Միասնական քննություններն ավարտված են. 46 քսան միավոր և 6004 անբավարար

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 1, 2010 22:20

23 օր տևած քննաշրջանն արդեն անցյալում է: Միասնական քննությունների առաջին փուլն ավարտված է և բոլոր 10 առարկաների գնահատականներն ամփոփված են:

Ըստ այդմ` գրանցվել է 46 առավելագույն 20 միավոր (անցած տարի 185 դիմորդ է «20» ստացել) և 6004 անբավարար գնահատական: Այս տարվա 17 665 դիմորդներից առավելագույն 20 միավոր է ձեռք բերել միայն  դիմորդների 0,26%-ը:

Այս տարի 20 միավոր չի գրանցվել աշխարհագրությունից և ռուսերենից (անցած տարի նույնպես): Կենսաբանությունից քննություն հանձնած  1691 դիմորդից «20» են ստացել 2-ը (անցած տարի` 1-ը), ֆիզիկայից` 3870 դիմորդից`  9-ը (անցած տարի` նույնպես 9-ը), քիմիայից` 1255-ից  9-ը (անցած տարի` 2-ը),  ընդհանուր պատմությունից 481-ից` 1-ը (անցած տարի ոչ ոք), հայոց պատմությունից 3085-ից`  7-ը (անցած տարի` 44-ը),  հայոց լեզվից և գրականությունից  10754-ից`  2-ը (անցած տարի` 20-ը), օտար լեզուներից 8403-ից`  12-ը (անցած տարի` 107-ը), մաթեմատիկայից 8851-ից`  4 դիմորդ (անցած տարի` 2-ը):

Անբավարարների ամենամեծ տոկոսը գրանցվել է ֆիզիկայից` 27,24%, մաթեմատիկայից` 25,43%, կենսաբանությունից` 21,51%: Բողոքարկման արդյունքում գնահատականների բարձրացումից հետո անբավարարների թիվը 4,18%-ով կրճատվել է հայոց  լեզվից և գրականությունից` 10,89-ից դառնալով 6,80:

Միջին գնահատականը ամենացածրը մաթեմատիկայից է` 10,3, հաջորդում է ֆիզիկան` 10,5, կենսաբանությունը` 11: Ամենաբարձր միջին գնահատականը օտար լեզուներից է. Ֆրանսերենը` 14,6, գերմաներենը` 14,1, անգլերենը` 13,3:

Պատկերը գրեթե նույնն է եղել նաև անցած տարի` մաթեմատիկայի միջին գնահատականը եղել է 10,8, ֆիզիկայինը` 10,1, հայոց լեզու և գրականությանը` 11,4, անգլերենինը` 13,9:

Քննություններից հասարակական մեծ արձագանք առաջացրին հայոց լեզուն ու գրականությունը և մաթեմատիկան. հավանաբար պատճառն այն է, որ այս առարկաներից քննություն հանձնող դիմորդների թիվը մեծ է: Հայոց լեզվի և գրականության մասնագետները միաձայն պնդում էին, որ այս տարվա թեստերը անգրագետ են կազմված եղել, և դրանք լրացնելու համար պետք էր ոչ թե գիտելիք, այլ մեխանիկական հիշողություն:  Մաթեմատիկայի մասնագետներն էլ նշում  էին, որ թեստը ծավալուն է, և անգամ ամենախելոք երեխան չի կարող երեք ժամում լուծել բոլոր խնդիրներն ու պատասխանել բոլոր հարցերին:

Բնագիտական առարկաներից, չնայած արձանագրված ցածր գնահատականներին, բողոքներ շատ չեն եղել: Կենսաբանության կրկնուսույց Սուսաննա Զոհրաբյանի խոսքով, օրինակ, այս տարվա կենսաբանության թեստերն անցած տարվա համեմատ ավելի լավն են. չկան ոչ ծրագրային նյութեր, հարցերն էլ համեմատաբար հասկանալի են ձևակերպված:

Այս տարի ծնողները և դիմորդները  չեն դժգոհել օտար լեզվի թեստերից: Դիմորդները նշում են, որ չնայած թեստերում դժվար, երբեմն ոչ ծրագրային, երբեմն էլ անհասկանալի պահանջով հարցեր են եղել, սակայն օտար լեզվի թեստերը հաղթահարելի են գիտելիք ունեցողների համար: Սրան հակառակ` ԳԹԿ ներկայացուցիչները դժգոհ են հենց օտար լեզվի քննությունից` պատճառաբանելով, որ թեստերը հեշտ են և դիմորդների իրական գիտելիքները բացահայտելու հնարավորություն չեն տալիս:

Չնայած թեժ քննաշրջանին` այս տարի բուհ կընդունվեն բոլորը, ովքեր դրական գնահատական են ստացել. պետական բուհերին այս տարի հատկացվել է 18500 ուսանողական տեղ, մինչդեռ բուհերի դիմորդների  թիվը 17665 է` 835-ով պակաս:

Իսկ անվճար տեղերի համար մրցակցությունը պարզ կդառնա արդեն միասնական քննությունների լրացուցիչ փուլի և ներբուհական քննությունների ավարտից հետո:

Միասնական քննությունների լրացուցիչ փուլը, որին մասնակցելու իրավունք ունեն բանակից նոր զորացրվածները, սփյուռքահայերը, միասնական քննությունների հիմնական փուլից հարգելի պատճառով բացակայածները և  նրանք, ովքեր առաջին փուլում թեստերի Ա մակարդակից անբավարար են ստացել,  նախատեսված է հուլիսի 3-14-ը:

Դիտվել է 3127 անգամ:
Print Friendly

Leave a Reply