Ի՞նչ օկուպացիայի մասին է խոսքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | July 1, 2010 21:26
Բաքվի թաթարները և նրանց տերերը՝ Ստամբուլի թուրքերը, պարբերաբար խոսում են Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանական Հանրապետության տարածքի մի մասի, իբր, ռազմակալման (բռնազավթման, occupation) մասին: Միանգամայն հիմնազուրկ պնդում: Նման պնդման համար հիմքեր են պետք: Հիմքերից մեկը խնդրո առարկա տարածքի միջազգային իրավունքով ամրագրված տիտղոսի առկայությունն է: Այսինքն, որպեսզի Ադրբեջանի տարածքի որևէ մաս համարվի որևէ մեկի կողմից ռազմակալված, անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ունենա և վկայակոչի այն միջազգային փաստաթուղթը, որով, այսպես կոչված, ռազմակալված տարածքի վրա ճանաչված է եղել Ադրբեջանական Հանրապետության տիտղոսը: Սա միջազգային իրավունքի հիմնարար դրույթ է, քանի որ միջազգային օրենքը հստակ է. ցանկացած տարածքի պատկանելությունը որևէ պետության պայմանավորված է միջազգային օրինական փաստաթղթով ամրագրված տիտղոսով և տվյալ տարածքի վրա հաստատված գերիշխանությամբ (sovereignty):
Համառոտակի անդրադառնանք վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքի տիտղոսին: Ամասիայի թուրք–պարսկական պայմանագրով 1555թ.-ից Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա միջազգայնորեն ամրագրված է եղել Պարսկաստանի տիտղոսը: XIX դ. սկզբին Հարավային Կովկասի արևելյան հատվածն անցավ Ռուսաստանի կայսրությանը, ըստ այդմ, 1813թ. Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանի տիտղոսն ամրագրվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Անվիճելի է, որ 1813-1918թթ. Ղարաբաղի վրա (նկատի ունեմ և՜ Լեռնային, և՜ Դաշտային Ղարաբաղը) անվերապահորեն հաստատված է եղել Ռուսաստանի կայսրության տիտղոսն ու գերիշխանությունը: Բոլշևիկյան հեղաշրջման պատճառով (1917թ.) Ռուսաստանի կայսրության կործանման հետևանքով Հարավային Կովկասում թեև առաջացավ քաղաքական անհստակ վիճակ, միջազգային իրավունքի և տարածքի տիտղոսի տեսանկյունից մինչև 1920թ. հունվարը ամեն ինչ հստակ մնաց, քանի որ մինչև 1920թ. հունվարը միջազգային հանրությունը մերժել է ճանաչել հարավային Կովկասի երեք նորաստեղծ պետությունները, հետևաբար շարունակել ճանաչել Ռուսաստանի կայսրության տիտղոսը: Միայն 1920թ. հունվարից Փարիզի խաղաղության վեհաժողովը, հանձինս Գերագույն խորհրդի (Supreme Council of the Paris Peace Conference) երկրներ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի, ճանաչեց Հարավային Կովկասի երկրների անկախությունը: Ըստ էության մինչ այդ՝ 1918թ. մայիսից մինչև 1920թ. հունվարը, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունները, ժամանակակից լեզվով ասած, միայն ինքնահռչակ հանրապետություններ էին: Կարևոր է ընդգծել, որ Փարիզի վեհաժողովի ճանաչումը հստակ նախապայման ուներ՝ Հարավային Կովկասի երկրների սահմանները հետագայում որոշվելու էին Փարիզի վեհաժողովի կողմից: Այստեղ անհրաժեշտ է շեշտել, որ Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների հռչակումից (1918թ. մայիս) մինչև դրանց ճանաչման սկիզբը (1920թ. հունվար) ոչ միայն Ադրբեջանի Հանրապետության տիտղոսը ճանաչված չի եղել Լեռնային Ղարաբաղի վրա, այլև Ադրբեջանի Հանրապետությունը երբևէ Լեռնային Ղարաբաղի վրա չի իրականացրել լիակատար վերահսկում (effective control): Ավելին, Ղարաբաղը շատ ավելի արդյունավետ վերահսկվում էր տեղում ձևավորված հայկական իշխանությունների և ուժերի կողմից:
