Ըստ հոգեբանի` իրականությունը բարոյալքող է ադրբեջանական բանակի համար
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | July 1, 2010 13:50
Պատերազմի վտանգն այս պահին ակնառու է, վտանգն ավելին է, քան երբևէ: Բայց սա չի նշանակում, որ զարգացումներն անպայման կտանեն դեպի պատերազմ: Պարզապես պետք է սթափ գնահատել իրավիճակը. Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական հոգեբան, ՊՆ առնթեր հասարակական խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը:
Անդրադառնալով ադրբեջանական դիվերսիայի դրդապատճառներին, Ջամալյանն ասում է, որ նմանատիպ դիվերսիոն գործողությունները պետք է շատ հստակ նպատակ և պատճառ ունենան: Հոգեբանը դիվերսիոն գործողության երկու դրդապատճառ է առանձնացնում:
Առաջինը` գործողության նպատակն էր հենակետ գրավել, ինչը ձախողվել է. Ադրբեջանցիներն անկազմակերպ նահանջել են: «Ուշագրավ է, որ հարձակվող կողմը եղել է 20 հոգի, հենակետը պաշտպանել են 12-13 զինվորներ, որոնցից 4-ը սկզբից զոհվել են, 4-ը վիրավորվել: Հայկական ջոկը ծանր կորուստներ ունենալով շարունակել է մնալ մարտական միավոր, ինքնակազմակերպվել է և հակառակորդին հետ մղել»,- ասում է Ջամալյանը` հավեվելով, որ սա ցույց է տալիս հայկական բանակի մարտունակությունը:
Ջամալյանի խոսքով դիվերսիոն գործողությունն իր մեջ միշտ պարունակում է անսպասելիության տարր և հայկական կողմի զոհերն արդյունք էին այս անսպասելիության: «Կարևոր է, որ հանկարծակիի գալուց հետո խուճապի չեն մատնվել, այլ կազմակերպված դիմադրություն են ցույց տվել»,- ասում է Ջամալյանը:
Որպես դիվերսիոն գործողության 2-րդ հնարավոր նպատակ Ջամալյանը մատնանշում է դիվերսիոն գործողության հիմքում առկա քաղաքական դրդապատճառները.Ալիևը ինչ-որ մեկին ինչ-որ բան էր ուզում ապացուցել:
Հոգեբանն ասում է, որ բանակի էլիտար ստորաբաժանումը գործի է դրվում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. նման ստորաբաժանման ամեն մի զինվորի պատրաստումը տարիներ է տևում և ահռելի գումարներ է պահանջում, և քաղաքական նկատառումներից ելնելով հատուկ ստորաբաժանմանը կրակի բերան տանելն ընդունված չէ:
«Սպանվել է 1 ադրբեջանցի զինծառայող և բնական է, որ ադրբեջաննական զինված ուժերում հարց կառաջանա, թե ինչու է զոհվել իրենց մարտական ընկերը: Իրականությունը բարոյալքող է. նախագահ Ալիևի քաղաքական կապրիզի պատճառով-ասում է Ջամալյանը:- Այստեղ հետևությունը կարևոր է. Ադրբեջանում ցանկակցած զինծառայող կարող է դառնալ իրենց գլխավոր հրամանատարի կապրիզի զոհը, սա շատ բարոյալքող հանգամանք է»:
Ջամալյանի խոսքով ադրբեջանցիները փրփուրներից են կախվում` որպես հաջողություն նշելով, որ հայկական կողմը 4 զինվոր է կորցրել:
«Իրենց բանակի օրվա նախօրեին է կազմակերպվել դիվերսիոն գործողությունը և իրենց հաջողություն էր պետք: Անգամ եթե հենակետ գրավելու հրաման չունենային, միևնույն է, կգրավեին, եթե կարողանային դա անել»:






Facebook
Tweet This
Email This Post
