Ադրբեջանի պաշտպանության ոլորտի վիճակը. ռազմական դոկտրինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | July 3, 2010 15:00

Ադրբեջանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներն իրականացվում են ՆԱՏՕ-ի հետ համագործակության պայմաններում: Հունիսի 18-ին ընդունված Ռազմական դոկտրինը նույնպես այդ համագործակցության մասն է:

Ադրբեջանը հետխորհրդային երկրներից առաջիններից էր, որ 1994 թ. միացավ Գործընկերություն հանուն Խաղաղության (PfP) ծրագրին: Արդեն 2005 և 2008 թթ. Անհատական գործընկերության պլանները (IPAP) կոչված էին ապահովելու ադրբեջանական զինուժի ժողովրդավարական վերահսկողությունը` ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան: Ներկայումս համագործակցությունը շարունակվում է և գործողության պլանի 2-րդ փուլում է:

Որպես ՆԱՏՕ-ի IPAP-ի շրջանակներում ինստիտուցիոնալ բարեփոխումների պարտավորությունների մաս` Ադրբեջանի կառավարությունը պարտավորվել է ավարտին հասցնել 3 ռազմավարական փաստաթղթերի ընդունումը` Ազգային անվտանգության հայեցակարգը, Ռազմական դոկտրինը և, վերջապես, Պաշտպանության ռազմավարական ստուգումը (SDR):

Սրանք նախատեսված են` սահմանելու ադրբեջանական զինուժի դերն ու խնդիրները և առաջադրելու առաջնայնություններ ռազմական բարեփոխումների և պաշտպանության ոլորտի զարգացման համար. դեռևս 1995 թ. սահմանադրությունը պահանջում էր նախագահից մտցնել դրանք խորհրդարան:

Ռազմական դոկտրինի հայեցակարգի վերաբերյալ առաջին հղումները եղել են 1991 թ.` Ադրբեջանի «Զինված ուժերի մասին» օրենքում և 1993 թ.` Ադրբեջանի «Պաշտպանության մասին» օրենքում:

2004 թ. Իլհամ Ալիևի հրամանագրով ընդունվեց ազգային անվտանգության քաղաքականությունը, և աշխատանքային խումբը սկսեց զարգացնել ազգային անվտանգության հայեցակարգը, որը հաստատվեց 2007 թ. մայիսի 23-ին: Ենթադրվում էր, որ Ադրբեջանի ազգային անվտանգության հայեցակարգը հիմք է դառնալու ռազմական դոկտրինի մշակման համար, ինչպես նաև ուղենիշ` պետական քաղաքականության բոլոր ոլորտների հայեցակարգերի ընդունման համար:

Ալիևը դրանից հետո կարգադրեց ստեղծել աշխատանքային խումբ` 3 ամիսների ընթացքում ավարտելու ռազմական դոկտրինի պատրաստումը (տե՛ս Ադրբեջանի նախագահի հրամանագիրը` ազգային անվտանգության հայեցակարգի հաստատման մասին. 2007 թ., մայիսի 23, www.e-qanun.az/viewdoc.aspx?id=13373&type=1&state=1&df=2 ):

