Օտար դպրոցները ազգի թշնամին են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 6, 2010 14:24

Օտարալեզու դպրոցների հետ կապված տխրահռչակ օրինագծի վերաբերյալ այսօր լրագրողներին իրենց կարծիքները հայտնեցին Պոլսի «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոպեր Հատտեճյանը, գրող Թորոս Թորանյանը (Սիրիա) և հրապարակախոս, մշակութաբան Մովսես Հերգելյանը (Լիբանան):

«Մարմարա»-ի խմբագրապետը «Սփյուռքի փորձառութենեն դատելով», վստահ է, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացվելուն պես բոլորը պիտի ձգտեն այնտեղ, քանի որ ըստ նրա, հայ ժողովուրդը հակումներ ունի ամեն օտար բանի նկատմամբ:

Նա օրինակ բերեց Պոլսի հայկական վարժարանները, որտեղ աշակերտները գնալով պակասում են, քանի որ ավանդական օտարամոլությանը զոհ գնալով` հայ ծնողներն իրենց երեխաներին տանում են օտար դպրոցներ:

«Սփյուռքի մեջ մենք այդ հարցի վերաբերյալ շատ ենք տառապում, սակայն հույսը միշտ դնում ենք Հայրենիքի վրա»,-ասաց Հատտեճյանը` հավելելով, որ այսպիսի հարցի քննարկումը Հայաստանում, ցավալի է և անիմաստ:

Հերգելյանն էլ իր խոսքով ցանկացավ պատասխանել նախագծի կողմնակիցներին, ովքեր հաճախ են իրենց տեսակետը պաշտպանելու համար օրինակ բերում Լիբանանը:

«Այո, Լիբանանում ցանկացած անձ, ցանկացած քաղաքական հոսանք և ցանկացած կրոնի ներկայացուցիչ կարող է իր դպրոցը բացել, և շատ հաճախ այդ դպրոցներն ավելի բարձրակարգ ուսուցում են ապահովում,-ասաց նա,-սակայն այնտեղ հաճախող աշակերտները, միգուցե շահում են անհատապես, բայց տուժում է լիբանանյան հավաքականությունը, լիբանանյան ուժն ու լիբանանյան ազգը»:

Նա բացատրեց, որ այդ դպրոցների միջոցով օտար հոսանքներն իրենց քաղաքականությունն են թելադրում` հասարակության մեջ շերտեր առաջացնելով: Նա վստահ է, որ Լիբանանում տեղի ունեցող ամեն տեսակ խարդավանքները հենց այդ դպրոցների պատճառով են իրականանում:

«Այդ ուժերը լիբանանցու միջոցով պայքարում են Լիբանանի դեմ,-ասաց նա,-և նույն փողոցում մեծացած, նույն կրոնին պատկանող երեխաները սրվում են միմյանց դեմ, իրար կոտորում»,-ասաց նա:

Խոսելով լիբանանյան օրինակի մասին, Հերգելյանը նշեց նաև հարևան Սիրայի օրինակը, որտեղ կրթությունը բացարձակապես արաբերեն է` չհաշված թեքումով օտարալեզու դասընթացները, սակայն, ըստ հրապարակախոսի, սիրիացի ժողովուրդն ավելի կապված է իր հայրենիքին ու ավելի միասնական է:

«Այս երկու օրինակները հաշվի առնելով` Հայաստանի կառավարությունը ոչ թե պետք է օրենքները փոփոխի, որ օտար դպրոցներ բացվեն, այլ վերամշակի այնպես, որ հայեցիությունն է´լ ավելի խորանա»,-ասաց Հերգելյանը:

Թորանյանը կառավարության որոշումը բնութագրեց ոչ հստակ և չգիտակցված, իսկ օտարալեզու դպրոցը` ազգի թշնամի.

«Մենք դեռ էն գլխից ենք լսել Աբովյանի խոսքը. «Ով որ լեզուն կորցնի, ազգը կկորցնի…,-հիշեցրեց նա` ավելացնելով, որ չնայած ինքը հիանալի տիրապետում է արաբերենին, սակայն մտքում միշտ թարգմանում է հայերեն, որպեսզի հայերեն մտածի»:

Ամփոփելով իրենց խոսքը, բանախոսները նշեցին, որ «իրենց աչքը միշտ Հայրենիքի կողմն է, և Հայաստանը Սփյուռքի համար պետք է օրինակ ծառայի` դրական օրինակ:

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply