:

ՀՅԴ-ի մեկ այլ ներկայացուցչի` Արա Նռանյանի գնահատմամբ, սա երկրում վերջին 20 տարում բարեփոխման անվան տակ իրականացվող ամենավտանգավոր, ավանտյուրիստական փորձն է: Ըստ նրա` այս փաթեթն իրականում որևէ կապ չունի առկա խնդիրների լուծման հետ: Փաստորեն քաղաքացիները, ներկայիս եկամտահարկի և կենսաթոշակային վճարի փոխարեն, վճարելու են միասնական եկամտահարկ և կենսաթոշակային վճար` բոլորովին այլ համաչափությամբ: Օրինակ` 300 հազար դրամ առանց պահումների աշխատավարձ ստացող քաղաքացին  լրացուցիչ վճարելու է ևս 20 հազար դրամ: «Ես չեմ կարծում, որ գործատուներն այնքան շռայլ կլինեն, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում կգերադասեն բարձրացնել աշխատավարձը»,-ասաց նա` հավելելով, որ, եթե անգամ բարձրացնեն, դա բեռ է լինելու տնտեսության, գործատուների վրա:

Ա.Նռանյանի մատուցմամբ` իրենց հաշվարկները ցույց են տալիս, որ այն քաղաքացիները, ովքեր այս համակարգով են անցնելու թոշակի, չեն ստանալու ակնկալվող չափով թոշակ, և շատ հավանական է, որ պետական կենսաթոշակներն ավելի բարձր լինեն: Ըստ նրա` ավելի նպատահարմար է կիրառել ԱՄՆ-ի համակարգը, որտեղ գոյություն չունեն պարտադիր մասնավոր կուտակային հիմնադրամներ, այլ գործում է պետական հիմնադրամ, որն ի վիճակի է վճարելու կենսաթոշակներ` հաշվի առնելով նաև արդարության բաղադրիչը:

Նման ծավալի օրենսդրական նախաձեռնության համար բավականին կարճատև քննարկմանն ամենաակտիվ մասնակիցը ՀՅԴ պատգամավորներն էին, և այդ խմբակցությունն էլ միակն էր, որ ներկայացրեց իր տեսակետը: Խմբակցության անունից Վ.Հովհաննիսյանը հայտարարեց, որ խնդիրը չափազանց կարևոր է, մեկ տնտեսական թիմի որոշելիք չէ, ուստի այն պետք է որոշվի հանրաքվեով: «Եկեք հարցնենք ժողովրդին` ինքն ուզո՞ւմ է, որ դուք այս ձևով իրեն երջանկացնեք»,-եզրափակեց Վ.Հովհաննիսյանը:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 2211 անգամ:
Print Friendly

Leave a Reply