Թռիչքներ արթմնի. յուրաքանչյուր մարդ կարող է թռչել, եթե…

Շաբաթվա լուր | | July 4, 2009 13:43

ՕդապարիկՀրամանատարը պարաշյուտիստներին հրաման տվեց` հագնել պարաշյուտներն ու շարք կանգնել: Երկու հրահանգիչ կանայք ստուգեցին յուրաքանչյուրի հագուկապը.
«Ձեռքերը բարձրացնել վեր, թևին ժամացույց, շղթա կա՞, կոշիկների կապերը կապվա՞ծ են,-լսվեց պարաշյուտադեսանտային ծառայության պետ, կապիտան Քրիստինե Իլիկչյանի ձայնը:-Հիմա բոլորիդ անուն-ազգանունները կարդում եմ, հերթով ներկայանալ, առաջին անգամ թռչողներն էլ…»:

ՈւղղաթիռՈւղղաթիռը միացրեց շարժիչը:

Դավիթն ու Կարապետն առաջին անգամ պետք է թռչեն։ Ոմանք երկրորդ անգամ են թռչում, ոմանք` երրորդ: Նրանց պես յուրաքանչյուրը, վճարելով թռիչքի համար 20 հազար դրամ, կթռչի պարաշյուտով (15 հազարն ուղղաթիռի կերոսինի գինն է)։

Ուղղաթիռը բարձրացավ օդ: Պարաշյուտիստները լուռ նստած են իրար կողք, նրանք ավելի անհանգիստ են: Ուղղաթիռը 800 մետր բարձրության վրա է, խոսքին փոխարինում է ժեստերի լեզուն: Հրահանգիչը բացում է ուղղաթիռի դուռը, պարաշյուտիստները մոտենում են դռանը` ձախ ոտքն առաջ, ու կապույտի մեջ կորչում (պարաշյուտը բացվում է ինքնուրույն` թռչելուց 3 վայրկյան հետո։ Սպորտային պարաշյուտը ձեռքով է բացվում, սակայն դրանով թռչել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ մարզիկը կարողանում է իրեն վստահ կառավարել օդում և ունի 100-ից ավել թռիչք):
Դռանն են մոտենում Դավիթն ու Կարապետը: Թռչելուց առաջ հրահանգիչն աքացի է տալիս. պարաշյուտիստների ավանդույթն է, հարվածը, ինչպես հրահանգիչները բացատրեցին հետո, նշանակում է` «թող քո կյանքում սրանից ուժեղ հարված չստանաս»: Նրանք էլ են կորչում երկնքի լազուրում:

9Իսկ ներքևում կանգնած հետևող մյուս հրահանգիչներին ու ընկերներին այդպես էլ հասանելի չեն օդում լսվող նրանց ձայները. «Աաաաա~~~~~~~~~…… տղե~~~~րք, ո՞՞՞՞նց եք….»:
Վայրէջքն եղավ Արզնիի ռազմական օդանավակայանում, որտեղից էլ ուղղաթիռը բարձրացել էր։

«Գիտեի, որ թռիչքի պահին մի քանի վայրկյան քամուց աչքերս կփակվեն, միայն դրա համար եմ ափսոսում, որ բաց աչքերով չզգացի ազատ անկումը,-երկիր իջնելուց հետո ասում է Դավիթը,-ոնց որ երազում լինեի: Մինչև գիտակցեցի, որ օդում եմ, ու սկսեցի հաճույք ստանալ տեսարանից, արդեն վայրէջք պետք է կատարեի»:

«Չեմ կարող բառերով նկարագրել` ինչքան լավ զգացողություն էր,-հիացած ասում է Կարապետը,-ավելի շուտ մի բառով կասեմ` առաջին սեքսը սրա դիմաց ոչինչ էր»:
2002-ին պարաշյուտի հին և նոր մարզիչները ստեղծեցին պարաշյուտային սպորտի ֆեդերացիա սպորտաձևը զարգացնելու նպատակով, որի շնորհիվ թռիչքի հնարավորություն ունեցան ոչ միայն հայերը, այլև էքստրիմ սիրող տուրիստները:

Իսկ Հայաստանում պարաշյուտային սպորտաձևը գոյություն ունի 65 տարի:

Պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի նախագահ, փոխգնդապետ Արմեն Իլիկչյանը Հայաստանի ամենաշատ թռիչքներ ունեցողն է՝ 4883: Պարաշյուտային սպորտով զբաղվում է 16 տարեկանից: Մինչև այսօր թռած ամենամեծ բարձրությունը 6000 մետրն է:

Թոիչք«Արտասահմանցիների խելքը գնում է Հայաստանի սարերի համար, իսկ մենք մեր սարերի գեղեցկությանը սովոր ենք,-ասում է Արմեն Իլիկչյանը։ Նա ասում է, որ այսպիսի էքստրեմալ տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ են հարթ տարածություններ, որոնցից քիչ կա Հայասաստանում, և ֆինանսներ, որ պարաշյուտներ գնեն։ Սպորտային պարաշյուտները հիմա գնում են Ռուսաստանում, հատը` 5000 դոլարով:
Արմեն Իլիկչյանն ասում է, որ սարերում էլ կարող են թռչել տուրիստները, բայց «երկինքն ամենքինը չէ»: Այս սպորտաձևով զբաղվելու համար ցանկությունից բացի համարձակություն է պետք: Առաջին անգամ կյանքում հայտնաբերում ես, որ մի տարածության մեջ ես, ուր բռնվելու տեղ չկա: Միգուցե մարդ գետնի վրա շատ խիզախ է, բայց երկնքից կարող է վախենա:

