Նախագահը հանդիպել է ՈՒՄՎ մասնակիցների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 1, 2010 16:51

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի մասնակիցների հետ:

Ողջունելով  հյուրերին` Հանրապետության նախագահը խորհրդանշական է համարել, որ վեհաժողովը որոշել է իր տարեկան նիստը գումարել Հայաստանում` հնագույն քրիստոնեական եւ քաղաքակրթության օրրաններից մեկում: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում չափազանց կարեւորում են քրիստոնեական արժեքների պահպանումը, տարածումն ու հոգեւոր դաստիարակությունը: Սերժ Սարգսյանի խոսքով, քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած Հայաստանը, նաեւ Հայոց եկեղեցու շնորհիվ, դարեր շարունակ` անգամ պետականության կորստի ժամանակահատվածում, ամուր կանգնած է եղել այդ արժեքների պահպանման դիրքերում եւ հպարտ է դրա համար:

Կարեւորելով վեհաժողովի` «Տարածաշրջանում քրիստոնեական  հոգեւոր եւ մշակութային  հուշարձանների պահպանման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» բանաձեւը, Սերժ Սարգսյանն ասել է. «Կարծում եմ, որ ձեր ընդունած բանաձեւը մեծապես արժեւորվում է այս բարդ ու կոնֆլիկտային տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման, խաղաղության, փոխվստահության եւ կայունության մթնոլորտի ձեւավորման տեսանկյունից»։

Նախագահը բարձր է գնահատել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նպատակները` ծայրահեղ ազգայնամոլության եւ կրոնական անհանդուրժողականության հաղթահարման, մարդու իրավունքների, ազգային եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանության գործում:

Նա ողջունել է վեհաժողովի մասնակիցների որոշումը` այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ տեղում ծանոթանալ դարեր շարունակ իր բնօրրանում ապրող ու արարող քրիստոնյա ժողովրդի ներկայիս մարտահրավերներին,  խաղաղության պայմաններում սեփական որոշմամբ իր ապագան կառուցելու` արցախահայության ցանկությանն ու կամքին:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի մասնակիցները եւս խորհրդանշական ու հաճելի են համարել վեհաժողովը հայկական հինավուրց հողում, առաջին քրիստոնեական պետության մեջ գումարելը: Վեհաժողովի նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Պոպովը գոհունակությամբ է խոսել վեհաժողովի աշխատանքի մասին` հետաքրքիր ու բովանդակալից որակելով զեկույցներն ու դրանց շուրջ ծավալված քննարկումները: Նա վստահություն է հայտնել, որ այդ քննարկումներն այնուհետեւ կտեղափոխվեն կազմակերպության անդամ գործընկերների խորհրդարաններ, իսկ ընդունված փաստաթղթի բովանդակությունը` խորհելու տեղիք կտա պետությունների ղեկավարներին ու շահագրգիռ միջազգային կազմակերպություններին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին, առկա խնդիրներին, ԼՂ հակամարտությանը վերաբերող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների վերջին հայտարարությանը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հանդիպման ավարտին վեհաժողովի մասնակիցները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանում վեհաժողովի անցկացմանն աջակցելու համար` ընդգծելով, որ նման ընտրությունը պայմանավորված է եղել նաեւ տարածաշրջանի ընդհանուր վիճակով, մտահոգություններով ու գործընթացներով: «Մենք ձեր կողքին ենք, եւ արդարությունը ձեր կողմն է: Այն, ի վերջո, կհաղթանակի», – ասել է ՈՒՄՎ գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Խիտիրիս Տիլեմախոսը:

Դիտվել է 1612 անգամ:
Print Friendly

Leave a Reply