Փարիզի վեհաժողովի ճանաչումից արդեն մեկ ամիս հետո՝ 1920թ. փետրվարի 24-ին, նույն վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովը (Commission for the Delimitation of the Boundaries of Armenia) Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, արդեն Ազգերի լիգայի խորհրդի անունից, համատեղ զեկույցով հստակեցրեց Հարավային Կովկասում սահմանազատման (delimitation) սկզբունքը: Այն է՝ Հայաստանի և Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները պիտի գծվեին «ի նկատի ունենալով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները» (taking into, in principle, of ethnographical data):[1] Ի դեպ, Շուշիի 1920թ. մարտի ջարդերը մեծապես պայմանավորված էին այս որոշումով՝ Կովկասի թաթարները փորձ արեցին թուրքավարի փոխել Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը: Սակայն այս որոշմանը վիճակված չէր իրականություն դառնալ, քանի որ արդեն 1920թ. ապրիլից Ադրբեջանը, իսկ 1920թ. դեկտեմբերից Հայաստանն օկուպացվեց (բռնազավթվեց, ռազմակալվեց) բոլշևիկյան 11-րդ բանակի կողմից, և նշյալ պետությունները դադարեցին գոյություն ունենալուց: Հետագան ավելի է հայտնի՝ նորահաստատ սովետական իշխանությունները կուսակցական որոշումով վարչական վերաբաշխումներ արեցին, և հայաբնակ զգալի տարածքներ, որոնք Փարիզի վեհաժողովի սկզբունքի կիրառման դեպքում անվիճելիորեն հայաստանյան պիտի լինեին, դրեցին Բաքվի վարչական ենթակայության ներքո: Բնական է, որ խոսք լինել չի կարող միջազգայնորեն ամրագրված տիտղոսի մասին: Որևէ կուսակցական որոշում չի կարող իրավական հետևանք ստեղծել միջազգային իրավունքի մեջ և ամրագրել որևէ տարածքի վրա որևէ տիտղոս: Նախկին անկախ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանն իրենք 1920/21թթ.-ից մինչև 1924թ. ունեին ռազմակալված երկրների կարգավիճակ: Հետագայում, (1924թ. փետրվարից), Սովետական Միության ճանաչման հետևանքով ճանաչվեց այդ երկրների բռնակցումը (annexation): Ըստ այդմ, 1924թ.-ից ողջ Հարավային Կովկասի վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, անվերապահորեն ճանաչվեց Սովետական Միության տիտղոսն ու գերիշխանությունը:
1991թ.-ին, երբ Ադրբեջանն իրեն անկախ հռչակեց Սովետական Միությունից, Լեռնային Ղարաբաղն արդեն փաստացի անկախ էր: Այսինքն, իր վերանկախացումից ի վեր Ադրբեջանական Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի վրա մեկ օր իսկ չի իրականացրել լիակատար վերահսկում (effective control): Ավելին, 1991թ. հոկտեմբերի 18-ին Պետական անկախության վերականգնման սահմանադրական ակտով նորանկախ Ադրբեջանն, իրեն հայտարարելով Ադրբեջանի առաջին հանրապետության (1918-1920թթ.) ուղղակի իրավահաջորդը, ըստ էության, նաև փաստաթղթային ձևակերպմամբ չեղյալ հայտարարեց միչևիսկ այն վարչական կապը, որը գոյություն էր ունեցել Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջև:
Այսինքն, եթե ՍՍՀՄ տրոհումից հետո նախկին սովետական սոցիալիստական հանրապետությունների մեծ մասի տարածքում առաջացան մեկական անկախ երկիր, ապա «Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանարապետություն» կոչված ՍՍՀՄ–ի վարչական միավորի տարածքում առաջացան 2 պետություն՝ Ադրբեջանական Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ադրբեջանական Հանրապետությունը, ոտնահարելով ՄԱԿ–ի կանոնադրությամբ ստանձնած ինքնորոշման սկզբունքը հարգելու պարտավորությունը, անողոք պատերազմ սանձազերծեց իր նորանկախ հարևանի դեմ և խայտառակ պարտություն կրեց:
Ի դեպ, 1991թ. դեկտեմբերի 16-ին Բրյուսելում Եվրոպական համայնքի (ներկայումս՝ Եվրոպական Միություն) երկրների արտաքին գործոց նախարարները ՙԱրևելյան Եվրոպայում և Խորհրդային Միության [տարածքում] նոր պետությունների ճանաչման ուղենիշների՚ վերաբերյալ հռչակագրում ՙբոլոր սահմանների անձեռնմխելիության՚ նկատմամբ հարգանքը պայմանավորեց ՙօրենքի իշխանության, ժողովրդավարության և մարդկային իրավունքների՚ հարգանքով, ինչպես նաև ՙէթնիկ, ազգային խմբերի և փոքրամասնությունների իրավունքների երաշխավորմամբ՚: Մի բան, որոնցից և ոչ մեկը չի իրականացվել ադրբեջանական պետության կողմից:
Հետևաբար, երբ մեր հարևանները խոսում են «օկուպացիայի» մասին, թող բարի լինեն նշել՝ պատմության ո՞ր ժամանակահատվածում է Ադրբեջանական Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի վրա իրականացրել լիակատար վերահսկում (effective control), և ո՞ր միջազգային փաստաթղթով է Լեռնային Ղարաբաղի վրա ճանաչված եղել Ադրբեջանական Հանրապետության տիտղոսը: Եթե չի եղել այդպիսի վիճակ, և չկա այդպիսի փաստաթուղթ, իսկ այդպիսիք անկհայտորեն չկան, ապա ի՞նչ «օկուպացիայի» մասին է խոսքը:
Արա Պապյան
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար
24 հունիսի, 2010թ.
Նորից ռազմակալման (օկուպացիայի) չարչրկված հարցի շուրջ
Ո՜չ նախագահական ՙՕբամա, Սարկոզի, Մեդվեդև՚ եռյակը, ո՜չ հարևան և մեր հանրապետությունների պաշտոնյաները լիազորված չեն միջազգային իրավունքի հարցերում որոշումներ ընդունելու կամ վճիռներ կայացնելու: Նրանք միմիայն գոյություն ունեցող միջազգային իրավունքի դաշտում քաղաքական գործունեություն ծավալած պաշտոնյաներ են: Իհարկե, պաշտոնյաները կարող են սեփական տեսակետներն արտահայտել և դատողություններ անել, սակայն միջազգային իրավունքի հարցերի մեկնաբանությունը, ոչ իրենց երկրների օրենսդրությամբ և ոչ էլ միջազգային իրավունքով, բնավ վերապահված չէ նրանց:
Քանի որ այսօր Արցախի շուրջ հակամարտությունը հարաճուն կերպով սկսել է դիտարկվել միջազգային իրավունքի դաշտում, ապա հակամարտության կողմերը և միջնորդները, դատողություններ անելու փոխարեն և իրավական գնահատականներ ստանալու համար, պիտի դիմեն համապատասխան լիազոր մարմնին: Ներկա միջազգային համակարգում միակ կառույցը, որն իրավասու է վճիռներ կայացնել միջազգային իրավունքի հարցերի վերաբերյալ և որոշել միջազգային իրավունքի ոտնահարման առկայությունը, ՄԱԿ–ի Արդարադատության դատարանն է (International Court of Justice): Արդարադատության դատարանի կանոնադրության (Statue of the International Law) 36-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրել է նման լիազորություններ: Քանի որ, ըստ ՄԱԿ–ի Կանոնակարգի 92-րդ հոդվածի Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ–ի հիմնական դատական մարմինն է (The International Court of Justice shall be the principle judicial organ of the United Nations), ապա ՄԱԿ–ի անդամ բոլոր երկրները, ipso facto, ճանաչել են նշյալ դատարանի վերոհիշյալ լիազորությունները:
