Ադրբեջանցիների հակահայկական գործունեությունը Wikipedia-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 6, 2010 17:38

Առաջիկա  ամիսներին Վիքիփեդիա էլեկտրոնային հանրագիտարանի ռուսական  բաժնի մի շարք ադրբեջանցի խմբագիրներ չեն կարողանա Վիքիպեդիայում շտկումներ կատարել, կամ նյութեր տեղադրել:  Նման որոշում է կայացրել Վիքիփեդիա էլեկտրոնային հանրագիտարանի արբիտրաժային հանձնաժողովը:

Պարզվել է, որ Վիքիփեդիայի 26 ադրբեջանցի խմբագիրներ գաղտնի համագործակցել են միմյանց հետ` էլեկտրոնային հանրագիտարանում ծավալելով հակահայկական գործունեություն:  Բացահայտվել է, որ 26 հոգանոց խումբը Հայաստանին, Արցախին և հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող նյութերում խեղաթյուրել է իրականությունը, մոդերատորների և ադմինիստրատորների  ընտրության  ժամանակ նախապես պայմանավորվելով` քվեարկել են իրենց ադրբեջանցի կամ ադրբեջանամետ թեկնածուի օգտին, համատեղ գործունեություն են ծավալել հայամետ կամ հայ խմբագիրների ու հոդվածագիրների դեմ` հասնելով նրանց գործունեության արգելափակման կամ էլ ստիպել են, որ վերջիններս կամավոր հրաժարվեն Վիքիփեդիայում իրենց գործունեությունից:

Նման գործունեությունը արգելված է Վիքիփեդիայի կանոնադրությամբ:

Վիքիփեդիան ազատ էլեկտրոնային հանրագիտարան է, որտեղ նյութերը տեղադրում են հենց կայքի այցելուները, նաև ամեն ոք կարող է լրացումներ և շտկումներ կատարել ցանկացած նյութում: 2001-ին ստեղծված Վիքիփեդիան այսօր ամենախոշոր էլեկտրոնային հանրագիտարանն է, որ ամեն ամիս ունենում է 68 միլիոն այցելու: Կայքն ունի ավելի, քան 91 հազար ակտիվ հոդվածագիրներ, որոնք աշխատում են 272 լեզուներով: Անգլերեն Վիքիփեդիայում ներկայումս կա 3,3 միլիոն հոդված, Գերմանականում` 1 միլիոնից ավել, հայկականում, որ գործում է 2005-ից, կա 9000-ից ավել հոդված:

Վիփիփեդիայում գործող  խմբագիրները  ժամանակ առ ժամանակ ընտրում են վերստուգիչ խմբագիրների, մոդերատորների և նման այլ պաշտոնավարողների: Ընդ որում` նման դերերի համար կարող են ընտրվել հենց գործող խմբագիրներից:

Ադրբեջանցիների հակահայկական գործունեությունը բացահայտել են Վիքիփեդիայում գործող հայ մասնակիցները` արբիտրաժային հանձնաժողովին ներկայացնելով ադրբեջանական  խմբի քննարկումները և խմբի ղեկավարի` դերերի բաժանումը և հրամանները մյուս անդամներին: Արբիտրաժային հանձնաժողովը ուսումնասիրելով պարզել է, որ խմբի ղեկավար Grandmaster-ը հանրագիտարանում որոնել և գտել է իրենց համար ոչ ցանկալի հոդվածներ և խմբի անդամներին հանձնարարականներ է տվել վերախմբագրել այդ նյութերը, դրանցից ջնջել որոշ պատմական իրադարձությունների մասին հատվածները, կամ էլ մերժել հայ հոդվածագիրների առաջարկած շտկումները պատմական անճշտություններ պարունակող նյութերի համար:

Օրինակ` հայկական գորգի մասին հոդվածում ադրբեջանցի խմբագիրները Թավրիզը նշել են որպես ադրբեջանական քաղաք, Արցախ բառը փոխարինել են Ղարաբաղով, նյութից հանել են հայկական գորգագործության կենտրոնների անունները, քանի որ դրանց թվում նշվել են Արցախը, Սյունիքը, Շամախին և այլն, մերժել են հոդվածի հեղինակի առաջարկած շտկումները:  Սա ընդամենը մեկն է բազմաթիվ օրինակներից:

Հայկական կողմի հայցի հիման վրա Վիքիփեդիայի արբիտրաժային հանձնաժողովը հուլիսի 1-ին որոշում է կայացրել. խմբի անդամներից 1-ի գործունեությունը /FSF/ անժամկետ արգելափակել է,  Grandmaster-ին 6 ամսով է արգելափակել, խմբի մյուս անդամների գործունեությունը կամ արգելափակվել է 3 ամսով կամ էլ ժամանակավորապես զրկվել են վիճելի հոդվածները խմբագրելու իրավունքից:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը նման պատիժը շատ մեղմ է համարում` ադրբեջանցիների խախտումը համարելով ամենակոպիտը Վիքիփեդիայի պատմության մեջ. «Ցավոք չկատարվեց այն, ինչը պետք է տեղի ունենար: Մենք կցանկանայինք, որ ընդհնրապես արգելվեր ադրբեջանական խմբի խմբագրական գործունեությունը Վիքիփեդիայում»: Քոչարյանը նշում է, որ  Վիքիփեդիան, օրինակ Google  որոնողական համակարգում միշտ 1-ին հորիզոնականում է,  և այստեղ զետեղված ցանկացած հակահայկական ինֆորմացիա կարող է որպես հավաստի նյութ տարածվել ու օգտագործվել ողջ աշխարհում:

«Այս դեպքից հետո հարց է առաջանում, թե պետք է արդյո՞ք ժամանակ և միջոցներ վատնել այս օտար աղբյուրի հայկական տարբերակի վրա»,- հարց է բարձրացնում Քոչարյանը: Նրա խոսքով` Վիքիփեդիայում աշխատանքը զուր ժամանակ է խլում, քանի որ հոդվածագիրները նոր հոդվածներ գրելու փոխարեն իրենց ժամանակի մեծ մասը վատնում են ադրբեջանցի ու թուրք խմբագիրների դեմ պայքարում: Քոչարյանը որպես օրինակ մատնանշում է «Ստեփանակերտը Ղարաբաղի մայրաքաղաքն է» արտահայտությունը, որը 4 տարվա մեջ փոփոխվել է 4-5 հազար անգամ` ադրբեջանցիները այն ձևափոխում են Խանքենդի, հայերը` Ստեփանակերտ և այդպես շարունակ:

Քոչարյանն ասում է, որ անուշադրության չմատնելով Վիքիփեդիան, պետք է ստեղծել զուտ հայկական բաց էլեկտրոնային աղբյուր, որի խմբագիրները կլինեն հայեր:

Համակարգչային անվտանգության մասնագետ Սեդրակ Մկրտչյանն էլ նշում է, որ արդեն 2 ամիս իր նախաձեռնությամբ գործում է անգլալեզու  wiki.hayqpress.com կայքը, որը կարող է դառնալ Վիքիփեդիայի հայկական տարբերակը: Այս կայքում արդեն իսկ տեղադրված է ինֆորմացիա  հայկական առաջին հանրապետության, Արցախի պատմության ու հուշարձանների մասին և այլն:

Դիտվել է 3165 անգամ:
Print Friendly

Leave a Reply