Լոռու մարզում սպասվում է հրդեհների բռնկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 5, 2010 11:48

Այս տարի Լոռու մարզում առաջացել է 54 հրդեհ, որից 20-ն` անտառային եւ չոր խոտածածկույթով տարածքներում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 77 հրդեհներից 29-ն էին առաջացել անտառներում եւ չոր խոտածածկույթով տարածքներում, իսկ 2008-ից մինչ այժմ անտառային հրդեհներից Լոռու մարզում այրվել են մոտ 175 հա խոտածածկույթ եւ ծառեր: Պակաս վտանգավոր չէ նաեւ անտառային ծածկույթի նվազումը, որի պատճառով ավելացել են սողանքները:

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Լեւոն Դալլաքյանի մարզխորհրդի նիստում ներկայացրած զեկույցի` օդերեւութաբանները չորային եղանակ են կանխատեսում, ինչը կարող է հանգեցնել անտառային հրդեհների բռնկմանը:

Արդեն կազմվել եւ վերամշակվել է «Անտառային հրդեհների կանխարգելման, արտակարգ իրավիճակների ռիսկերի ատլասի կազմման եւ ուժեղ երկրաշարժերի դեպքում բնակչության պաշտպանության պլանը», որը նպատակ ունի հնարավորինս կանխել հրդեհների տարածումը դեպի բնակավայրեր:

Փրկարարական վարչությունը, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  հրդեհները բացառելու եւ կանխարգելիչ միջոցառումների նպատակով ակնկալում է մարզպետարանի եւ համայնքապետերի միջամտությունը` համայնքներում նախ բացատրական աշխատանքներ կատարելու, իսկ անհրաժեշտության դեպքում` ակտիվ մասնակցությունը հրդեհաշիջման աշխատանքներում ապահովելու գործում` ներգրավելով համայնքների բնակչությանը:

Դիտվել է 1462 անգամ:
Print Friendly

Leave a Reply