Թռչել թույլատրվում է 16 տարեկանից մեծ անձանց: Ցանկացողները նախ պետք է գրանցվեն ֆեդերացիայում, ռազմական հոսպիթալում անցնեն բոլոր օրգանների բժշկական ստուգում (բժշկական ստուգումն արժե 78 000 դրամ, որն անվճար իրականացնում է Պաշտպանության նախարարությունը) և բժիշկի թույլտվությունից հետո միայն նախապատրաստվեն թռիչքի: Գլխավորը սրտի աշխատանքն է, զարկերի քանակը պետք է լինի 72-80, արյան ճնշումը՝ 120-80:

Առաջին թռիչքն ունեցող ամենատարեց թռչողը եղել է 66 տարեկան` մի կին Արա գյուղից։
Իլիկչյանն ասում է, որ թռիչքի թույլատրման համար ճնշումը կարող է ավելի բարձր կամ ցածր լինել. «Պատահել է, որ մարդու օրգանիզմի համար 180 ճնշումը նորմալ է եղել, ու նա այդպես էլ թռել է,-ասում է նա,-չի թույլատրվում թռչել սուր սրտանոթային, նյարդային շեղումների դեպքում»:

Մի ամբողջ օր պարապելուց հետո, երբ մարդը համապատասխան քննություն է տալիս ու արդեն պատրաստ է թռիչքի, բժշկուհին կրկին ստուգում է ճնշումը, նայում` հո մրսա՞ծ չի, որ հետո ականջները չցավեն կամ թոքերի բորբոքում չստանա: Շատերի օրգանիզմում որևէ վտանգի դեպքում, ինչպես նաև թռիչքի ժամանակ, կարող են սպազմներ առաջանալ: Այդ սպազմների հետևանքով թռիչքից 2 ժամ հետո բացահայտվում են մարդու թաքնված հիվանդությունները, որոնք իրենց զգալ կտային գուցե մի քանի տարի անց միայն:

ՈւղաթիռումԱղջիկներին չի թույլատրվում հղի վիճակում թռչել: Եթե իգական սեռի ներկայացուցիչը թռչելու ցանկություն ունի, պետք է հրաժարվի մինչև թռիչքն արևի տակ կարճ շրջազգեստով երկար ման գալուց, հակառակ դեպքում հետո չի կարողանա պարաշյուտ հագնել, քանի որ պարաշյուտի ամրագոտիները կմրմռացնեն արևահարված ոտքերը, որի պատճառով օդում մարմինը դժվար կկառավարվի: Աղջիկները թռիչքի ժամանակ չպետք է շպարված լինեն. օդի հոսանքից թարթիչը կարող է մտնել աչքը:

«Այս սպորտաձևում ամենադժվարն աղջիկների հետ աշխատելն է, քանի որ շատ էմոցիոնալ են, ռոմանտիկ, բայց և հեշտ է, քանի որ տղաներից խստապահանջ են, պարտաճանաչ, ավելի լավ ու հեշտ են սովորում»,-ասում է Իլիկչյանի կինը` Քրիստինան:

Ֆեդերացիան պատասխանատվություն չի կրի, եթե պարաշյուտով թռչողը սխալ վայրէջքի հետևանքով կոտրվածք կամ այլ վնասվածք ստանա։ Իլիկչյանն ասում է, որ 2 անգամ պայմանագիր են կնքել ապահովագրական կազմակերպությունների հետ` գումար վճարելով` ֆեդերացիայի անդամների առողջությունն ապահովագրելու համար, բայց այդ կազմակերպություններն «անհետացել են» (չցանկացավ մասնավորեցնել` ինչպես): Իսկ Հայաստանից դուրս ապահովագրումն այնքան թանկ արժե, որ չեն անում։ Արտասահմանցի տուրիստները գալիս են` առողջությունն արդեն ապահովագրած:
Պարաշյուտով թռչողին տրվում է թռիչքի մասին վկայական, իսկ եթե թռչողն անդամագրվում է ֆեդերացիային, ապա նրան տրվում է ֆեդերացիայի անդամ լինելու փաստաթուղթ, որը Ռուսաստանի պարաշյուտիստների ֆեդերացիայում թռչելիս տալիս է զեղչի հնարավորություն:

ՎայրէջքՖեդերացիայի հիմնադիր 10 անդամներից Լարիսա Սարգսյանը 8-րդ դասարանից թռչում է, ու իր կոլեգաների պես` ծնողներից թաքուն: Հիմա էլ որպես հրահանգիչ ինքն է սովորեցնում ուրիշներին:
Սարգսյանը պարաշյուտ վերանորոգելու վարպետ է. ժամանակին կարում էր հին պատռված պարաշյուտները: Իսկ հիմա, երբ նախկին պարաշյուտներին փոխարինում են թռչունի թևի նման նորերը, էլ չի կարում:
«Ամենահեշտ թռիչքն առաջինն է, ամենադժվարը` երկրորդը,-պատմում է ֆեդերացիայի հիմնադիր 10 անդամներից Լարիսա Սարգսյանը,-առաջինի ժամանակ չես հասկանում` ինչ է քեզ սպասում, իսկ երկրորդի ժամանակ արդեն ունես առաջինի փորձը, ու հենց երկրորդի վախն է, որ հաճույք է առաջացնում ու քեզ նորից բերում երկինք»։

Դիտվել է 2803 անգամ:
Print Friendly

Leave a Reply