Ռազմական դոկտրինը պետք է խորհրդարան մտներ դեռևս 2004 թ., բայց անհասկանալի պատճառներով չիրականացավ: Ապա հայտարարվեց, որ քննարկման է դրվելու 2007 թ. գարնանային նստաշրջանում, որը նույնպես տեղի չունեցավ: Ալիևի ազգային անվտանգության հայեցակարգի մասին հրամանագրից հետո հաղորդվում էր, որ դոկտրինը խորհրդարանում կհաստատվի արդեն 2008 թ. փետրվարի 15-ին. օրինագիծը նույնիսկ ներկայացվել էր ՆԱՏՕ-ին: Գործընթացը ձգձգվեց մինչև հուլիս, երբ հայտարարվեց, որ խորհրդարանային լսումները  կլինեն 2008 թ. վերջին, որը նույնպես տեղի չունեցավ: 2009 թ. փետրվարին Ալիևի ռազմական խորհրդական լեյտենանտ-գեներալ Վահիդ Ալիևը հաղորդեց, որ գուցե դոկտրինը խորհրդարանական քննարկման ներկայացվի գարնանը. ենթադրվեց, որ դոկտրինի ընդունման ուշացումը պայմանավորված է եղել 2008 թ. օգոստոսյան պատերազմի հանգամանքով, որը ռազմաքաղաքական նոր վերադասավորումներ էր առաջացրել տարածաշրջանում: 2008 թ.  հունիսի 18-ին ՆԱՏՕ-ից հայտնեցին, որ ռազմական դոկտրինը գրեթե պատրաստ է, և այն խորհրդարան կմտնի տարվա վերջին: Բայց, դոկտրինի քննարկումը չներառվեց անգամ 2008 թ. վերջին խորհրդարանական նստաշրջանի օրակարգում: Երկար տարիներ ձգձգվելով, որոնք ադրբեջանական իշխանությունները համարում են «բեղուն աշխատանքի տարիներ», վերջապես, հունիսի 8-ին` Միլլի Մեջլիսի արտահերթ նիստում, 110 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, Ադրբեջանի բազմաչարչար Ռազմական դոկտրինն ընդունվեց: Սա իրավական-օրենսդրական առումով ոչ պրոֆեսիոնալ փաստաթուղթ է:

Ինչպես 2007 թ. ազգային անվտանգության հայեցակարգի դեպքում, որի մշակումն ու ընդունումը կատարվեց առանց քաղաքացիական հասարակության կամ խորհրդարանի մասնակցության, ռազմական դոկտրինի ընդունումը կատարվեց 2 ժամվա ընթացքում: Քննարկմանը մասնակցում էր միայն 70 պատգամավոր, որոնց կողմից և ոչ մի առաջարկություն չընդունվեց և չավելացվեց դոկտրինի օրինագծին:

Քննարկումը նույնպես անցավ ոչ պրոֆեսիոնալ մակարդակում և ցույց տվեց դոկտրինի ոչ այնքան իրավական լինելը և ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանությունը, որքան դրա քաղաքական-դեկլարատիվ բնույթը և Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ ուղղվածությունը:

Միլլի Մեջլիսի պատգամավորները հիմնականում քննարկում էին «հայկական օկուպացիայի» և դրա դեմն առնելու անհրաժեշտությունը: Նույնիսկ քննարկման ժամանակ նշվեց 1990-ականներին ղարաբաղա-հայկական ուժերի հաղթանակների մասին, և պատգամավորները սկսեցին մեղադրել միմյանց. խնդիրն այն էր, որ պատգամավոր Փանահ Հուսեյնը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու դոկտրինի դեմ դրա ոչ ժողովրդավարական լինելու պատճառով:

Ահա այսպիսի պայմաններում ընդունվեց Ադրբեջանի պաշտպանության ոլորտի կարևորագույն փաստաթղթերից մեկը, որը տարիների աշխատանքի արգասիքն էր:

Ադրբեջանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ, ազգայնական հայացքներով հայտնի Զահիդ Օրուջը, նշելով, որ «Ադրբեջանի ռազմական դոկտրինը նպատակ ունի վերահաստատել երկրի տարածքային ամբողջականությունը», դոկտրինն անվանեց «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման դոկտրին»:

Ինչպես Ազգային անվտանգության հայեցակարգն է «Հայաստանի ագրեսիան» որակում որպես «ամենալուրջ սպառնալիք» և հռչակում տարածքային ամբողջականության վերականգնման հրամայականը` «օգտագործելով միջազգային իրավունքով թույլատրված բոլոր հնարավոր միջոցները», այնպես էլ Ռազմական դոկտրինն է Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի տարածքի մի մասի օկուպացիան սահմանում որպես Ադրբեջանի ազգային անվտանգության վրա բացասականորեն ազդող հիմնական գործոն:

Ադրբեջանի ռազմական դոկտրինում արտաքին քաղաքական սպառնալիքների շարքն են դասվում.

– Ադրբեջանի տարածքի մի մասի հայկական օկուպացիան,

– երկրի ներքին գործերին հնարավոր օտար միջամտությունը,

– երկրի օտար ռազմական կախվածության մեջ ընկնելը,

– հարևան պետությունների կողմից տարածքային պահանջների առաջադրումը,

– գործունեության այն տեսակները, որոնք ուղղված են կայունության խախտմանը և անկայունությանը, այդ թվում՝ աջակցությունը անջատողական և կրոնական-ծայրահեղական շարժումներին,

– զինված խմբավորումների և ահաբեկիչների պատրաստումը` ադրբեջանական տարածք ներթափանցման համար,

– հարևան երկրների միջպետական հակամարտությունները, ինչպես ներքին հակամարտությունները, այնպես էլ նրանց տարածքներում ռազմաքաղաքական անկայունության այլ ձևերը,

– տարածաշրջանային ռազմական հավասարակշռության խախտումը,

– Ադրբեջանի ցամաքային կամ ծովային սահմանների մոտ հեռավորության վրա ռազմական բազաների ստեղծումը, զորքերի հավաքագրումը, զինուժի ավելացումը և այլ ռազմական մասնակցությունը,

– Ադրբեջանի սահմանների խախտումը ռազմական միավորումների կամ զինված խմբավորումների կողմից, սահմանային վեճերը կամ հակամարտությունների սրումը, ռազմաքաղաքական ամբիցիաների համատեքստում առանձին պետությունների, կազմակերպությունների և ահաբեկչական խմբերի կողմից տարածված միջուկային և զանգվածային ոչնչացման զենքերի այլ տեսակները, ինչպես նաև դրանց փոխադրումը և ժամանակակից ռազմական տեխնոլոգիաները:

Անդրադառնալով դոկտրինի այս դրույթներին` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի օրենսդրական գործակալությունների վարչության ղեկավար Ֆուադ Ալասքյարովը Հայաստանի օկուպացիան համարեց իրական սպառնալիք:

Ռազմական դոկտրինը նախատեսված էր որպես Ազգային անվտանգության հայեցակարգի մի մաս, այսինքն` դրա դրույթները պետք է բխեին ազգային անվտանգության հայեցակարգի սկզբունքներից: Ուստի, հակահայկական դրույթների կրկնությամբ որևէ նոր բան չի կատարվել: Ադրբեջանը միայն կրկնակի օրինականացրեց ռազմական ճանապարհով ղարաբաղյան հարցը լուծելու իրավունքը:

Սակայն ազգային անվտանգության և ռազմական դոկտրինի միջև մի շարք հակասություններ կան:

Ադրբեջանի ազգային անվտանգության հայեցակարգը հայտարարում է բոլոր «օտար ռազմական ուժերի» դուրսբերումը տարածաշրջանից: Այնինչ, դոկտրինը թույլ է տալիս միջազգային պայմանագրերով (որոնցում Ադրբեջանը մաս է կազմում) սահմանված դեպքերում օտար բազաների ցանկացած ձևով ժամանակավոր տեղակայում ռազմական ու քաղաքական իրավիճակի արմատական փոփոխությունների պարագայում:

Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսը Բաքու այցի ընթացքում նշել էր Աֆղանստան ամերիկյան զորքերի մատակարարման այլընտրանքային գծի կարևորության մասին: Այս թեզից ելնելով` ադրբեջանական փորձագետները ռազմական դոկտրինում այս կետի առկայության առումով շտապեցին ենթադրություններ անել ամերիկյան ՆԱՏՕ-ական բազաների տեղակայման հնարավորության մասին:

Այս հնարավորությունը չափազանց փոքր է, եթե հաշվի առնենք այն, որ նախ` դոկտրինում ՆԱՏՕ-ին ինտեգրվելը չի սահմանվում որպես առաջնահերթ ուղղություն, երկրորդ` Ադրբեջանը չի կարող համաձայնություն տալ նման քայլին` Ռուսաստանի ու Իրանի գործոնները հաշվի առնելով, և երրորդ` ՆԱՏՕ-ի հետ Բաքվի համագործակցությունը կայացած չէ: Այլ կերպ ասած, ՆԱՏՕ-ն օգնում է Ադրբեջանին վերակառուցելու պաշտպանության ոլորտը, բայց պահանջված չափորոշիչներին համապատասխանության նվազագույն վիճակ ադրբեջանական պաշտպանության համակարգը չի կարող ապահովել:

Փորձագետների մյուս մասը նշում է, որ խաղաղապահ զորքերի տեղակայման մասին կետը հնարավորություն է տալիս թուրքական զինուժին տեղակայվելու Ադրբեջանում: Քաղաքական առումով նույնպես սա քիչ հավանական է, քանի որ Ռուսաստանի հետ առճակատում կստեղծի:

Թուրքական պաշտպանության համակարգի կադրերը բարձր պաշտոններ են զբաղեցնում Ադրբեջանի նույն ոլորտում, թուրքական ռազմական աջակցությունը Ադրբեջանին անցել է 200 մլն դոլարի սահմանը, գործում են մի շարք ռազմական համագործակցության պայմանագրեր ու նախագծեր, ադրբեջանցի զինվորները կրթվում ու վերապատրաստվում են թուրքական ռազմական դպրոցներում, իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Վեքդի Գոնուլը հայտարարում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան «նույն ազգի որդիներ են»: Այնուամենայնիվ, Ադրբեջանի ռազմական դոկտրինում Թուրքիան չի սահմանվում որպես դաշնակից:

Թե՛ Թուրքիայի, թե՛ ԳՈՒԱՄ երկրների կամ ՆԱՏՕ-ի առնչությամբ Ադրբեջանը նշում է միայն համագործակցության զարգացման մասին:

Ադրբեջանի ռազմական դոկտրինը նաև այլ հակասություններ է ստեղծում ադրբեջանական օրենսդրական դաշտում, օրինակ` Ադրբեջանի «Զինված ուժերի մասին» օրենքը նշում է, որ բանակի զորամիավորումները պետք է տեղակայվեն` համաձայն ռազմական դոկտրինի (հոդված 8), այնինչ ռազմական դոկտրինում դրա մասին խոսք չկա:

Ադրբեջանի այսօրինակ մակարդակի դոկտրինը դեռ հիմք է ծառայելու մյուս` երրորդ ռազմավարական փաստաթղթի մշակման համար:

SDR-ը (պաշտպանության ռազմավարական ստուգում) պաշտպանության բարեփոխումների և արդիականացման հաջորդ կարևոր մասը կլինի ըստ IPAP-ի: Այն պետք է գնահատի Ադրբեջանի պաշտպանության ներուժը` ակնկալվող ռիսկերի, սպառնալիքների և ազգային անվտանգության հանձնառությունների համատեքստում` հիմնված կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումների վրա:

SDR-ի ընդունումը կառնչվի ինչպես ռազմական դոկտրինին, այնպես էլ Ադրբեջանի ռազմական բարձրագույն ղեկավարությանը. այն սահմանելու է ռազմական դոկտրինի նպատակներին հասնելուն անհրաժեշտ ներուժը և նշելու է բանակի ու պաշտպանության նախարարության վերակազմակերպումը, բանակում մասնագիտական (պայմանագրային) ծառայողների համամասնության աճի և հավաքագրման ու պահեստային նոր համակարգի անհրաժեշտությունը:

շարունակելի

Դիտվել է 2550 անգամ:
Print Friendly

Leave a Reply