ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 5, 2010 0:02

Հարգելի գործընկեր, Որախ եմ ողջունել ձեզ Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ: Առանձնահատուկ պատիվ է, որ Երեւանում եք գտնվում հուլիսի 4-ին` Միացյալ Նահանգների անկախության օրը, որի առթիվ սրտանց շնորհավորում եմ ձեզ եւ բոլոր ամերիկացիներին: Ձեր երկրի հիմնադիր հայրերը 234 տարի առաջ Անկախության Հռչակագրով հիմնելով անկախ Միացյալ նահանգները ապացուցեցին, որ ոչինչ չի կարող զրկել ժողովուրդներին անկախության իրավունքից: Դա ապացուցեցինք նաեւ մենք` հայերս, ընդամենը երկու տասնամյակ առաջ կրկին վերականգնելով անկախ պետականությունը: Անկախության հենց առաջին օրերից ամերիկացիները եղել են մեր կողքին: Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունները գնալով խորացել են: Հատկապես վերջին տարիներին մեր երկու երկրների միջեւ բարձր մակարդակով շփումները աչքի են ընկնում թե° հաճախականությամբ եւ թե° խորը բովանդակությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցելությունը Վաշինգթոն եւ հանդիպումը Նախագահ Բարաք Օբամայի հետ կարեւոր հանգրվան հանդիսացավ մեր փոխըմբռնման խորացման եւ հարաբերությունների զարգացման առումով: Անշուշտ մեր ժողովուրդների բարեկամության ամրապդման մեջ առանձնակի դերակատարում ունի ամերիկահայ համայնքը: Հայաստանը եւ Միացյալ Նահանգները համակարծիք են միջազգային հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցերում: Մենք համամիտ ենք, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության; մենք համամիտ ենք, որ անհրաժեշտ է տարածաշրջանում հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել եւ ոչ թե ռազմատենչ վարքագիծ ցուցաբերել; մենք համամիտ ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց որեւէ նախապայմանի; մենք համակարծիք ենք տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանման հարցում; մենք կիսում ենք շուկայական տնտեսության եւ ժողովրդավարական արժեքների զարգացման տեսլականը: Մենք համոզված ենք, որ կա մեծ ներուժ, որը պետք է օգտագործել առավել ընդլայնելու եւ զարգացնելու հայ-ամերիկյան համագործակցությունը: Մենք պայմանավորվել ենք հետամուտ լինել բարեկամանական գործընկերության հետագա ամրապնդմանն ու խորացմանը: Հանրապետության Նախագահի եւ պետքարտուղարի միջեւ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այս, ինչպես նաեւ մեր համագործակցության առավել սերտացմանն առնչվող այլ հարցերի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին, Միացյալ Նահանգների կողմից իրականացվող Հայաստանի զարգացմանն օժանդակող ծրագրերին եւ դրանց ընդլայնման հնարավորություններին, տնտեսական համագործակցության ակտիվացմանը: Հարգելի տիկին պետքարտուղար, մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու գործում: Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել ձեզ հետ տարբեր ձեւաչափերով եւ զանազան հարթակներում, բայց ինձ համար առանձհատուկ հաճելի է հյուրընկալել ձեզ Երեւանում: Կրկին ագնամª ողջունում եմ ձեզ, ձեզ ուղեկցող պատվիրակության անդամներին: Բարով եք եկել Հայաստան: Այժմ խոսքը սիրով փոխանցում եմ ձեզ: Խնդրեմ:

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply