ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ջանքերով Ակնաղբյուրում կառուցվել է համայնքային կենտրոն. գյուղապետարան, բուժկետ, գրադարան եւ հանդիսությունների սրահ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 6, 2010 12:59
Երեւան, 6 հուլիսի 2010թ.: Հուլիսի 4-ին ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից Տավուշում հանդիսավորությամբ բացվեց Ակնաղբյուրի նորակառույց համայնքային կենտրոնը: Շուրջ 60 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ այս ծրագիրը ֆինանսավորվել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից:
Արարողությանը ներկա էին ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Տավուշի փոխմարզպետ Վահե Վարդապետյանը, համայնքի ղեկավար Կարեն Դոլմազյանը, ծրագրի բարերար Ջորջ Թավիդյանն իր տիկնոջ հետ եւ ֆրանսիայից ժամանած շուրջ 50 հոգանոց բարերարների պատվիրակությունը: Թավիդյանների ընտանիքը մշտապես մասնակցում է ֆրանսիայի տեղական մարմնի կողմից կազմակերպվող դրամահավաքներին եւ հանդիսանում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի նվիրատու անդամ:
Հյուրերին գյուղում ընդունեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի դրոշներով, աղ ու հացով եւ երգ ու պարով: Պարոն Թավիդյանը, ով ողջույնի խոսք էր ուզում ասել, տեսնելով բնակիչների ուրախությունը, հուզմունքից ընդամենը կարողացավ արտաբերել, – ՙՈւրախ եմ, որ այսօր այստեղ այսքան մարդ է հավաքվել…՚:
Երկհարկանի համայնքային կենտրոնում այսուհետ կգործեն գյուղապետարանը, համայնքային գրադարանը, 50 հոգու համար նախատեսված հանդիսությունների սրահը, ինչպես նաեւ առանձին մուտքով բուժկետը:
Համայնքային կենտրոնի բացումը մեծ ձեռքբերում է բնակչության կյանքում, քանի որ տարիներ շարունակ գյուղապետարանը գործում էր երկհարկանի խարխուլ շենքում, որտեղ առ այսօր էլ ապաստանում է փախստականների երկու ընտանիք, գյուղն ընդհանրապես չուներ հանդիսությունների սրահ, գրադարանը տեղակայված էր կիսակառույց խոնավ շենքում, իսկ բուժկետը` մետաղե տնակում: Համայնքային նորակառույց կենտրոնի կառուցումը լուծում է նշված բոլոր խնդիրները:
ՙԵրկու ամիս առաջ, երբ Ակնաղբյուրում բացում էինք խմելու ջրի ջրագիծը, գյուղացիներին խոստացա, որ շուտով գյուղում ուրախության մեկ այլ առիթ կլինի, եւ այսօր մենք միասին տոնում ենք գյուղի համար այնքան կարեւոր համայնքային կենտրոնի բացումը՚,- ողջույնի խոսքում ասաց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Շնորհակալական խոսք ասացին փոխմարզպետը, համայնքի ղեկավարը եւ բնակիչները:
Այսօր արդեն Ակնաղբյուրի օրինակով կարելի է խոսել Հիմնադրամի գյուղերի համալիր զարգացման արդյունավետության մասին: Գյուղում վերջին երեք տարիների ընթացքում համահայկական նվիրումի շնորհիվ բազմաթիվ խնդիրներ են հաղթահարվել. համայնքը գազիֆիկացվել է (հովանավոր` Մայր աթոռ Սուրբ Էջմիածին), կառուցվել է ոռոգման ջրատար (հովանավոր` Հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան շրջանի տեղական մարմին), հիմնովին վերակառուցվել է խմելու ջրի համակարգը (հովանավոր` Կանադայի ՀՅԴ հանձնախումբ): Բացի ծավալուն ենթակառուցվածքային ծրագրերից, իրականացվել են մի շարք այլ, համայնքի համար ոչ պակաս կարեւոր ծրագրեր, ինչպիսիք են դպրոցի սպորտհրապարակի վերականգնումը (Կիպրոսի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանի նվիրատվությամբ), համակարգչային դասասենյակի ստեղծումը (նյույորքցի Լոուրենթ Պաուլաքի նվիրատվությամբ): Բազմաթիվ գյուղատնտեսների հատկացվել է անհրաժեշտ գյուղտեխնիկա, սերմացուներ, պարարտանյութ, տնկիներ, սոցիալապես անապահով մի շարք ընտանիքների` մարդասիրական օգնություն:
Ակնաղբյուրը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որտեղ այսօր բնակվում է շուրջ հինգ հարյուր մարդ: Հիմնվել է 451 թվականին` ի պատիվ սպարապետ Վարդան Մամիկոնյանի: Ակնաղբյուրը շարունակում է մնալ Հիմնադրամի գյուղերի զարգացման ծրագրի Տավուշի մարզի 12 շահառու համայնքներից մեկը:
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ
* նշել աղբյուրը






Facebook
Tweet This
Email This Post
