Իգոր Մուրադյան. «Քլինթոնի այցը քաղաքական չէ»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 1, 2010 15:17

Հիլարի Քլինթոնի այցից ոչինչ չի փոխվի,-  այսօր Դե ֆակտո ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Իգոր Մուրադյանը,- դա պարզապես փորձ է ցույց տալու, որ ԱՄՆ-ը Կովկասը չի հանձնել:

Քաղաքագետն ասում է, որ Նահանգները մտահոգված են այն ընկալմամբ, թե իրենք հանձնել են Արևելյան Եվրոպան կամ Կովկասը: «Թեպետ սա այնքան էլ ակնհայտ չի երևում, բայց այս այցի նպատակներից մեկն էլ հենց դա է,- ասաց նա,- որ դա այդպես չէ, որ մենք դեռ այստեղ ենք: Ահա, այդ ռեվերանսները նա պետք է անի թե Ադրբեջանին, թե Վրաստանին, և թե Ուկրաինային»:

Գլխավոր նպատակը՝ ըստ քաղաքագետի, պրոցեսի մեջ Ռուսատանին ներգրավելն է. «նրան դարձնել ոչ թե գործընկեր, այլ ուղղակիորեն ներքաշել պրոցեսի մեջ, որովհետև նրանք կարծում են, որ դրա համար շատ բարենպաստ պայմաններ են՝ անսկզբունքային պրեզիդենտ ունենալու պարագայում, որը անընդհատ ազդանշաններ է ուղարկում Եվրոպա, որ ես պատրաստ եմ համագործակցել ձեր հետ»:

Ըստ առաջնայնության՝ այցելության երկրոդ խնդիրը նպատակ է հետապնդում Թուրքիային ասելու, որ ամեն ինչ կորած չէ, և դեռ կարելի է գտնել ընդհանուր դաշտ, որտեղ ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը կհամընկնեն: «Բայց որտե՞ղ է այդ դաշտը,- հարցնում է Մուրադյանն ու պատասխանում,- Աֆղանստանը՞, չկա այդ դաշտը: Մնում է Կովկասը, և նրանք էլ ասում են, որ կարող ենք հասկանալ ձեզ ու ձեր շահերը»:

Մեծ ութնյակի հայտարարությունը՝ ըստ քաղաքագետ Իգոր Մուրադյանի, միտված է գործընթացը կոնսերվացնելու: «Սակայն, եթե Հայաստանը չկոնկրետացնի իր հարաբերությունները կողմերի հետ, այն կարող է շատ վտանգավոր հետևանքների հանգեցնել,- ասում է նա, – որովհետև քաղաքական մեխանիկան այնպիսին է, որ ամենանպաստավոր իրավիճակն էլ կարող է շրջվել վտանգի»:

Մուրադյանն ասում է, որ հունիսի 18-ի բանդիտական հարձակումից և  Կանադայում արված խայտառակ հայտարարությունից հետո Նալբանդյանը գնում է Ղազախստան բանակցությունների. «Մեծ Եռյակից ոչ մեկին չի ասվել, որ դա մեզ համար մահ է, աղետ»:

«Առայժմ գնում ու ասում են այո,- ասում է քաղաքագետը,- 10,12,16 տարի է այո են ասում: Բայց միջազգային հանրությունը առաջարկել է լուծման սխեմա, և կա սխեմայի գագաթը. Եռյակի հայտարարարությունը: Եվ կգա ժամանակ, որ մեր իշխանություններ այլևս հետ չեն կարող կանգնել, որովհետև անընդհատ այո ասելուց հետո, ոչ ասելի չի կարելի: Հո ներկայացում չի՞, խմբավորում, կամ ինչ-որ կորպորացիա: Պետություն է »:

Ըստ քաղաքագետի՝ ամերիկացիներն ու ռուսները կարող են գնալ խնդիրը Մադրիդյան սկզբունքներով լուծելու ճանապարհով, որը հայերի համար կործանում է: «Ամերիկացիները կարիք ունեն ցուցադրելու, որ լոյալ են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ,- ասում է նա,- և, նրանք ժամանակ  շահելու խնդիր ունեն այնքան, մինչև կլուծվի Աֆղանստանի հարցը: Իսկ ռուսների համար էլ կլուծվի Ադրբեջանցիների հետ մերձեցման խնդիրը»:

Մուրադյանն ասում է, որ պրոցեսը դեռ կարելի է կանգնեցնել, սակայն հարց է, թե ով պետք է կանգնեցի այն: «Խորհրդարա՞նը, կուսակցություննե՞րը, քաղաքացիական հասարակությու՞նը, թե՞ ղարաբաղյան հանրությունը,- հարցնում է նա ու պատասխանում,- Չկան այդպիսի բաներ, հասկանո՞ւմ եք: Դա պետք է անի ընդդիմությունը, որը նստել և սպասում է, մինչև որ ամեն ինչ տեղի կունենա: Իշխանությունները կնշանակեն կատաստրոֆայի օրը, և նրանք կվերցնեն իշխանությունը:Ահա և վերջ»:

Դիտվել է 2350 անգամ:
Print Friendly

Leave a Reply