3,5 մլրդ դրամ ճանապարհների վերականգնման համար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 1, 2010 15:14

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 3  մլրդ 571 մլն 614 000 դրամ է հատկացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` բնածին և տարերային աղետների հետևանքով սողանքի ենթարկված և փլուզված ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական հսկողության, հեղինակային հսկողության և նախագծային աշխատանքի կատարման համար։ ՀՀ վարչապետը նշելով, որ հորդառատ տեղումները աննախադեպ իրավիճակ են ստեղծել հանրապետությունում. ուշադրություն է հրավիրել կատարվող աշխատանքի որակի վրա, միաժամանակ նշել է ամռան բարենպաստ եղանակն արդյունավետ օգտագործելու և տարերքի հետևանքը հնարավորինս վերացնելու կարևորությունը։

Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը և 113 մլն  դրամ հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` ՀՀ մարզերում 2010թ. մարտի 15-ին և 16-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով դպրոցական շենքերի տանիքներին պատճառված վնասի վերականգնման նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ կարևորել է նշված աշխատանքը մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը` ս.թ. սեպտեմբերի 1-ը ավարտելու անհրաժեշտությունը։

Գործադիրը որոշել է «ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2010թ. հուլիսի 1-ից մինչև 2010թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով որոշակի ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013թ. հուլիսի 1-ը։ Ընկերությունը, որը միջազգային բեռնափոխադրումներ է կազմակերպում դեպի ԱՊՀ և Եվրոպայի երկրներ, նախատեսում է Հայաստանից թարմ մրգեր արտահանել նշված ուղղություններով։ Ծրագրով նախատեսվում է կատարել մոտ 11 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ստեղծել առնվազն 150 նոր աշխատատեղ։

ՀՀ օրենսդրության համաձայն կառավարությունը որոշել է իր պահուստային ֆոնդի հաշվին Շիրակի մարզպետարանին հատկացնել 15 մլն 861 հազար դրամ, Լոռու մարզպետարանին` 14 մլն 616 հազար դրամ, Շիրակի Սարակապ, Արևշատ և Նոր Կյանք, Լոռու Սպիտակ և Վանաձոր համայնքներում «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ դպրոցական շենքերի հիմնանորոգման և նոր մասնաշենքների կառուցման աշխատանքները սահմանված ժամկետից շուտ` 2011թ. սեպտեմբերի 1-ին ավարտին հասցնելու համար։

Կառավարությունը որոշել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով 2010թ. սեպտեմբերի 11-17-ը Կոտայքի մարզում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում և Արզնի քաղաքի շրջակայքում «Արմենիա 2010» փրկարարական դաշտային վարժանք անցկացնելու նպատակով նախարարությանը հատկացնել 101 մլն 308 հազար դրամ։ Վարժանքին, որի ֆինանսավորումն իրականացնելու են ՆԱՏՕ-ն, գործընկեր երկրները և ՀՀ-ն, մասնակցելու է 1000-ից 1200 մարդ։

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply