ԵԱՀԿ ՄԽ.»Մենք չենք պատրաստվում սահմանափակվել միայն հայտարարությամբ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 2, 2010 16:09
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովն (Ռուսաստան) այսօր հանդիպել են նախագահ Բակո Սահակյանի հետ: «ՄԽ համանախագահող երկրների առաջնորդները Կանադայում հանդես են եկել հայտարարությամբ, որով մեկ անգամ եւս նշվել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Հայտարարության մեջ կոչ է արվել հակամարտող կողմերին շարունակել բանակցությունները խաղաղ կարգավորման ճանապարհով: Նախագահները նաեւ հանձնարարականներ են տվել արտգործնախարարներին, ինչպես նաեւ մեզ, շարունակել ակտիվ աշխատանքը եւ կարճ ժամանակահատվածում լուծումներ առաջարկել այն հարցերի շուրջ, որոնք կանգնած են ԼՂ խնդրի կարգավորման ճանապարհին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկացի համանախագահը:
Ըստ նրա` մոտ ապագայում` այս ամսվա վերջին, հակամարտող երկրների նախագահների հանդիպում է ակնկալվում Ալմաթիում, որի նախապատրաստական աշխատանքներով է պայմանավորված այս օրերին համանախագահների հանդիպումները Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում: Այս հանդիպումների արդյունքների մասին, ըստ Ռ. Բրադկեի, տեղյակ կպահվի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Կանադայում ընդունված հայտարարության մեջ ԼՂ-ին առանձին կարգավիճակ շնորհելու հարցին անդրադառնալով` ռուս համանախագահ Իգոր Պոպովը նշեց, որ դա կատարվելու է ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, ազգերի ինքնորոշման սկզբունքով: Անդրադառնալով ԼՂ-ի հյուսիսային շրջանում վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լրագրողի հնչեցրած այն հարցին` եթե միջազգային հանրությունը չի կարողանում անհերքելի փաստերն իրենց անուններով կոչել, ինչպես է պատրաստվում ապահովել ԼՂ ժողովրդի անվտանգությունը, համանախագահները նշեցին, որ իսկապես անհանգստացած են կատարվածով:
«Նման դեպքերը կարող են խանգարել բանակցությունների ընթացքին: Մենք հանդես ենք եկել հայտարարությամբ, այսօր դա քննարկել ենք նախագահի հետ, ինչպես նաեւ ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարների հետ: Սակայն դրանով չենք պատրաստվում եզրափակվել: Կխոսենք նաեւ Իլհամ Ալիեւի հետ»- ասացին նրանք:






Facebook
Tweet This
Email This Post