Արդեն առիթ ունեցել եմ գրելու (24 հունիսի, 2010թ.)՝ որպեսզի որևէ իրավիճակ որակվի որպես ռազմակալում (օկուպացիա, occupation), ապա տվյալ իրավիճակը պիտի համապատասխանի մի շարք հատկանիշների: Այսպես կոչված, տուժող կողմը պիտի փաստի, որ մինչև տվյալ իրավիճակի առաջանալը խնդրո առարկա տարածքի վրա անվիճելիորեն առկա է եղել իր պետության տիտղոսը և ինքն է իրականացրել տվյալ տարածքի լիակատար վերահսկումը (effective control): Մեր դեպքում, մինչև մեղադրանք հնչեցնելը, Ադրբեջանը պիտի դատական կարգով հաստատի, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքի վրա, մինչև գոյություն ունեցող վիճակի առաջանաը, աներկբայորեն առկա է եղել Ադրբեջանական Հանրապետության տիտղոսը, և Ադրբեջանը խնդրո առարկա տարածքի վրա իրականացրել է լիակատար վերահսկում (effective control): Հակառակ դեպքում, առանց այս երկու փաստերի առկայության հաստատման, մերկապարանոց ու անհիմն են Արցախի տարածքի՝ Ադրբեջանական Հանրապետությանը պատկանած լինելու բոլոր պնդումները, ըստ այդմ օկուպացիայի փաստի առկայությունը:
Կարծում եմ, որ եռանախագահողների նախագահները պարզամիտ հայտարարություններ անելու փոխարեն ներկայումս պիտի հորդորեն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության ղեկավարություններին՝ ՄԱԿ–ի Արդարադատության դատարանից պատասխան հայցելու հետևյալ հարցին.
Արդյո՞ք, ըստ միջազգային իրավունքի, Ադրբեջանական Հանրապետության տիտղոսն առկա է ներկայումս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքի վրա:
Կողմերից մեկի հրաժարվելու դեպքում եռանախագահող երկրները, Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 65-րդ հոդվածի հիման վրա, կարող են ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անունից դիմել նշյալ դատարանին՝ հայցելով խորհրդատվական կարծիք (advisory opinion):
Առանց վերոհիշյալ հարցի պատասխանի հիմնազուրկ են բոլոր բայաթիները օկուպացված տարածքի և նման բաների մասին: Առանց իրավասու մարմնի համապատասխան դատական վճռի Ադրբեջանական Հանրապետությունը չի կարող որևէ մեկին մեղադրել օկուպացիայի մեջ. Ես էլ Ադրբեջանին եմ մեղադրում, որ բոլշևիկյան 11-րդ բանակի օգնությամբ 1920թ. ապրիլ–դեկտեմբեր ամիսներին օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքները և դրանց մի մասն էլ դեռևս շարունակում է օկուպացված պահել: Թե՞ ոմանք կարծում են, որ Լենին–Ստալինի հետագա գործունեությունը օրինականացրել է կամ կարող էր օրինականացնել, Հայաստանի Հանրապետության տարածքների բոլշևիկյան օկուպացիան: Եթե այո, ապա ճանապարհները բացեք՝ ռուսական զորքերը գալիս են կանգնելու Գերմանիայի սրտում:
Արա Պապյան
ՙՄոդուս Վիվենդի՚ կենտրոնի ղեկավար
30 հունիսի, 2010թ.






Facebook
Tweet This
Email This Post
