Գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 6 տոկոսով

ՄԱՐԴԻԿ | | May 22, 2009 15:51

Այս տարի Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը հասել է 101.200-ի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.2 %-ով (90.900մարդ):

Աշխատանք փնտրողների թվաքանակում երիտասարդների տեսակարար կշիռը կազմում է 20.6% ( 20.600 մարդ):

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով` 2009թ. մայիսի 1-ի դրությամբ հանրապետությունում տարեսկզբի համեմատ 0,5 տոկոսով աճել է նաև գործազրկության մակարդակը` կազմելով 6,8%:

Հայաստանում այսօր որպես գործազուրկ գրանցված է 81.200 մարդ կամ աշխատանք փնտրողների 80.2%-ը: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6 %-ով (76.300 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 6.7 %-ով (75.700 մարդ):

Մայիսի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի իրավունք ունի 19.783 գործազուրկ, որը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 1.839-ով:

Ապրիլ ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 954 թափուր աշխատատեղ, որոնցից 400-ը պարբերաբար կրկնվում են: Մարզերում հիմնականում չեն լրացվում կամ դժվարությամբ են լրացվում բժիշկների, ուսուցիչների, գյուղապետարանների աշխատակազմի ղեկավարի թափուր աշխատատեղերը, իսկ մայրաքաղաքում տաքսի ծառայությունների վարորդների, կարողների, գործակալների, վաճառողների, դեղագործների, դեղագետների, ինչպես նաև բանվորական մասնագիտություններով աշխատատեղերը:

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 2.748 աշխատանք փնտրող: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.8 %-ով (2.617 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 614-ը երիտասարդներ են:

Դիտվել է 1826 անգամ:
Print Friendly

Leave a Reply