ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կորեայի Հանրապետության դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 1, 2010 20:49

Հուլիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Յուն-Հոյին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրա գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը եւ այդ համատեքստում կարեւորում է Կորեայի Հանրապետության հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի եւ Հարավային Կորեայի միջեւ երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ ակտիվացման համար գոյություն ունի մեծ ներուժ: Խորհրդարան ղեկավարի համոզմամբ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը կնպաստի փոխգործակցության զարգացմանը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Հովիկ Աբրահամյանը աջակցության պատրաստակամություն հայտնեց կորեական ընկերություններին Հայաստանում ներդրումների, մեծածավալ ենթակառուցվածքային տնտեսական ծրագրերի իրականացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Լի Յուն-Հոն բարձր գնահատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Կորեայի Հանրապետություն, որը մեծ նշանակություն ունեցավ հայ-կորեական հարաբերությունները նոր, առավել ամուր հիմքերի վրա դնելու առումով եւ խթան հանդիսացավ փոխգործակցության զարգացման համար: Միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւոր նշանակություն ունեցավ Սեուլում երկու երկրների խորհրդարանների նախագահների կողմից ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Դեսպանը նշեց, որ ավելացել են Հայաստանի եւ Կորեայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալները, նվաճումներ կան ինչպես առանձին նախագծերի իրականացման, այնպես էլ գործարար շփումների ոլորտներում: Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին Հայաստանում գործող կորեական ընկերություններին շարունակական աջակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Կորեայի միջեւ համագործակցությունը, անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply