ՀՀ-ում կբացվի Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի տարածաշրջանային մասնաճյուղ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 2, 2010 14:44

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի ունեցավ Իտալիայի Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի պատվիրակության այցելության պաշտոնական մասի ամփոփումը: Պատվիրակությունը` կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ռեմո Ռաֆֆինիի գլխավորությամբ, բանակցություններ է վարել ՀՀ ԳԱԱ-ի հետ` Հայաստանում Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի տարածաշրջանային մասնաճյուղ հիմնելու ուղղությամբ: Ռելատիվիստական աստղաֆիզիկան աստղագիտության համեմատաբար նոր առաջացած կարեւորագույն ուղղություններից մեկն է, որն ամբողջ աշխարհում զարգացման փուլում է:

Այն պահանջում է նոր մոտեցումներ, կադրերի պատրաստում, տարբեր բնույթի քննարկումներ ու գիտաժողովներ եւ, հատկապես, հետազոտություններ այդ ուղղությամբ: «Մի այդպիսի տարածաշրջանային կենտրոնի ստեղծում է նախատեսում այս քննարկումը»,- նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Այն կունենա 2 մասնաճյուղ` Երեւանում` ԳԱԱ-ում, եւ Բյուրականի աստղադիտարանում: Հայաստանյան մասնաճյուղում նախատեսվում է դասընթացներ կազմակերպել Հայաստանի, Արաբական երկրների, Մերձավոր Արեւելքի, Պարսկաստանի, Թուրքիայի, Չինաստանի, աստղաֆիզիկոսների համար: Նշենք, որ 2009թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ-ի եւ Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի միջեւ կնքվել է պայմանագիր, որը նախատեսում է կադրերի վերապատրաստում, թրեյնինգների կազմակերպում, համատեղ հետազոտությունների անցկացում:

Պայմանագրի շրջանակներում Հայաստանից մեկ ասպիրանտ արդեն գործուղվել է Իտալիա: «Ամեն ինչ դեռ նոր է սկսվելու: Մեր գիտնականներն առաջիկայում կժամանեն Հայաստան` մասնակցելու անցկացվող ծրագրերին: Հայաստանի եւ Իտալիայի աստղաֆիզիկոսների համագործակցությունը դեռ երկար կշարունակվի, քանի որ մենք բարձր ենք գնահատում հայերի հաջողություններն ու ձեռքբերումներն աստղագիտության ասպարեզում»,-ասաց Իտալիայի Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ռեմո Ռաֆֆինին:

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply