«Կենգուրու 2009»-ի հաղթողը Գեղարքունիքից է

ԿՐԹԱԿԱՆ | | May 22, 2009 14:46

kangooՏրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված «Կենգուրու 2009» մրցույթի Հայաստանյան փուլում հաղթող է ճանաչվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Էռնա Պետրոսյանը: Որպես հաղթող` նա կմեկնի “Kangourou Sans Frontières” ասոցիացիայի անդամ եվրոպական երկրներից մեկում կազմակերպվող ամառային միջազգային ճամբար:

Մաթեմատիկական տոնը ամեն տարի նույն օրն անցկացվում է աշխարհի 50 երկրներում` ավելի քան 5 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ:

Արագավազ կենգուրուն Ավստրալիայից այս տարվա մարտի 19-ին եկավ ու կանգ առավ Հայստանյան մոտ 570 դպրոցներում, համագործակցության ձեռք մեկնեց 30.567 աշակերտների:

Մեր երկրում այս մրցույթն իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարության հովանու ներքո և «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Հիմանդրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանն ասաց, որ հիմնադրամը որոշել է ևս երկու աշակերտի նման հնարավորություն տալ, և այդ նպատակով լավագույնների միջև հունիսին կանցկացվի լրացուցիչ մրցույթ:

«Մրցույթը նպատակ ունի քաջալերել ՀՀ կրթական համակարգում մաթեմատիկա առարկայի զարգացումն ու տարածումը: Նախատեսում ենք, որ հաջորդ տարի մրցույթին մասնակցեն Ջավախքը և Արցախը»,-ասաց Դավիթ Սահակյանը:

Ըստ ՀՀ ԿԳՆ փոխնախարար Արա Ավետիսյանի` մրցույթում կարևորը ոչ թե միմյանց հետ մրցելն է, այլ աշակերտների`ինքնադրսևորման և սեփական ներուժը բացահայտելու հնարավորությունը:

Հայաստանյան փուլում գրանցվել է 111 լավագույն արդյունք, իսկ լավագույն արդյունքներին մոտ կանգնած աշակերտները կստանան 355 հատուկ մրցանակ: Խրախուսական մրցանակների կարժանանան 478 դպրոցում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները: Բոլորը` հաղթողից մինչև մասնակից, կստանան հավաստագրեր, մրցանակներ, պատվոգրեր:

Այս ամսվա վերջին և հունիսի առաջին օրերին Հայաստանի բոլոր մարզերում տեղի կունենան մրցանակաբաշխության միջոցառումները:

Դիտվել է 1805 անգամ:
Print Friendly

Leave a Reply